Հայերեն   English   Русский  

Պատգամավորներ, որոնք որեւէ ընտրական ցուցակում չկան. «Ժառանգություն» խմբակցությունից ոչ ոք առաջադրված չէ


  
դիտումներ: 2353

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ տեղ չեն գտել առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում, ինչը նշանակում է, որ հաջորդ խորհրդարանում նրանք միանշանակ չեն լինելու,հաղորդում է news.am-ը։ Այս ցանկի մեջ կան գրեթե բոլոր խորհրարանական խմբակցությունների ներկայացուցիչներ, իսկ «Ժառանգությունն» խմբակցությունն՝ ամբողջությամբ։

Այսպիսով,ԱԺ ՀՀԿ խմբակցությունից ոչ մի ցուցակում տեղ չի գտել վեց պատգամավոր՝ Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, Վազգեն Կարախանյանը, Համլետ Հարությունյանը, Վրեժ Մարկոսյանը, Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբիկ Հովսեփյանը եւ Գարեգին Նուշիկյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցությունից ոչ մի ցուցակում չի հանգրվանել Ռուստամ Գասպարյանը, Ռուբեն Գեւորգյանը, ՄԱԿ առաջնորդ, գործարար Գուրգեն Արսենյանը, մի քանի կուսակցություն փոխած Վահան Բաբայանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւս դուրս է մնացել ընտրապայքարից։ Նա ցանկանում էր ընդգրկվել ԲՀԿ–ի ընտրական ցուցակում, սակայն տեւական բանակցություններից հետո նրան չընդգրկեցին։

Ուշագրավ է «Ժառանգություն» խմբակցության պատկերը։ Այս խմբակցությունից ոչ մի պատգամավոր որեւէ ցուցակում տեղ չի գտել։ Խմբակցության ղեկավար, ամենաակտիվ պատգամավորներից մեկը՝ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին եւ մերժեց «ԵԼՔ» դաշինքի առաջին հնգյակում ընդգրկվելու առաջարկը։ Նա դեմ էր, որ «Ժառանգությունը» ընտրություններին մասնակցի որեւէ դաշինքով։ Ալեքսանդր Արզումանյանը դուրս մնաց ընտրապայքարից՝ հիմնավորելով, որ այդպես էլ գաղափարի շուրջ որեւէ դաշինք չձեւավորվեց։ Թեւան Պողոսյանը այլ աշխատանքի է տեղափոխվում։ Ռուբիկ Հակոբյանին եւս որեւէ ուժ իր ցուցակում չի ընդգրկել։

Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մասնավորապես ՀՀԿ–ից, հանգրվանել են հայրենի կուսակցության ցուցակի ոչ անցողիկ տեղում, ենթադրվում է, որ նրանք էլ չեն լինելու խորհրդարանում, սակայն միանշանակ պնդելը դեռ վաղ է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: