Հայերեն   English   Русский  

​Մենք միասին գնալու ենք դեպի «ժառանգություն» համախմբում և հաղթանակ. Արմեն Մարտիրոսյան


  
դիտումներ: 1011

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդրանիկ համագումարը: Համագումարի բացման խոսքով հանդես եկավ դաշինքի ցուցակի երկրորդ թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Իր բացման խոսքում Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն իր տեսակով եզակի է, քանի որ երեք փորձառու պետական գործիչներ միավորել են իրենց գիտելիքները:

«Պատասխանատվության այն բարձր զգացումը, որն առաջնորդեց Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և Վարդան Օսկանյանին, արժանի է միայն գովեստի: Այն կայացած ուղին, որն անցել են այս քաղաքական գործիչները, համոզմունքն է այն բանի, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կարևոր նպատակ ունի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ապա պատգամավորն ընթերցեց փետրվարի 24 -ին Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի ստորագրած համաձայնագիրը. «Գիտակցելով մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ նոր որակի իշխանության ձևավորումը, ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ երկրում ստեղծված իրավիճակին դիմագրավելու համար անհրաժեշտ է հասարակական ու քաղաքական ուժերի լայն համախմբում: Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը՝ մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և դրանով մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին»:

Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ համաձայագիրը բաց է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայով մտահոգ քաղաքացիների համար: Նրա խոսքով՝ համաձայնագրին արդեն միացել են մի շարք ՀԿ-ներ ու կուսակցություններ:

«Մենք միասին գնալու ենք դեպի ժառանգություն, համախմբում և հաղթանակ», - ասաց Արմեն Մարտիրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: