Հայերեն   English   Русский  

ԵՄ-ը ավելի քան 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին` ընտրությունների կազմակերպմանն օժանդակելու համար. դեսպան Պիոտր Սվիտալսկի


  
դիտումներ: 941

Եվրամիությունը ավելի քան 7 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին` օժանդակելու համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը: Այսօր «Հոդված 3»մամուլի ակումբում տեղի է ունեցած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության գործունեությանը, կատարած աշխատանքներին ու ծրագրերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պիոտր Սվիտալսկին:

Դեսպանը տեղեկացրեց, որ ԵՄ-ը գրեթե 4 միլիոն եվրո է հատկացրել ընտրությունների ժամանակ ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրմանը: Այս ծրագիրն իրականացվել է Միացյալ ազգերի զարգացման կողմից, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և խորհրդարանի աջակցությամբ:

Բացի այդ ԵՄ-ը 2 միլիոն եվրո է հատկացրել ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրությունների ընթացքի ուղիղ հեռարձակման համար:

«Չնայած ոչ բոլոր ընտրատեղամասերում են տեղադրվելու տեսախցիկներ, բայց ընտրազանգվածի մոտ 95%-ը վերահսկվելու է տեսախցիկներով, ինչը շատ կարևոր ձեռքբերում է: Մենք օժանդակում ենք տարբեր նախաձեռնությունների, որոնց նպատակն է երկարաժամկետ ջանքեր ներդնել, Հայատանում արդար ընտրություններ ապահովելու համար: Շատ բաներ, որ մենք արել ենք վերջին տասներկու ամիսների ընթացքում, չի կարող արտահայտվել թվերով»,- իր խոսում ասաց Պիոտր Սվիտալսկին:

Դեսպանը նշեց, որ ԵՄ-ը իր քաղաքական արժանահավատության մեծ մասնաբաժինն է ներդրել, որպեսզի Հայաստանում երաշխավորվեն լավագույն պայմանները առաջիկա ընտրությունների համար:

«Մենք դա չէինք անի, եթե չհավատայինք, որ այս անգամ Հայաստանում շատ ավելի բարձր մակարդակի ընտրություններ են լինելու, քան նախկինում: Մենք տեսնում ենք,որ կան բազմաթիվ շահագրգիռ կողմեր, որոնք անհրաժեշտ քաղաքական կամք են ցուցաբերում` երաշխավորելով բարձր մակարդակի ընտրություններ: Դա չի նշանակում, որ ընտրությունները կատարյալ կլինեն, շատ բան հնարավոր չէ կանխատեսել: Բայց այս պահի դրությամբ մենք լավատես ենք: ՀՀ քաղաքացիները պետք է ավելի շատ վստահություն և արժանահավատություն ունեն, իսկ մենք պետք է քաջալերենք, որ նրանք գնան ընտրության այն հավատով, որ իրենց ձայնն այս անգամ տեղ կհասնի: Մենք հավատում ենք, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ մարդիկ ցանկանում են ունենալ ժողովրդավարության բարձր մակարդակ, մասնավորապեա ընտրական գործընթացներում»,- ասաց դեսպանը` հավելելով, որ ԵՄ-ը հարևան ոչ մի երկրում այսքան գումարներ չի ներդրել, և Հայաստանն այս առումով շատ արտոնյալ դիրքում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: