Բոլոր ուժերի և դաշինքների համար տեղ կգտնվի ԱԺ-ում, եթե մի այնպիսի սխալ չգործեն, որը կբարկացնի իշխանությանը
«Հասարակության 85-90%-ն ակնհայտորեն դժգոհ է ՀՀԿ-ից, և «ՀՀԿ-ն առաջին տեղում կլինի, թե ոչ» հարցի փոխարեն ավելի ճիշտ է հարցնել «ՀՀԿ-ն կկեղծի, թե ոչ: Ցավոք կանխատեսելի է, որ ընտրությունները կկեղծվեն»,-այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց Արմեն Բաղդասարյանը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը թեև անշնորհակալ գործ է համարում կանխատեսումը, սակայն կարծում է, որ առաջիկա ԱԺ ընտրություններից հետո բոլոր առաջադրված ուժերի ու դաշինքների համար տեղ կգտնվի ԱԺ-ում, թերևս բացի Կոմունիստական կուսակցությունից:
«Որևէ մեկին դուրս չեն թողնի, եթե մի այնպիսի սխալ չգործի, որը կբարկացնի իշխանությանը։ Դեռևս որևէ մեկն այդպիսի սխալ թույլ չի տվե»-ասաց Հակոբ Բադալյանը:
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն էլ հույս ունի, որ «Ելք» դաշինքը կփորձի խաղաքարտերը խառնել:
«Չեմ ուզում հրաժարվել այդ մտքից: ՀԱԿ-ը, կարծում եմ, կանցնի, ի հաշիվ նրա, որ մեծ աջակցություն կցուցաբերի իշխող ուժին արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ որոշ դաշինքների ուղղակի նախագծեր եմ համարում»,- ասաց Կարապետ Ռուբինյանը` հավելելով, որ հնարավոր է՝ «Ազատ դեմոկրատներին» թույլ չտան տեղ գտնել ԱԺ-ում: