Հայերեն   English   Русский  

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը


  
դիտումներ: 2259

Սիրիահայերի Հալեպն արդեն չկա, այն դարձել է անցյալի հիշողություն` պատված սև մոխրի քուլաներով: Հարազատ քաղաքից հեռացած սիրիահայերին կամաց-կամաց լքում է ծննդավայր վերադառնալու հույսը, ու Հալեպն ավելի ու ավելի հեռավոր երազանք է դառնում: Բայց եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա եկող տարվա ավարտին Հայաստանում կյանքի կկոչվի Նոր Հալեպը, որը թեև չափազանց տարբեր կլինի իրական Հալեպից, սակայն սիրիահայերին կհամախմբի մեկ վայրում և կդառնա նրանց նոր օրրանը:

Նոր Հալեպի գաղափարը սփյուռքի նախարարությանն է: Նպատակն է ստեղծել թաղամաս, որտեղ սիրիահայերը հնարավորություն կունենան բնակարաններ ձեռք բերելու շատ մատչելի պայմաններով: 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմել Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացրել Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:

Սակայն հողատարածքի անվճար տրամադրումով խնդիրը չի լուծվի, քանի որ ծրագիրը բավականին մեծ է ու ծախսատար, ուստի աշխատանքներ են տարվում հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասը, այնուամենայնիվ, վճարելու են սիրիահայերը, սակայն նախնական կոպիտ հաշվարկներով` դա կազմելու է բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը:

EfLGEJkZuw0gFssF3z3hqk2GhwՍիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի նախագահ Լենա Հալաջյանի խոսքով` դիմողների թիվն անսպասելիորեն մեծ է: Այս պահին Նոր Հալեպում բնակարան ձեռք բերելու նպատակով կենտրոնին է դիմել շուրջ 550 ընտանիք, և ամեն օր նոր դիմումներ են ստացվում: Անգամ Սիրիայից են դիմումներ ստացել:

Հալաջյանը նշում է, որ սկզբում տարածքի ընտրության երեք տարբերակ կար` Աշտարակ, Մասիս և Էջմիածին: «Մի խումբ սիրիահայերի հետ գնացինք երեք տարածքները դիտելու, և նրանք ընտրեցին Աշտարակի հողատարածքը»,- նշում է նա:

Նախատեսված է եղել նաև կառուցել մոտ տասը չորսհարկանի շենք, բայց քանի որ դիմումները շատ են եղել, որոշվել է չորսահարկանի շենքերը դարձնել հինգհարկանի, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` յոթ:

Այս պահին ծրագրի համար հավաքվել է շուրջ 60 միլիոն դրամ: «Ունենք 1000 դրամի նվիրատու և 100 000 դոլարի նվիրատու, բոլորն էլ մեզ համար հավասարապես ողջունելի են, որովհետև կաթիլ-կաթիլ կարող է ծով դառնալ»,- ասում է կենտրոնի սիրիահայ ղեկավարը:

Հայաստանում ներկայումս շուրջ 10 000 սիրիահայ կա, և թվում է, թե արվում է հնարավոր ամեն ինչ սիրիահայերի խնդիրները հոգալու, նրանց աջակցելու և ամենակարևորը՝ Հայաստանում պահելու համար: Սակայն, ինչպես իրավացիորեն նշում են որոշ սիրիահայեր, Հայաստանում մնալու առաջին պայմանն աշխատանք ունենալն է: Եթե դա չկա, ամեն ինչ ապարդյուն է: Լենա Հալաջյանի խոսքով՝ իրենց կենտրոնում գրանցված 5000 սիրիահայ կա, որոնցից մոտ հազարին իրենք օգնել են տեղավորվել աշխատանքի: Կան նաև գործարարներ, որոնցից շատերին բանկերը ցածր տոկոսով (5 տոկոս) վարկեր են տրամադրել, և արդեն 49 բիզնես է դրվել:

Ինչ վերաբերում է որոշ սիրիահայերի կողմից արտահայտած դժգոհությանը, որ պետության կողմից գործնական քայլեր չեն արվում, այլ այդ ամենն ընդամենը գովազդային բնույթ է կրում, Հալաջյանը համամիտ չէ: Նրա խոսքով՝ մարդիկ երբեմն սիրում են ճիշտը չասել: Անգամ թարմ օրինակ է բերում, որ նախօրեին հեռուստատեսությամբ մի սիրիահայ կին բողոքել է, թե իբր եկել է իրենց կենտրոն Նոր Հալեպ թաղամասում բնակարան ձեռք բերելու համար գրանցվելու, սակայն իրենից կանխավճար են պահանջել, և նա հրաժարվել է ծրագրից: «Մինչ օրս մենք որևէ մեկից մեկ լումա անգամ չենք ուզել,- ասում է Հալաջյանը,- այո, երբ քառակուսու արժեքը հստակեցվի, կանխավճար պետք է ուզենք, առանց դրա հնարավոր չի լինի ծրագիրն իրականացնել»:

Ի դեպ, կենտրոնի աշխատակիցներից մեկը նույն պահին իմ ներկայությամբ զանգահարեց այն կնոջը, որը հեռուստատեսությամբ նման բան էր հայտարարել, և վերջինս արդարացավ, որ ինքը նկատի է ունեցել ապագայում պահանջվելիք կանխավճարը: Ինչևէ: Եթե անգամ այդ կինը ստում է, դրա պատճառներից է նաև այն, որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Իսկ դժգոհողները քիչ չեն:

Մի սիրիահայ երիտասարդ էլ, որը կնոջ ու երկու փոքր երեխաների հետ Հայաստանում է արդեն մեկ տարի և ապրում է վարձով՝ ծայրը ծայրին հասցնելով (կաշվե իրեր է նորոգում), մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է ծրագրին, սակայն չի դիմում, որովհետև չի հավատում, որ այն իրականություն կդառնա: «Այդքան տեղ դիմեցինք, արձանագրվեցինք, ոչինչ դուրս չեկավ,- ասում է նա,- երբ նոր էինք եկել, մեզ Գրողների միության շենքում հավաքեցին, արձանագրեցին բնակարանի համար, կարծեմ «Օգնիր եղբորդ» կազմակերպությունն էր: Բայց անցել է շուրջ մեկ տարի, որևէ արդյունք կամ լուր չկա: Հետո մեզ Դաշնակցության շենք կանչեցին, էլի արձանագրեցին բնակարանի համար, նորից ոչ մի բան: Էնպիսի տպավորություն է, որ իրենց միայն անուն է պետք: Հիմա որ այս նոր ծրագրի մասին իմացանք, այլևս չդիմեցինք՝ մտածելով, որ նորից պիտի անձնագիր ուզեն, գրանցեն, ու վերջ»:

Մեկ ուրիշ սիրիահայ էլ ասում է, որ իրենք դիմել են ծրագրին, սակայն որևէ տեղեկություն չունեն թե՛պայմանների, թե՛ ժամկետների մասին. «Երբ արձանագրվեցանք, մեզի ըսին, որ ժողով պիտի կանչեն և պայմանները տեղեկացնեն: Տակավին չեն կանչել, սպասում ենք: Անցել է արդեն երեք ամիս»:

Հալաջյանը վստահեցնում է, որ ամեն ինչ կարվի, պետք է միայն մի փոքր համբերել. ներկայումս հողատարածքում երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում, որը կավարտվի երկու շաբաթից, և եզրակացությունը կներկայացվի Ճարտարագիտական համալսարան, որն իր կողմից անվճար իրականացնելու է շենքերի նախագծումը: «Երբ երկրաբանական տեղեկանքը պատրաստ լինի, բնակարանների արժեքը կհստակեցվի, և հայտ ներկայացրած սիրիահայերին կկանչեն ժողովի, կներկայացնեն պայմանները, կկնքվեն նոտարական պայմանագրեր»,- ասում է Հալաջյանը:

Այդ ժամանակ սիրիահայերը նաև կանխավճար կտան՝ ամբողջ գումարի մեկ երրորդի մասով, իսկ ամբողջական գումարը կարող են վճարել երեք մասով: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի քառակուսու արժեքը մոտ 500 դոլար կարժենա:

Այն դիտարկմանը, որ միևնույն է, սիրիահայերի մեծ մասը Հայաստանում ապագա չի տեսնում և ձգտում է երրորդ երկիր տեղափոխվել, Հալաջյանը նույնպես համամիտ չէ. «Առաջ կհամաձայնեի Ձեզ հետ, բայց այսօրվա դրությամբ` ոչ: Մեկ տարի առաջ այդ միտումը կար, և դա որոշ անձանց վրա շատ թանկ նստեց: Նախ` շատերը Եվրոպա վիզա ստանալու համար ամեն անձի համար 6-7 հազար դոլար ծախսեցին, սակայն նրանց խաբեցին և վիզաները չտվեցին: Բացի այդ, երրորդ երկիր տեղափոխվածների լուրերն այնքան էլ հուսադրող ու վարդագույն չեն: Երրորդ երկիր տեղափոխվելու մտքից հրաժարվելու պատճառներից մեկն էլ այն է, որ շատերն արդեն ադապտացվել են նոր պայմաններին, աշխատանք գտել: Իսկ ամենամեծ փաստը, որ Հայաստանում մնալ ցանկացողների թիվը մեծ է, այն 500-ից ավելի ընտանիքներն են, որոնք բնակարան ձեռք բերելու հայտ են ներկայացրել»:

Հալաջյանը վստահեցնում է, որ այս ծրագիրը լուրջ է, և կոչ է անում բոլորին՝ Հայաստանում ու Սփյուռքում իրենց ներդրումն ունենալ թեկուզ ամենաչնչին գումարով: Լրատվամիջոցներին էլ խնդրում է ճիշտ լուսաբանել, որովհետև նաև դրանից է կախված ծրագրի հաջողությունը. «Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2014-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»:

Ավելին, եթե Նոր Հալեպն իրականություն դառնա, ապա ծրագիրը կլինի շարունակական, և նման թաղամասեր կկառուցվեն նաև Մասիսում ու Էջմիածնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: