Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևի համար ամենավստահելի անձը Մեհրիբան Ալիևան էր. փորձագետ


  
դիտումներ: 806

Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի նոր զեկույց է հրապարակել, որտեղ կա անդրադարձ նաև Հայաստանի և Ադրբեջանի գնած սպառազինություններին:

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց, որ հաճախ այդ հետազոտության կենտրոնները թերի են հետազոտում իրենց համար ոչ կարևոր տարածաշրջանների խնդիրները, բացի այդ նման կառույցները հիմնականում օգտվում են մամուլի հրապարակումներից:

Ըստ նրա՝ ամբողջությամբ չի կարելի հենվել նրանց տրամադրած տվյալների վրա, քանի որ նկատել են բազմաթիվ բացթողումներ. «Ադրբեջանը հայտարարում էր, որ բանակցություններ են տարվում, որպեսզի գնեն «Երկաթե գմբեթ» զինատեսակը, իսկ զեկույցում նշված էր, որ գնված է »,- ասաց փորձագետը:

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը ներմուծել է 20 անգամ ավելի շատ սպառազինություն, քան Հայաստանը: Հայաստանի դեպքում ամենաշատն աչքի ընկած զենքի գնումը «Իսկանդերների» ձեռքբերումն էր: Ընդ որում՝ Հայաստանի գնած զենքի մի մասը չի հրապարակվել:

«Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանը նկատեց, որ հայկական կողմի գնած զինտեխնիկայի մի մասը չի երևում այդ զեկույցում.«Միայն «Իսկանդերներ»-ն էր ներկայացրած, բայց զորահանդեսին այլ զինտեսակներ էլ տեսանք, այդ թվում՝ «Սմերչ» և այլն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մեհրիբան Ալիևայի՝ Ադրբեջանի փոխնախագահ նշանակվելու փաստին, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ դա հատուկ է կլանային կառավարման համակարգ ունեցող պետություններին. «Ալիևը շրջապատին չի վստահում: Երևի թե ամենավստահելի անձն իր համար այս դեպքում իր կինն էր: Սա իշխանությունը ժառանգորեն պահելու նպատակով է արվում, քանի որ կրտսեր Հեյդար Ալիևը բավականին երիտասարդ է և քաղաքական գործունեության փորձ չունի: Սակայն այս նշանակման պատճառով հնարավոր է` կլանից դուրս մնացած մյուս նախարարները պայքարի գնան և ներկլանային պայքար սկսվի Ադրբեջանում, ինչ կարող է ավելի լարել իրավիճակը սահմանում»,- նշեց պարոն Հովհաննիսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: