Հայերեն   English   Русский  

​Հայաստանում քաղաքականությունն է որոշում տնտեսության անելիքը. Արմեն Մարտիրոսյան


  
դիտումներ: 943

Հայաստանում տնտեսությունը ոչ թե անկախ մի ճյուղ է, այլ կցված է քաղաքական որոշումներին: Հայաստանում քաղաքականությունն է որոշում տնտեսության անելիքը:

Քաղաքականությունն է որոշել նաև, որ տնտեսական դաշտը պետք է դառնա մենաշնորհային: Այսօր ՛՛Կոնրադ Ադենաուեր՛՛ հիմնադրամի կազմակերպած միջոցառման շրջանակներում, խոսելով ՛՛Օհանյան-Րաֆիի-Օսկանյան՛՛ դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական դրույթներից, ասաց դաշինքի անդամ, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ դաշինքի ծրագրի տնտեսական մասը շատ լայն է, այնտեղ կան դրույթներ վերաբերող թե փոքր և միջին բիզնեսի, թե արդյունաբերության, թե գյուղատնտեսության զարգացմանը:

՛՛Փոքր և միջին բիզնեսի զարգացման համար մեր դաշինքն առաջարկում է հարկային արձակուրդ, փոքր և միջին բիզնեսին տրված արտոնությունների դեպքում մենք նախևառաջ կունենանք քաղաքացիների մի հսկայական շերտ, որը չի արտագաղթի Հայաստանից: Մենք պետք է ամենալայն հնարավորությունները ստեղծենք թեթև արդյունաբերության զարգացման համար: Մեզ մոտ հանքարդյունաբերությունը հանքաքարի վերամշակումից այն կողմ չի անցնում, արդյունաբերությանը տրված արտոնությունների շնորհիվ մենք կարող ենք հանքաքարի վերամշակման ամբողջական ցիկլի անցնել, որի դեպքում բազմաթիվ աշխատատեղեր կստեղծվեն: Գյուղատնտեսության ոլորտի զարգացման հետ կապված մեր դաշինքն ունի տարբերակված մոտեցումներ: Սահմանամերձ, ինչպես նաև լեռնային գյուղերում պետք է հարկային արտոնությունները մեծացվեն, գյուղատնտեսության ոլորտում մենք ունենք սուբսիդավորման անհրաժեշտություն: Պետությունն ինքը պետք է վերահսկիչ ֆունկցիա կատարի գյուղատնտեսության, այդ թվում, մանրածախ առևտրի ոլորտում՛՛,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հարցին` արդյոք 365 օրվա ընթացքում երկիրը աղետալի վիճակից դուրս բերելու դաշինքի հայտարարությունը պոպուլիստական հայտարարություն չէ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.՛՛ Պոպուլիստական որակավորումը ճիշտ չէ, այս հայտարարությունը նշանակում է, որ ամենօրյա փոփոխություններ են տեղի ունենալու: Խոսքն այն մասին չէ, որ այդ օրերի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են, խոսքն այն մասին է, որ քաղաքացիները ամեն օր զգալու են այդ փոփոխությունները՛՛:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: