Հայերեն   English   Русский  

Տաքսու վարորդի սպանության գործով կասկածյալի վերաբերյալ մեկ այլ գործ կա դատարանում


  
դիտումներ: 520

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, տաքսու վարորդի սպանության մեջ կասկածվող Վարդան Հոսեփյանը չի կարողացել մեքենայով փախուստի դիմել. մեքենան խրված է եղել ձյան մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ին՝ ժամը 16-ի սահմաններում, 1992 թ. ծնված Վարդան Հ.-ն Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից նստել է Կարլեն Գրիգորյանի «Մերսեդես C180» մակնիշի տաքսի ավտոմեքենան՝ Գյումրի մեկնելու նպատակով:

Արմավիր-Գյումրի ճանապարհին՝ Թլիկ գյուղի մոտ, վերջիններիս միջև ծագել է վիճաբանություն, որի ընթացքում Վարդան Հ.-ն դանակով հարվածել է Կ. Գրիգորյանին, պատճառել մահ, ապա դիմել է փախուստի:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, կասկածյալ, 24- ամյա Վարդան Հովսեփյանի վերաբերյալ մեկ այլ գործ կա դատարանում՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց իրացնելու նպատակների թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ խոշոր չափերով, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով Վարդան Հովսեփյանը հանցավոր է ճանաչվել հիշյալ հոդվածներով և դատապարտվել 8 ամսվա պայմանական ազատազրկման՝ 1 տարվա փորձաշրջանով:

Դատավճռի դեմ բողոք է ներկայացվել մեղադրողի կողմից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: