«Շարժում 1988/25». իրականության բազմադեմ արտացոլանքը
«Այն, ինչ ունենք Հայաստանում այսօր, սկիզբ է առել 1988 թվականին՝ և՛ լավը, և՛ վատը: Բոլոր նրանք, ովքեր երբևէ ուզում են այս երկրում իշխանության գալ, լավ կանեն ուսումնասիրեն նորագույն պատմությունը»,- գրքի առաջաբանում գրել է գրքի նախաձեռնող, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, որ նման գիրք ստեղծելու անհրաժեշտությունը զգացել է հատկապես այն ժամանակ, երբ հասկացել է, որ իր երիտասարդ գործընկերներից շատերն անտեղյակ են պատմությանը:
«Իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր»,- ասում է «Ղարաբաղ» շարժման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը:
Նա խոստովանում է, որ կյանքի ամենամեծ հոգեկան վերելքն ապրել է, երբ հանրահավաքում իր առաջին ելույթի ժամանակ հարյուրհազարավոր աչքեր է տեսել. «Չնայած ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, և մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ո՛չ մշտական բարեկամ ունենք, ո՛չ էլ մշտական թշնամի»:
Միաժամանակ որքան էլ ժողովրդի ընդվզումը ոգևորիչ էր, նույնքան էլ անհանգստացնող էր, քանի որ առաջնորդներից պահանջում էր մտածված քայլեր. «Պետք էր կառավարել մարդկային էմոցիաները, դրանք տանել անհրաժեշտ ուղղությամբ, իսկ դա երբեմն դժվար է»,- ասում է նա:
Մանուկյանի խոսքով՝ շարժմանը պետք էին մարդիկ, ովքեր կկարողանային «մաթեմատիկական հաշվարկներ» կատարել և գիտակցել, թե ինչ է կատարվում աշխարհում: «Երբ հուզական շարժման մեջ ներգրավվում են ռոմանտիկները, ապա ծայրահեղ հայրենասիրությունը կարող է նաև կործանարար լինել: Միաժամանակ, եթե չկա իդեալիզմ, պրագմատիզմը քաղաքականության մեջ շատ արագ վերածվում է ցինիզմի»:
Հետ նայելով` նա նաև իր անձնական սխալներն է տեսնում, որոնք ինչ-որ կերպ ազդել են այս կամ այն դեպքերի վրա: Բայց չի կարծում, որ ազգային-պետական տեսանկյունից սխալ որոշումներ են կայացրել: «Իհարկե, սա չի վերաբերում տնտեսական քաղաքականությանը, քանի որ հանցագործության հասնող սխալ որոշումներ են կայացվել այս ոլորտում: Այս հարցում ինձ քիչ եմ մեղադրում, քանի որ կարճ ժամանակ եմ եղել կառավարության ղեկավար: Իմ օրոք իրականացվել է միայն հողի սեփականաշնորհում, որը պետք է շարունակություն ունենար: Շատ սխալ է ընթացել արդյունաբերության սեփականաշնորհումը. ի սկզբանե դեմ էի վաուչերներին: Կարծում եմ, եթե չլինեին այդ սխալները, երկիրն այսօր ավելի լավ վիճակում կլիներ»:
Իսկ մերօրյա կյանքի չարիքը Վազգեն Մանուկյանը համարում է ընտրություններն ու քաղաքական միջավայրը. «Քաղաքականության մեջ հայտնվում են մարդիկ, որոնց հիմնական նպատակը փող աշխատելն է և իշխանության հասնելը: Մենք ունենք չավարտված պատերազմ և չավարտված ժողովրդավարության գործընթաց: Երբ այս հարցերը լուծված լինեն, կարևոր չէ, թե ով կգա իշխանության»,- ասում է նա:
Ի՞նչ է ասում շարժման մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը. «Ժողովուրդն ընդվզեց ոչ թե խորհրդային համակարգի դեմ: Ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նպատակն էր ԼՂԻՄ-ի միավորումը Հայաստանի ԽՍՀ-ի հետ»:
Սակայն հետո համակարգի դեմ պայքար ծավալվեց, երբ կենտրոնը սկսեց ուժային մեթոդներով ճնշել Ղարաբաղյան շարժումը` ակտիվիստների ձերբակալություններ, ամբողջ գյուղերի դեպորտացիաներ և այլն:
Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ խորապես գիտակցում էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի, բայց անսպասելի էին գործընթացի պայթյունային բնույթը և մարդկանց ներգրավվածության ծավալները: «Դա քնած հրաբխի ժայթքում էր հիշեցնում»:
«Սկզբում մարդկանց միավորեց Ղարաբաղը, հետո ավելացան արդարության, ժողովրդավարության գործոնները, սակայն ժողովրդին հրապարակում պահում էին ոչ թե այդ գործոնները,- ասում է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:-Այն, որ ժողովուրդն այդքան ժամանակ շարժմանը հավատարիմ մնաց, պայմանավորված էր նրանով, որ մենք ստացանք նոր որակի մարդ, ժողովուրդ, ազգ: Ղարաբաղյան շարժման մեր բարձրագույն ստեղծագործությունն այդ մարդն էր և այդ ժողովուրդը»:
«Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, Հայաստանի անկախացումից հետո ՀՀ Ազգային անվտանգության նախարար Դավիթ Շահնազարյանն էլ համոզված է, որ շարժումը մեր ժողովրդի, ողջ հասարակության գիտակցական, ազգային ու քաղաքական զարթոնքն էր և նաև ինչ-որ իմաստով հնարավորությունն էր իրական կյանքում ոչ միայն ազատորեն արտահայտելու, այլև կիրառելու արժեքների այդ համակարգը:
Նա հիշում է, որ հետագայում ԽՍՀՄ այլ հանրապետություններում նույնպես սկսեցին ձևավորվել նման շարժումներ, սակայն Հայաստանն անվիճելի առաջամարտիկն էր, և Բալթյան երկրներից գալիս էին ծանոթանալու մեր փորձին: «Շարժումն ուներ բարձր քաղաքական հասունություն, ինչն ապագայում թույլ տվեց խուսափել արյունալի բախումներից և Մոսկվայի կողմից կազմակերպվող սադրանքներից»,-ասում է նա:
Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ շարժումը լիովին կյանքի կոչեց իր հռչակած բոլոր նպատակները՝ Ղարաբաղի ինքնապաշտպանությունը, Ղարաբաղը դե ֆակտո Հայաստանին միավորելը, Ղարաբաղի անվտանգության ապահովումը, Հայաստանի անկախության, անվտանգության հարցը, պետական ինստիտուտների ստեղծումը, Գերագույն խորհրդի ձևավորումը. «90-ականների սկզբին Հայաստանն ընկալվում էր որպես ժողովրդավարության կղզյակ»,- նկատում է նա:
Ցավոք, այդ կղզյակը երկար չգոյատևեց: 1996-ին տեղի ունեցած հայտնի դեպքերը սաղմի մեջ սպանեցին Հայաստանում ժողովրդավարության առաջին պտուղները:
Ի դեպ, գրքում զետեղված են նաև 1996 թ. «Մոսկովսկիե նովոստի» թերթում Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցներից որոշ հատվածներ: Հարցազրույցները մի քանի ժամ տարբերությամբ անցկացրել է թերթի երևանյան թղթակից Արա Թադևոսյանը:
Ո՞րն է ձեր տարաձայնությունների պատճառը հարցին Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Այն կախված է մարդկային որակներից: Բացի այդ, հարկավոր է ունենալ իմունիտետ իշխանության նկատմամբ: Երբ հասնում ես իշխանության, փառքի մոլուցքով վարակվելու վտանգ է առաջանում: Իսկ առանց քո հասցեին արված քննադատության կարող ես քեզ առաքյալ զգալ: Նրանք, ովքեր ունակ են ընկալելու քննադատությունը, չեն կարող դավաճանել իրենց երազանքին, և նրանց մոտ առկա է ավելի կայուն վերաբերմունք իշխանության նկատմամբ»:
Նույն հարցին Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է. «Վազգենը որպես մարդ շատ ազնիվ է: Նա ունի ամուր բարոյական սկզբունքներ ընտանիքում, կենցաղում, ընկերների հետ հարաբերություններում: Նա շատ մաքուր մարդ է, բացարձակ անշահախնդիր: Դա կարող եմ գլխովս երաշխավորել: Իսկ որպես քաղաքական գործիչ նա շատ վտանգավոր մարդ է: Նրա գերազգայնականությունը մոտ է ֆաշիզմին: Այդ մասին ասում եմ 1991 թ. նրա ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության կողմից հրապարակված փաստաթղթերի հիման վրա: Նրա գաղափարախոսությունը հիմնված է երեք չափանիշների վրա: Առաջին՝ հայ ժողովուրդն ընտրյալ ազգ է: Երկրորդ՝ հայ ժողովուրդն ունի պատմական առաքելություն: Երրորդ՝ հայ ժողովուրդը պետք է վերակազմավորվի ազգ-կազմակերպության»:
Գրքում հետաքրքիր հիշողություններ ու մեկնաբանություններ են ներկայացված վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Պատմում է, որ «1988 թվականն» իր համար սկսվել է 1987-ին, երբ ավարտելով ուսումը Լենինգրադում` աշխատանքի է անցել Երևանի Պետպլանի գիտահետազոտական ինստիտուտի հատուկ հետազոտությունների վարչությունում: Աշխատել է Իգոր Մուրադյանի հետ նույն բաժնում և նույն սենյակում, որն այդ ժամանակ արդեն ամբողջությամբ ներքաշված էր Ղարաբաղյան շարժման գործընթացների մեջ: «Բնականաբար, այդ ամենը չէր կարող իմ կողքով անցնել»,- ասում է Տիգրան Սարգսյանը:
Շարժման երկրորդ փուլում նա հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ և շատ է տպավորվել այդ հանդիպումից. «Տեսա, որ ի դեմս Վազգենի ունենք առավել պատրաստված քաղաքական գործչի: Նա ուներ ձևավորված աշխարհայացք ու Հայաստանի ապագայի իր տեսլականը: Վազգեն Մանուկյանն արդեն առաջ էր քաշում Հայաստանի անկախության գաղափարը: Վազգենը վստահ էր, որ մեր ճանապարհն անկախ պետության կերտումն է: Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ»:
Խոսելով պառակտումների մասին՝ Տիգրան Սարգսյանը հիշում է. «Ինձ համար ակնհայտ էր` 1988 թվականին հենց Վազգեն Մանուկյանը պետք է լիներ առաջնորդը, քանի որ նա ամենապատրաստված քաղաքական գործիչն էր: Հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել շարժման ընթացքում, տարբեր տեսակի սեմինարներ եմ կազմակերպել, քննարկումներ և կարող եմ ասել, որ այն պահի դրությամբ ամենակայացած քաղաքական գործիչը հենց Վազգեն Մանուկյանն էր, և շատ տրամաբանական էր, որ նրա շուրջ համախմբվեց շարժումը, և բոլորն ընդունում էին նրա լիդերությունը: Հետագայում Վազգենի «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածը հեղափոխական նշանակություն ունեցավ: Հարյուրավոր երիտասարդներ կրթվեցին այդ հոդվածով, նրանց «աչքերը բացվեցին», կարողացան դուրս գալ սովետական քարոզչության սահմաններից, ճանապարհ տեսան այդ հոդվածի շնորհիվ: Շարժման ծավալման ժամանակ Վազգեն Մանուկյանը զգաց, որ կրթված մարդիկ են պետք, որոնք կարող են հրապարակային ելույթներ ունենալ, գրագետ կերպով կարծիքը ներկայացնել հանրությանը: Այդպես «Ղարաբաղ» կոմիտեում հայտնվեց Լևոն Տեր-Պետրոսյանը»:
Ինչ վերաբերում է շարժման ղեկավարների ներքին խոհանոցին, Տիգրան Սարգսյանն ասում է, որ այդ տեսանկյունից Վազգեն Մանուկյանն ավելի վատ էր պատրաստված, քան մնացածը, քանի որ նա առաջնային էր համարում գաղափարախոսությունը, հոգևոր արժեքները. «Նա գաղափարի մարդ է: Աստիճանաբար կոնֆլիկտ առաջացավ խմբային շահերի և գաղափարի միջև: Վազգենին թվաց, որ հանրությունն ինքը կգնահատի, թե ով ով է, կտեսնի` ով է ճիշտ, ով` սխալ: Իսկ հանրությանը ժամանակ էր պետք, քանի որ անպատրաստ էր»:
Տիգրան Սարգսյանի խոսքով, երբ Ղարաբաղյան շարժումը վերածվեց Անկախության շարժման, հանրությունը չհասցրեց վարակվել այդ գաղափարով, որովհետև անկախությունն ավելի շուտ հասավ: «Այնպես որ այս ճանապարհը դեռևս շարունակվում է, մենք շատ անելիքներ ունենք մեր ազգային էությանը վերադառնալու, դրա ներքո ազգային էլիտա ձևավորելու համար»,- կարծում է նա: