Շախմատի ՀՀ ազգային հավաքականները չեն մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը տեղեկացրել է, որ թե տղամարդիկ, թե կանայք այդ իրավունքը չեն նվաճել.
«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:
Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - պարզաբանել է Վարդապետյանը, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիկան կոմիտեն:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող: Բացի այդ, հավաքականը երեք անգամ դարձել է օլիմպիադաների և չորս անգամ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և մեկ անգամ՝ բրոնզե մեդալակիր: Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012):