Հայերեն   English   Русский  

​Համերգ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի հիշատակին


  
դիտումներ: 3437

Մարտի 23-ին, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն օպերային երգիչ, ՀՀ և ԼՀ ժողովրդական արտիստ ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին նվիրված համերգային երեկո:

Ելույթ կունենան մաեստրո Գրիգորյանի ընկերներն ու աշակերտները: Նույն օրը, ժամը 13։00-ին հիշատակի արարողություն է նախատեսված «Կոմիտաս» Պանթեոնում նրա շիրմի մոտ։

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951թ. հունվարի 29-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971թ.` 20 տարեկանում, 1972թ. մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1975թ. կայացել է նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում: 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ամբողջ Խորհրդային Միությունում: 1978թ. մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, որոնք հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնելու «Լա Սկալա»-ում: Այդ տարիներին Իտալիայում Գեղամ Գրիգորյանը ունեցել է մի շարք համերգներ: «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերա): Այս ելույթից հետո նա «Լա Սկալա»-ի թատրոնի հետ ստորագրել է պայմանագիր՝ «Բորիս Գոդունով» և «Տոսկա» օպերային ներկայացումներում գլխավոր դերերով հանդես գալու համար։

Մեծանուն օպերային երգիչ և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թ. մարտի 23-ին, 65 տարեկանում:
«Երկար մնացել եմ և՛ Լոնդոնում,և՛ Միլանում և՛ Հռոմում, և՛Բուենոս Այրեսում, բայց եթե ընտրեի՝ որտեղ ապրել, ապա միայն Երեւանում»,-մի առիթով ասել է Գեղամ Գրիգորյանը։

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժին





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: