Հայերեն   English   Русский  

​Երբ սիրտն ուզում է


  
դիտումներ: 2357

Յուրաքանչյուր ոք հաճախ այս կամ այն մթերքի նկատմամբ հակում է նկատում: Երբեմն դա շատ տարօրինակ ժամանակ է առաջանում ու այնպիսի մթերքի դեպքում, որը նախկինում գուցե երբեք չեք էլ սիրել: Եթե մի գավաթ սուրճ եք ցանկանում խմել շոկոլադի սալիկով՝ զարմանալու բան չկա, իսկ եթե, չգիտես ինչու, հանկարծ, ասենք, մի գդալ կավ ուտելու կամ սառույց կրծելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում, ապա այդ քայլը հստակ հուշում է՝ օրգանիզմին ինչ-որ բան է պակասում ու նման տարօրինակ մղումներով ցանկանում է լրացնել այդ բացը:

Մեծերն իզուր չէ, որ ասում, են՝ եթե ցանկություն ունես, կեր, օրգանիզմդ է ուզում:

Ուրեմն, ինչից է կավ ուտելու ցանկություն առաջանում

Եթե մի բուռ հող կամ կավ ուտելու ցանկություն է առաջանում, ապա օրգանիզմն այդ կերպ փորձում է ազատվել թույներից: Երբ հղին է նման ցանկություն ունենում՝ դա այնքան էլ չի զարմացնում այն իմաստով, որ գիտենք՝ հղիները գաստրոնոմիական տարօրինակ նախընտրություններ են ունենում:

Մենք իհարկե չենք տեսել, սակայն տեղեկություն կա, որ 1990-ականներին որոշ երկրներում անգամ վաճառքում է հայտնվել այդ անսովոր «խորտիկը», իսկ պատճառն այն է, որ մեծ քաղաքներում ուտելու համար պիտանի «մաքուր հող» ճարելը հեշտ չէ:

Ի դեպ, դա որոշ մասնագետների դրդել է այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կատարել, իսկ արդյունքը եղել է այն, որ նրանցից ոմանք իսկապես վստահեցնում են, որ հողն օգնում է օրգանիզմը մաքրել թույներից: Նախկինում կարծիք կար, որ հող ու կավ ուտում են միայն մարդիկ ու արա տեսակի թութակները, սակայն ուսումնասիրություններով պարզվել է, որ այդ «խոհանոցը» հավանում են նաև այլ կենդանիներ, հատկապես՝ մրգերի հասունացման շրջանում, քանի որ խակ, չհասունացած պտուղներում ու հատապտուղներում մեծ քանակությամբ թունավոր ալկալոիդներ են պարունակվում: Օրինակ՝ խակ կարտոֆիլն ուտելի դարձնելու համար, որը, ի դեպ, դառն ու թունավոր գլիկոալկալոիդ սոլանին է պարունակում, անհրաժեշտ է շաղախել կավահողով, որպեսզի՝ դրա թույներն ու դառնությունը չեզոքանան:

Եթե լոբազգիներ կամ բրինձ եք ցանկանում ուտել, ապա դա հուշում է, որ սպիտակուցների պակաս կա: Որոշ ամինաթթուներ, ինչպիսին, ասենք, լիզինն ու մեթիոնինն են, օրգանիզմն ինքնուրույն չի կարողանում արտադրել, այդ պատճառով էլ սննդից է ստանում: Լիզին են պարունակում լոբազգիները, իսկ մեթիոնինով հարուստ են ցորենը, բրինձը, եգիպտացորենը: Ուրեմն, եթե մեծ ցանկություն է առաջանում ուտելու նշված մթերքներից մեկը կամ մյուսը, ապա օրգանիզմը պրոտեինի անբավարարություն է զգում:

Աշխարհի շատ խոհանոցներում են հանդիպում ճաշատեսակներ՝ համադրված հացահատիկով ու լոբազգիներով, նախ դրա պատճառն այն է, որ այս համադրությունը հրաշալի փոխարինում է մսին, երկրորդ՝ շատ համեղ է ստացվում:

Եթե սիրտը կծու է ուզում, կնշանակի օրգանիզմը հովանալու կարիք ունի:

Նկատած կլինեք, որ շոգ երկրներում սիրում են կծվահամ ուտելիքներ, դա բացատրվում է այն հանգամանքով, որ սուր համեմունքները, հատկապես՝ չիլի տաքդեղը, ակտիվ քրտնարտադրություն են առաջացնում՝ օրգանիզմը պաշտպանելով գերտաքացումից: Կծու մթերքներում պարունակվող կապսացին ալկալոիդը խթանում է բերանի ու քթի խոռոչի այն ընկալիչները, որոնք պատասխանատու են ջերմակարգավորման համար: Հենց դրանք են ստիպում մարդուն քրտնել՝ այդ կերպ ազատվելով ավելորդ ջերմությունից:

Կաթով թեյը փրկում է տանիններից

Հակառակ բազմաթիվ գովազդային հոլովակների, սև թեյն այնքան էլ անվնաս ըմպելիք չէ: Դրանում, ինչպես և սուրճի մեջ, ֆենոլային միացություններ՝ տանիններ են կան, որոնք այդ ըմպելիքներին դառը համ ու տտիպություն են հաղորդում, նպաստում են մարսողական տրակտի մաքրմանը: Օրգանիզմի արձագանքը տանինի նկատմամբ միանման չի լինում, օրինակ՝ առավոտյան մի գավաթ թունդ թեյը կարող է սրտխառնուք առաջացնել: Բարեբախտաբար թե՛ թեյի և թե՛ սուրճի դառնահամը կարելի է կոտրել ու ստամոքսն այդ կերպ պաշտպանել տանինների ակտիվությունից՝ դրանց մեջ կաթ ավելացնելով:

Սառույց՝ տեղային ցավազրկման համար

Օրական սննդաբաժնում սառույց կիրառելու ցանկություն ունենում են այն մարդիկ, որոնք անեմիա ունեն: Բնականաբար, սառույցն ինքնին երկաթի պակասը չի լրացնում, սակայն որոշ դեպքերում իսկապես օգնում է. երկաթի անբավարարության պարագայում օրգանիզմում բորբոքային պրոցեսներ են սկսվում, որոնք ուղեկցվում են բերանի խոռոչում ցավի զգացումով: Սառույցը հիմնական խնդիրը, բնականաբար, չի լուծում, չի բուժում, սակայն զգալիորեն նվազեցնում է ցավը: Ուրեմն, եթե ժամանակ առ ժամանակ սառույց կրծելու ցանկություն է առաջանում, ապա գուցե սկսեք օրաբաժնում երկաթ պարունակող ավելի շատ մթերքներ ներառել:

Կոճապղպեղի պահանջը սրտի հետ կապված խնդիրներ է մատնանշում

Կոճապղպեղը բուսական ծագման թերևս ամենաօգտակար համեմունքներից է: Այն օգնում է սրտխառնուքի նոպաների պարագայում, վերացնում է հազն ու օգնում գլխացավի դեպքում:

Այդուհանդերձ, եթե նույնիսկ թվարկված ախտանշանները չկան, միևնույն է, լինում են մարդիկ, որոնք կոճապղպեղ օգտագործելու մեծ ցանկություն են ունենում: Որոշ հետազոտություններով պարզվել է, որ կոճապղպեղը նվազեցնում է արյան մակարդելիությունը, ինչը կարող է սրտային նոպաների պատճառ դառնալ, ամրացնում է սրտի մկանները և նվազեցնում արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այդ հրաշալի հատկությունների շնորհիվ այն կարելի է օգտագործել որպես կանխարգելիչ միջոց:

Սուրճ՝ ցավազրկողի փոխարեն

Եթե կոճապղպեղ գործածելուց հետո միգրենը չի անցնում, ապա կարելի է սուրճ խմել. կոֆեինը նույնպես օգնում է գլխացավի դեպքում ու անգամ կարող է կանխել դրա առաջացումը: Որոշ բժիշկներ խոսում են հաճախակի սուրճ գործածելու վնասների մասին, մյուսները՝ վստահեցնում, որ օրական կարելի է 2 գավաթ սուրճ խմել՝ առանց վտանգելու առողջությունը: Սուրճն օգնում է վերացնելու ֆիզիկական դիսկոմֆորտը, բացի այդ, սուրճը բնական խթանիչ է անկումային վիճակների վաղ փուլերում: Որոշ տվյալներով, որքան էլ տարօրինակ է, շատերն են սուրճի օգնությամբ առողջ քուն ապահովում: Մարդու օրգանիզմը սովորում է որոշ քանակության կոֆեին ընդունելուն, ու սուրճից հրաժարման դեպքում կարող է նույնիսկ քնի խանգարում առաջանալ:

Առանց շոկոլադի չեմ պատկերացնում կյանքս

Ժամանակին, երբ նոր էր աշխարհով մեկ շոկոլադի հաղթական երթը սկսվել, այն այնքան էլ այսօրվա պատկերացմամբ շոկոլադին նման չէր: Կակաոն դառնահամ էր տալիս այդ մթերքին, ու արիստոկրատները հաճախ դժվարությամբ էին խմում այն: Դա շարունակվեց այնքան ժամանակ, մինչև հրուշակագործները գլխի ընկան, որ դրան կարելի է շաքար ավելացնել, իսկ Ամերիկա մայրցամաքի բնիկները վաղուց էին շոկոլադին տարբեր քացրահամ բաղադրիչներ ավելացնում: Ավելի ուշ եվրոպացիները ստեղծեցին շոկոլադի ու կաթի համադրությամբ բաղադրությունը: Ու այդ պահից սկսած՝ աշխարհը վարակվեց շոկոլադացավով:

Որոշ մասնագետներ այդ «տենդը» բացատրում են կակաոյի հատիկներում պարունակվող ֆենիլէթիլամինով: Դա քիմիական նյութ է, որն արտադրվում է մարդու ուղեղում սիրահարության կամ երջանկության պահին: Ոմանք էլ դա կապում են անանդամիդի հետ՝ կանաբինոլի նմանակի, որը մարիխուանայի հոգեակտիվ բաղադրիչ է համարվում: Այդ նյութն այլ կերպ անվանում են «երանության մոլեկուլ», այն բարձրացնում է տրամադրությունն ու վերացնում հոգնածությունը, չնայած մասնագետները նշում են, որ եթե մարդը ցանկանում է մարիխուանային նման ազդեցության հասնել, ապա պետք է առնվազն մեկ կգ շոկոլադ ուտի: Բացի անանդամիդից ու ֆենիլէթիլամինից, կակաոյի հատիկներում նաև թեոբրոմին կա, նյութ, որը նման է կոֆեինին ու կարող է անգամ կախվածություն առաջացնել:

Թե ինչու են մարդիկ շոկոլադ սիրում, դեռ գիտնականները պետք է պարզեն, քանի որ դրանում շուրջ 380 ակտիվ նյութ կա: Սակայն մի՞թե դա է կարևորը: Վայելեք այդ քաղցր սալիկը ու երջանիկ զգացեք, եթե դա է ջերմացնում ձեզ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: