Հայերեն   English   Русский  

​Որքա՞ն է կազմում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի նվազագույն չափը


  
դիտումներ: 2222

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված է ՃԵԿ խախտման համար կիրառվող տուգանքի նվազագույն չափը, որը կազմում է 3000 ՀՀ դրամ:

Այն կիրառվում է օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու դեպքում: Նշենք, որ համաձայն Օրենսգրքի` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

ՃԵԿ խախտման համար կիրառվող տուգանքի նվազագույն չափը կիրառվում է հետևյալ դեպքերում`

տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը (հոդված 124, կետ 7),

տրանսպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը (հոդված 124, կետ 12),

քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը (հոդված 124, կետ 16),

տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք (հոդված 124.1, կետ 1),

առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը (հոդված 128, կետ 3),

հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը (հոդված 131, կետ 1),

տրանսպորտային միջոցի (ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում) վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը (հոդված 135.2, կետ 1):

Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: