Հայերեն   English   Русский  

​«Գործված» բիզնես՝ հայկական բրենդով


  
դիտումներ: 4778

Մանուկյան քույրերը վաղուց ուզում էին համատեղ մի գործ սկսել, որը բոլորի մասնագիտությունները կհամադրեր:

Էլենը մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ է, բայց երկար տարիներ աշխատելով բիզնեսի ոլորտում՝ ձեռք է բերել նաև տնտեսագիտական գիտելիքներ ու հմտություններ: Մյուս քույրը՝ Ինգան, դիզայներ է, ավարտել է Գեղարվեստի ակադեմիան: Երրորդ քույրն էլ գրաֆիկական դիզայներ է: Փնտրում էին մի ոլորտ, որը Հայաստանում թույլ էր կամ չկար, կամ թեկուզ կար, բայց զարգանալու մեծ պոտենցիալ կարող էր ունենալ:

Ոլորտը երկար ուսումնասիրելուց հետո, Ինգա Մանուկյանն առաջարկում է ընտրել, այսպես ասած, հյուսված գործվածքով հագուստի արտադրության ուղղությունը: Էլենը համաձայնում է, քանի որ ինքն էլ, մասնագիտական շուկան ուսումնասիրելով նկատում է, որ հյուսված գործվածքով հագուստի արտադրություն շուկայում չկա, այն կարող է հեռանկարային լինել: Այդպես ահա ծնվում է LOOM weaving հագուստների արտադրությունը հիմնելու գաղափարը:

2013 թվականից սկսում են նախապատրաստական փուլը՝ ուսումնասիրությունները, մոդելավորումը, կարի մեքենաների, այլ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը, տարածքի վարձկալությունը և այլն, և այդ փուլը տևում է մոտ1 տարի, իսկ բուն արտադրությունը մեկնարկում է 2014 թ. մայիսից:

«Ուսումնասիրում էինք, թե ինչ սարքավորումներ, կարի մեքենաներ, այլ մեքենաներ պետք է գնենք. պարզ էր, որ չէինք կարող արտադրական հոսքագծերին ուշադրություն դարձնել, քանի որ դրանք շատ թանկ էին, համենայն դեպս՝ մեզ համար: Մեկ հոսքագիծն արժի 50-70 հազար դոլար: Ուստի մենք ավելի փոքրից սկսեցինք. ձեռք բերեցինք ձեռքի մեքենաներ, բայց ամենավերջին տեխնիկան, որը շատ լայն հնարավորություններ ունի: Սկսեցինք մեկ մեքենայից ու հիմա արդեն 4 կարի մեքենա ունենք, 5 միավոր էլ օժանդակող մեքենաներ»,- «Անկախին» պատմեց Էլեն Մանուկյանը:

Մանուկյան քույրեր

Այս ամենը սկսվեց մոտ 10 հազար դոլարի ներդրումից, և նրանք կիսանկուղային հարկում սկսեցին իրենց բիզնեսը՝ հյուսված գործվածքներից հագուստի արտադրությունը: Սկսեցին շարֆերից՝ ընդհանուր առմամբ՝ 5 մոդելով: Հիմա, ինչպես նշում է Ինգա Մանուկյանը, մոտ 70-80 մոդելների հագուստ են արտադրում: Սկսելու կարևորագույն նախապայմանն էլ, ըստ Էլեն Մանուկյանի, ռիսկն ու Ինգայի այդ գործը շատ սիրելն էր:

«Հյուսված գործվածքները Հայաստանում երկար ժամանակ անցել էին երկրորդ պլան. այնպես ստացվեց, որ նորաձևության մեջ այդ գործվածքներն առաջին պլան վերադարձան, տարբեր դիզայներներ սկսեցին ավելի շատ ու ավելի հաճախ օգտագործել, ու մինչև հիմա այդ միտումը շարունակվում է: Հենց դրա համար էլ մտածեցինք մեր գործունեությունը սկսել հյուսված գործվածքներով հագուստի արտադրությունից: Մինչ այդ հյուսված գործվածքները տնային մակարդակի վրա էին, մեզանում շնորհքով կանայք շատ են, տանը նստած գործում են, սիրում են գործել, լավ էլ ստացվում է: Այսինքն` եթե ուզում էիր հյուսված հագուստ, պետք է հատուկ պատվիրեիր, այդ անհարմարությունները կային: Մենք էլ փորձեցինք այնպես անել, որ մարդկանց ավելի հարմար լինի»,- նշում է Ինգա Մանուկյանը:

Իրենց արտադրած հագուստը ընկերության հիմնադիրները սկզբում իրացնում էին կայքերի, սոցցանցերի միջոցով: Հետո արդեն գնորդները սկսեցին իրար տեղեկացնել այս բրենդի մասին, ու վաճառքի շրջանակներն սկսեցին ընդլայնվել: Հիմա 4-5 դիզայներներ հավաքվել ու իրենց բրենդների համար Տերյան փողոցում ստեղծել են սեփական հարթակ` մուլտիբրենդային խանութ-սրահ, որտեղ էլ վաճառում են իրենց արտադրանքը:

LOOM weaving ապրանքանիշի հագուստներն էժան չեն և նախատեսված են միջին ու բարձր վճարունակության գնորդների համար: «Մենք ավելի շատ բնական հումք ենք օգտագործում, բացի այդ, ավելի շատ ձեռքի աշխատանք է, գործվածքը ձեռքով է հյուսվում, չի կարող էժան լինել, ուստի շատ ավելի մատչելի գին չկարողացանք առաջարկել: Շատ կուզեինք՝ ավելի մատչելի ստացվեր, բայց դա այս պահին հնարավոր չէ. միգուցե ապագայում հնարավոր կլինի ավելի մատչելի հագուստ ներկայացնել գնորդների ավելի լայն շրջանների համար: Հիմա մենք չենք կարողանում գինը շատ իջեցնել ու որոշել ենք, որ թանկությունը փոխհատուցվի որակով, հաճախորդը վստահ լինի, որ այս ապրանքը չի զիջում այլ հայտնի բրենդների որակին»,- նշում է Ինգան:

Բիզնես սկսելու համար, նշում է Էլեն Մանուկյանը, առաջին հերթին շատ կարևոր էին կապերը, որ ինքն ուներ բիզնեսի ոլորտում աշխատելիս: Բայց դա չի նշանակում, թե ամեն ինչ շատ հեշտ էր: «Մինչև հիմա փորձում ենք ամեն հնարավոր տեղից միջոցներ գտնել և մեր կարողությունները մեծացնել: Եթե Ինգան այսքան չսիրեր այս գործը, չնվիրվեր՝ մեզ ոչինչ չէր հաջողվի: Երևի պետք է նվիրվես, այնպես սիրես, ինչպես Ինգան: Արդեն երեք տարի է, ինչ գործը սկսել ենք, ու դեռ գումարներ ենք ներդնում, դեռ վերադարձ չունենք: Մեր ամբողջ եկամուտը նորից ներդնում ենք մեր գործի մեջ»,- նշում է Էլեն Մանուկյանը:

Մանուկյան քույրեր

Քույրերի խոսքով՝ բիզնեսմենը գործը սկսելիս պետք է իմանա, որ առաջին 1-2 տարին շահույթ չի լինելու: Եթե գործը զրոյական եկամտով էլ գնա, ուրեմն արդեն մեծ հաջողություն է: «Մենք դեռ նոր-նոր ենք սկսել ծախսերը ծածկել ու զրոյական աշխատել, բայց ուրախ ենք, քանի որ ինչ-որ մարդկանց հնարավորություն ենք տալիս տանը գործվածքներ հյուսել և դրանով փող աշխատել: Նախատեսում ենք նաև 5 նոր աշխատատեղ բացել, բացի այն մարդկանցից, որոնք արդեն «ֆրիլանս» տանը աշխատում են»,- հավելում է Ինգա Մանուկյանը:

Ընկերության հիմնադիրները փորձում են նաև միջազգային շուկա դուրս գալ ու ռուսական շուկայի ուղղությամբ արդեն քայլեր են անում: Էլեն Մանուկյանն ասում է, որ բիզնեսմենի ամենակարևոր հատկանիշներից մեկը համառությունն է, մյուսը՝ ինքնավստահությունը: Ինգան ավելացնում է՝ ձեռներեցը չպետք է հուսահատվի, որովհետև շատ խոչընդոտներ կան, որ պետք է հաղթահարվեն, ու եթե ինչ-որ պահի հուսահատվես, հիասթափվես՝ հետո շատ դժվար կլինի առաջ շարժվելը, եթե չասենք` անհնար: Հաջողելու համար, նշում է նա, պետք է անընդհատ հետևես փոփոխություններին ու նորություններին, միշտ ինչ-որ նոր բան մտցնես ստեղծածդ արդյունքի մեջ, միշտ թարմություն, նորույթ առաջարկես: Հակառակ պարագայում մրցակիցներդ առաջ կանցնեն: «Հիմա ամեն ինչ շատ արագ է առաջ գնում, ինչ մտածում ես, մեկ էլ տեսնում ես՝ ինչ-որ մեկն արդեն այդ ուղղությամբ ինչ-որ բան է սկսել: Այսինքն` պետք է միշտ վազես. եթե դանդաղ քայլես՝ չես հասցնի, իրադարձությունները կզարգանան ավելի արագ»,- նշում է Էլեն Մանուկյանը:

Քույրերի դիտարկմամբ՝ հաջողության հասնելու պատրաստի բաղադրատոմս կամ գաղտնիք չկա, ամեն մարդու համար այդ գաղտնիքն իր մեջ է, նայած, թե տվյալ մարդն ինչպես է տեսնում իր քայլերի հաջորդականությունը: Իսկ իրենց գաղտնիքը քույրերով աշխատելն է: Իրենք իրար չեն խանգարում, ամեն մեկն իր գործն է անում, մյուսի գործին չի խառնվում: Նրանք կարևորում են թիմային աշխատանքը, թիմային աշխատանքում էլ ջերմություն պետք է պահել, այնպես, որ յուրաքանչյուր օղակ կարողանա իր ուժերն առավելագույնս լավ ու արդյունավետ օգտագործել: Դրանից հետո հաջողությունը կգա: Ոչ միանգամից, իհարկե, ժամանակի ընթացքում, ուստի հաջությունը տեսնելու համար նաև համբերություն է պետք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: