Հայերեն   English   Русский  

Թուրք դատախազը Դինքի գործով Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել


  
դիտումներ: 707

Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի հիմնադիր, նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործով հետաքննություն անցկացնող դատախազ Գյոքալփ Քյոքչյուն Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում 2016 թ-ի հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել:

Ինչպես հաղորդում «Ակոս» թերթը, դատախազը ևս հինգ անձնաց, մասնավորապես` Զեքերիա Օզին, Ֆարուք Մերջանին, Ադեմ Յավուզ Արսլանին, Հալիլ Իբրահիմ Քոջային և Էքրեմ Դումանլըին ձերբակալելու որոշում է կայացրել: Վերոհիշյալ անձանց ձերբակալելու որոշման մեջ նշված է, որ Դինքի սպանության գործով անցնող մի շարք պետական պաշտոնյաներ օգտվել են «ByLock» գաղտնի հաղորդակցության համակարգից, և որ անհնար է` Դինքի սպանությունը Ֆեթուլլահ Գյուլենից անկախ, առանց նրան տեղեկացնելու և նրա կողմից հավանություն ստանալու իրականացված լիներ:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Համաձայն պետական դիրքորոշման` հեղաշրջման փորձի կազմակերպման համար Գյուլենի կողմնակիցներն օգտվել են «ByLock» գաղտնի հաղորդակցության համակարգից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: