Հայերեն   English   Русский  

Միջնաժամկետ հիմնական ծախսերն ուղղվելու են թոշակներին ու աշխատավարձերին


  
դիտումներ: 1287

Առհասարակ, յուրաքանչյուր երկրում կարևոր տեղ է հատկացվում տվյալ երկրի միջնաժամկետ ծախսային ծրագրերին: Դա կարևոր է այնքանով, որ ցանկացած բյուջետային ծրագիր հետապնդում է 1 տարվա նպատակների իրականացում:

Սակայն կան բազմաթիվ, հատկապես կապիտալ բնույթի միջոցառումներ` ծախսեր, որոնք ոչ թե 1 տարվա պլանավորում են պահանջում, այլ շարունակական բնույթ ունեն: Այդ առումով չափազանց կարևոր է միջնաժամկետ ծախսային ծրագրերի ինստիտուտը, և հասկանալի է, որ դա պետք է երկրում իրականացվող շարունակական ծրագրերի իրականացման ժամանակ ծառայի ծրագրերի կայունությունը, ռիթմիկությունը, շարունակականությունն ապահովելուն: Այսինքն` միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ըստ էության, կարևոր է աշխարհի ցանկացած երկրում բյուջետային համակարգի արդյունավետությունը բարձր պահելու համար:

Այդպես է նաև Հայաստանի Հանրապետությունում, համենայն դեպս` «բյուջետային համակարգի մասին» օրենքով: Ու հենց օրենքին համապատասխան էլ կառավարությունը ներկայացնում է միջնաժամկետ ծախսային ծրագիր: Այդպիսի մի ծրագիր էլ` «2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը», կառավարությունը հաստատեց իր անցյալ նիստի ժամանակ: Հայաստանում այն խնդիրներն ու նպատակները, որոնք անհետաձգելի են եղել, գերխնդիրներ ու գերնպատակներ են հետապնդել և պահանջել են շարունակական բնույթ, ծախսային ծրագրում ունեցել են իրենց արտացոլումը և հնարավոր այն ֆինանսական մակարդակները, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերն իրականացնելու համար: Այդպես է ներկայացրել գործադիրը:

Հայաստանում այնքան ծրագրեր են տապալվել կամ այլ ուղիով ընթացել, որ ակամա հարց է առաջանում` արդյոք այս անգամ ներկայացված ծրագիրը համապատասխանո՞ւմ է մեր երկրի համար գերակա համարվող խնդիրների լուծման անհրաժեշտությանը. «Որպես կանոն, փոքր-ինչ շեղումներով, տարբեր տարիների միջնաժամկետ ծախսային ծրագրերը համապատասխանել են այն բոլոր խնդիրներին, ինչը որ դրված է եղել: Այս ծրագիրը ևս իրատեսական է: Իրատեսականության հարցում կարող եք չկասկածել, այստեղ միակ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կարող է պատահել, չկարողանա այդքան ծավալի հատկացումներ ապահովել»,- ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բոլոր դեպքերում, միջնաժամկետ ծախսային ծրագրերի ներկայացման մեխանիզմն այնպես է նախատեսված, որ գործում է հանձնաժողով, որտեղ կոլեգիալության սկզբունքով նշվում են գերակա խնդիրները, հիմնական ուղղությունները, և հնարավոր հատկացումների ծավալը գնահատելով, ինչպես նաև գնահատելով տվյալ տարվա համար պետական բյուջեի հնարավոր մուտքերը` կազմվում է միջնաժամկետ ծախսային ծրագիրը:

«2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, իհարկե, համապատասխանում է այն խնդիրների ու հարցերի լուծման տրամաբանությանը, որոնք այսօր լուծում են պահանջում: Այլ բան է` դրանք արդյունավե՞տ կիրականացվեն, թե՞ ոչ, բայց համապատասխանության հարցում կասկածել պետք չէ: Իհարկե, ՀՀ միջոցները ամենազանազան ծրագրերի նախագծերի համար միշտ էլ բավարար չեն, մենք չունենք մեծ հնարավորություններ, բայց ինչ վերաբերում է չափաքանականերին, ուղղորդումներին` տարիների կտրվածքով, բնականաբար, դրանք հետապնդում են ավելի գերակա խնդիրների իրականացում և հատկապես ուղղվում են նման լուծումներ պահանջող տեղամասեր»,- ասաց Վ. Բոստանջյանը:

Կառավարությանը ներկայացնելով ծրագրի հիմնական թվերն ու ուղղությունները` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ մասնավորապես 2014 թվականի համար նախատեսվում է ՀՆԱ-ի նոմինալ 6.9 տոկոս աճ, շուրջ 10 տոկոս նոմինալ աճ` 2015 թվականին և շուրջ 11 տոկոս` 2016 թվականին: Այս աճերի պարագայում ենթադրվում է, որ պետական բյուջեի եկամուտների գումարը 2014 թ. կկազմի 1 տրիլիոն 146 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23.63 տոկոսը: Ընդ որում`113 միլիարդ դրամով ավելացման մեծ մասը (շուրջ 110 միլիարդ դրամի չափով` 2013 թվականի համեմատ) տեղի է ունենալու հարկային եկամուտների հաշվին:

«Նմանատիպ աճեր 2015 և 2016 թ2. նույնպես նախատեսված են. 116 միլիարդ հարկային եկամուտների աճ 2015 թ. և նմանատիպ սկզբունքով հաշվարկ` նաև 2016 թ. համար: Հիմնական սցենարով հարկերի հավաքագրման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կաճի միջինը 0.3 տոկոսի չափով: Ըստ այդմ` նաև ծրագրված են պետական բյուջեի ծախսերը, որոնք 2014 թ. համար կկազմեն 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 25,93 տոկոսը, այլ կերպ ասած` 2013 թ. համեմատ աճը կկազմի շուրջ 105 միլիարդ դրամ: Նմանատիպ ծախսերի նախատեսում արված է նաև 2015 և 2016 թթ. համար»,- ներկայացրեց Դավիթ Սարգսյանը:

Առաջիկա երեք տարիների համար միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնական շեշտադրումները վերաբերում են երկու խոշոր ծախսային հոդվածներին: Առաջինը աշխատավարձերի բարձրացումն է, քանի որ ենթադրվում է, որ 2014 թ. հունվարի 1-ից հանրային բոլոր բնագավառներում տեղի կունենան աշխատավարձերի բարձրացումներ` տարբեր չափերով, դա կկազմի շուրջ 51 միլիարդ դրամի ծախս: Դրանից բացի, քանի որ հունվարի 1-ից սպասվում է նաև նվազագույն աշխատավարձերի բարձրացում մինչև 50 հազար դրամ, ապա ևս 10 միլիարդ դրամ կուղղվի աշխատավարձերի այդ բարձրացմանը:

«Ընդհանուր առմամբ` մենք ունենք 240 միլիարդից ավելի աշխատավարձի ֆոնդ, որը վճարվում է պետության կողմից: Աճը հաջորդ տարի կկազմի 60 միլիարդ կամ շուրջ 40 տոկոս: Բայց դա միջինացված է, քանի որ տարբեր սանդղակներով, տարբեր աշխատատեղերի համար ու տարբեր սկզբունքներով է կատարվելու»,- նշեց ֆինանսների նախարարը:

Ծախսերի ավելացման հաջորդ խոշոր ուղղությունը կենսաթոշակներն են: Մի կողմից` շուրջ 20 միլիարդ դրամ լրացուցիչ ծախսեր են նախատեսվում` պայմանավորված այն հանգամանքով, որ 2014 թ. ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը, որով քաղաքացիները պարտավոր են իրենց եկամտի 5 տոկոսի չափով գումար փոխանցել իրենց անձնական հաշիվներին որպես ապագա կենսաթոշակ, իսկ պետությունը ևս 5 տոկոսի չափով մասնակցելու է այդ կուտակմանը: Ուստի այդ ծրագիրը շուրջ 20 միլիարդ դրամ է պահանջելու: Դրանից բացի, ծախսեր են լինելու սոցիալական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ կենսաթոշակային ծախսերը, բացի կուտակային համակարգի ծրագրից, կազմելու են շուրջ 37.7 միլիարդ դրամ: Կան այլ ուղղություններ ևս: «Օրինակ` պաշտպանության, գիտության ֆինանսավորման ավելացումը և մնացած բոլոր հոդվածները, որոնք, որպես սկզբունք, վերջին մի քանի տարիների ընթացքում մշտապես ավելացվել են պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերով»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Այս ծրագրին չի հավատում տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը: Նա նույնիսկ չուզեց խոսել կառավարության որևէ ծրագրի մասին. «Ի՞նչ կարելի է սպասել այս կառավարությունից, թող նրանք օֆշորներում իրենց փողերը լվան»,- ասաց նա:

Գևորգ Ավչյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: