Հայերեն   English   Русский  

​Հայտնի չէ, թե ով ինչ է ուզում, հայտնի է միայն նպատակը՝ վերցնել մանդատը և մտնել ԱԺ. քննարկում


  
դիտումներ: 732

Այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում` նվիրված նախընտրական փուլի մեկնարկին և հրապարակված ցուցակներին:

Քննարկման բանախոսներից ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի կարծիքով` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակն ըստ էության ընդամենը «ֆասադի» փոփոխություն է:

«Օդիոզ դեմքերին, իհարկե, ցուցափեղկից հեռացրել են մի կողմ, բայց աշխատանքը հիմնականում իրենց վրա է մնացել, չնայած, օլիգարխների թվի կրճատումը թեթև առաջընթաց կարելի է համարել: Սերնդափոխության խնդիր դրված չէր իշխող ուժի կողմից, ընդամենը լոզունգ էր, կամ բարի ցանկություն՝ հասարակությանն ապակողմնորոշելու: Խաղի կանոնները փոխվել էին, և գործող անձանց մեծամասնությունը տեղյակ չէր, թե խաղավարը ինչ պլաններ ունի: Իշխող կուսակցության ներկայացուցիչները չգիտեին՝ ղեկավարն ինչ մտադրություն ունի: Բավական խառնաշփոթ իրավիճակ էր՝ մարդիկ կային, որ սուպերակտիվ էին, հիմա ուղղակի անհետացան», -ասաց Կարապետ Ռուբինյանը:

Ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի՝ սերնդափոխություն չի կարող լինել բնական ճանապարհով, քանի որ գրեթե բոլոր ուժերի ցուցակները կազմվում են մեկ մարդու կողմից:

«Սերնդափոխություն կլինի այն ժամանակ, երբ իշխանությունները որոշեն երկրի ղեկավարման տրամաբանությունը փոխել: Իմաստ չունի սերնդափոխությունը, քանի դեռ ամեն ինչ շարունակվելու է նույն ձևով»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Անդրադառնալով ՀՀԿ ցուցակին` նա նշեց, որ առաջին 10-20 անձինք կարծես նորմալ, կրթված անձինք են: Ցուցակի խնդիրներ, Արմեն Բաղդասարյանի կարծիքով, շատերն ունեն: «ՀԱԿ»-ի դեպքում էլ, ըստ նրա, այլ խնդիրներ կան: Օրինակ, կուսակցությունը Արցախի հարցով հստակ դիրքորոշում ունի, քարոզչության հիմքում դնելով խաղաղությունը, բայց ցուցակում մարդիկ կան, ովքեր այդ գաղափարախոսության հետ կապ չունեն, ինչպես, օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ամեն ինչ այս անգամ չափազանց խառն է: Հայտնի չէ, թե ով ինչ է ուզում, հայտնի է միայն նպատակը՝ վերցնել մանդատը և մտնել ԱԺ: Նրա խոսքով` մինչև ի հայտ չգա նոր սերունդ, չի գնա նախորդը: Սերնդափոխության կարիք կա ամենուր, անընդհատ առաջին պլանում տեսնում ենք նույն դեմքերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: