Հայերեն   English   Русский  

ԵՏՄ-ի և Հայաստանի տնտեսությունը 2016թ. և ՀՀ տնտեսական սպասելիքներ 2017թ. ընթացքում (տնտեսական վերլուծություն)


  
դիտումներ: 1609

Տնտեսական միջին աճն աշխարհում՝%-ով

2015`3.2

2016`3.1

2017`3.4

Բայց կարևոր գործընկեր երկրների դեպքում` ՌԴ 2015 - ( - 3.7 )

2016` (-0.41)

2017` (+1.1 )

2017թ. ընթացքում Եվրոզոնայում կլինի տնտեսական ընդհանուր տեմպերի նվազում, և տնտեսական աճը, եթե 2015թ. 4% էր, 2016 թվականին՝ 1.7%, ապա 2017թ. սպասվում է 1.5%:


Չնայած այն հանգամանքին, որ պղնձի գինը միջազգային շուկայում կաճի, այնուամենայնիվ, հաշվի առնելով ՀՀ-ից մետաղների արտահանման շուկայի կառուցվածքը և ընդհանուր գնողունակության նվազումը ԵՄ երկրներում՝ ՀՀ-ի արտահանման ծավալները դեպի ԵՄ երկրներ կարող են նվազել: Մյուս կողմից, մետաղների մի մասի արտահանումը դեպի ԱՄՆ և Կանադա ԱՄՆ-ի տնտեսական աճի շնորհիվ (2017թ. 2.2% սպասվելիք) կարող է դրական հավասարակշռություն ստեղծել ԵՄ արտահանման նվազման նկատմամբ:

Մխիթարական է, որ գլոբալ զարգացման տեսանկյունից դիտարկելիս, եթե գումարենք տնտեսական ցուցանիշները, ՀՀ-ը հիմնական շուկաների տեսանկյունից (ԱՄՆ, Չինաստան, ՌԴ զարգացող շուկաներ, ԵՄ, ներառյալ ՀՀ), և միջինացնենք տնտեսական աճը, ապա 2015թ.՝ 1.58%, 2016թ.՝ 1.69%, 2017թ. 3.1% է սպասվում, ստացվում է, որ 2017թ. ցուցանիշը 2 անգամ կգերազանցի 2015թ. նկատմամբ:

Մյուս կողմից, տրանսֆերտների ծավալը թե՛ ՌԴ-ից և թե՛ ԱՄՆ-ից նորից էականորեն կաճի 2017թ. ընթացքում: Սակայն սա կլինի գերազանցապես ռուբլով, դոլարի քանակը քիչ կավելանա: Հետևաբար ռուբլու քանակը ՀՀ-ում կավելանա, որը կհարկադրի առևտրի լրացուցիչ զարգացում ՌԴ-ի հետ: Ներմուծման մեջ ՌԴ-ը կգերակշռի, իսկ արտահանման ծավալները կավելանան լրացուցիչ՝ մոտ 10%-ի չափով:

ՀՀ-ում աղքատությունը մնում է բարձր մակարդակի վրա: Հետևաբար գալիք ԱԺ ընտրություններում կուսակցությունների ծրագրերը և կառավարության ուշադրությունը պետք է լինի այն արագ նվազեցնելը: Ներկայումս աղքատությունը ՀՀ-ում 29.8% է, Վրաստանում՝ 2 անգամ պակաս, Ադրբեջանում՝ 6 անգամ պակաս ՀՀ-ից, իսկ Ղազախստանում՝ 4.5: Քանի այդ ցուցանիշը բարձր է ՀՀ-ում, միգրացիան կշարունակվի: Որպեսզի աղքատությունը ՀՀ-ում գոնե 2 անգամ նվազի, անհրաժեշտ է առնվազն մի քանի հնարավորությունների կիրառություն:

  • 100 հազար նոր աշխատատեղերի ստեղծում կամ
  • Աղքատ ընտանիքներ պետք է մտնի 350-400 մլն դոլար լրացուցիչ գումար 2017թ. ընթացքում: Դրանք այլընտրանքային կդառնան, եթե տրանսֆերտների ծավալն աճի մոտ 40%-ով, որից ՌԴ-ի մասը կարող է կազմել մինչև 80%-ը:
  • 3-րդ տարբերակը՝ խթանել ինքնազբաղվածների թիվը և ընտանեկան բիզնեսը: Եղած գնողունակության պայմաններում տուրիստների թվաքանակի ավելացում առնվազն 300 հազարով, որպեսզի խթանվի ինքնազբաղվածությունը և ընտանեկան բիզնեսը, կամ էլ բնակչության գնողունակության աճ տեղի ունենա շուրջ 10%-ով:

Մենք գործ ունենք լուրջ թվերի հետ: Եղած տարբերակներում ամենահեշտը տրանսֆերտների տարբերակն է՝ կախված ՌԴ-ի վիճակից: Սակայն պետք է խթանել մյուս բաղադրիչները՝ ապագայում կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ ստեղծելու համար:

Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է մնում երիտասարդության շրջանում, այդ պատճառով շատ երիտասարդներ նշում են (մոտ 44.5%-ը), որ իրենց ընտանիքի գումարը բավականացնում է գնելու միայն սնունդ ու հագուստ, բայց բավարար չէ ավելի մեծ գնումներ կատարելու համար (օրինակ՝ հեռուստացույց, սառնարան, կենցաղային իրեր և այլն): 5.8%-ը նշում է, որ գումարը բավականացնում է միայն սնունդ գնելու համար:

Այսպիսով, երիտասարդների շուրջ 53%-ն էականորեն ապահովված չէ անհրաժեշտ գնումներ կատարելու և ապրելու հարցում: Բացի դրանից հարկ է նշել, որ երիտասարդներին աշխատաշուկայում ինտեգրելու համար կարևոր գործիք է նվազագույն աշխատավարձը:

Ներկայումս նվազագույն աշխատավարձի դեպքում տնտեսական էլեմենտները հաշվի չեն առնվում, օրինակ՝ աշխատուժի արտադրողականություն, հմտություններ, աշխատաշուկայի իրավիճակ: Գերակշռում է միայն սոցիալական էլեմենտը, այն է՝ նվազագույն զամբյուղին մոտեցնելը և դրանով աղքատության կրճատումը: Նվազագույն աշխատավարձը դիվերսիֆիկացված չէ ըստ աշխատողների փորձառության կամ հմտությունների:

Մյուս կողմից, համատեղ հավաքման արտադրությունների խթանումը ՀՀ-ում էականորեն կարող է բարձրացնել ձեռնարկատիրական մշակույթը և բարելավել աշխատուժի որակը, խթանել կրթություն-աշխատաշուկա կապը, որոնք կարևոր են ձեռնարկությունների կայուն զարգացման համար: 2017թ. ընտրական ծրագրերում պետք է գերակա դառնան այս խնդիրների լուծումը և օրենսդրական դաշտի բարելավումը, որպեսզի խթանվեն տեղական բիզնեսները և ստեղծվեն նոր աշխատատեղեր:

Վերջին հաշվով կառավարություններն ընդհանրապես ոչ թե հետաքրքրված են միայն խնդիրների մասին լսելով, այլ նաև միտված են գտնելու սոցիալապես, տնտեսապես, քաղաքականապես ընդունելի առաջարկներ, որոնք հարմար են որոշումների կայացման համար: Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) բազմակողմանի հետազոտությունները և այլ զեկույցները վկայում են, որ տնտեսությունը որոշիչ է ՀՀ կայունության և ծաղկման, ինչպես նաև մարդկանց բարեկեցության հարցում: Չկա լավ տնտեսություն առանց լավ բիզնեսի, և չկա լավ բիզնես առանց բարենպաստ բիզնես միջավայրի, որը պետք է հնարավոր դարձնի բիզնեսի աճը և բարգավաճումը նոր արժեքներ ստեղծելու և ավելի շատ մարդկանց աշխատանքում ընդգրկելու համար: ՀՀ-ում բիզնես միջավայրն առնչվում է մի շարք խոչընդոտների հետ, որոնք, ըստ ՀԳՀՄ-ի հետազոտությունների, ամփոփված են 7 հիմնական բնագավառներում՝ լավ կառավարում և կոռուպցիա, կրթություն, ուսուցանում և ցկյանս ուսումնառություն, նպաստավոր իրավական և կանոնակարգող միջավայր, ֆինանսական ծառայությունների մատչելիություն, արդար մրցակցություն, առևտուր և կայուն տնտեսական ինտեգրում, ենթակառուցվածք (էներգետիկ ոլորտի վրա կենտրոնացմամբ):

Հարկային ծառայությունները պետք է արդիականացվեն կադրերով և առավել լավ կազմակերպվեն, որպեսզի ՀՀ-ը շարժեն առաջ՝ դեպի ավելի ընկերական ձեռնարկատիրական միջավայր և վարչարարություն:

ՀՀ-ում դեռևս բարձր մակարդակ ունի ստվերային տնտեսությունը, հետևաբար ստվերի դեմ պայքարը պետք է կազմակերպել զգուշորեն: Բիզնեսի մի մասը գոյատևում է ստվերային տնտեսության շնորհիվ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ուղեկցել տնտեսական զարգացման համար անհրաժեշտ գործարար միջավայրի բարելավման միջոցով: Հակառակ դեպքում ստվերային տնտեսության կրճատումը կառաջացնի էական անոմալիաներ և սոցիալական լրացուցիչ լարվածություն:

Ներկայումս սոցիալական վատ վիճակի և առկա խնդիրների վեկտորը հակառակ է ուղղված տնտեսության զարգացմանը: Որոշակի հավասարակշռված վիճակ է ձևավորվել ստվերային տնտեսության ու սոցիալական խնդիրների միջև, և այդ վիճակից դուրսբերումը պետք է կատարվի խելամիտ քայլերով: Այն կուսակցությունները, որոնք ունեն կոռումպացված անդամներ կամ ցածր ինտելեկտով պատգամավորների թեկնածուներ, չեն ցանկանա հաղթահարել կոռուպցիան և բարելավել գործարար միջավայրը, իսկ ստվերի առկայությունը կպահպանվի, և թույլ տնտեսության ու վատ սոցիալական վիճակի միջև հավասարակշռությունը կշարունակվի:

ԵԱՏՄ-ի վերաբերյալ: Երկու տարվա ընթացքում ՀՀ-ին դեռևս չհաջողվեց փոխել առևտրային հավասարակշռությունն անդամ երկրների հետ մինչև ԵԱՏՄ-ին միանալը (2013թ. ՀՀ-ի հիմնական առևտրային գործընկերներն էին ԵՄ երկրները միասին վերցրած, և 2-րդ տեղում ՌԴ-ը՝ մոտ 24% ՀՀ-ի հետ արտաքին առևտրի ծավալով: Իսկ Բելառուսը գտնվում էր ՀՀ արտաքին առևտրի երկրների շարքում, 18-րդ տեղում՝ կազմելով արտաքին առևտրի 0.9%-ը, Ղազախստանը՝ 26-րդ տեղում՝ 0.02%-ով), և միանալուց հետո էական տարբերություններ չառաջացան: Մյուս շուկաների հնարավորություններն են՝ արտահանման նոր տարածքներ, ԵԱՏՄ երկրներ - Իրանի հետ առևտրի խթանում, մուսուլմանական երկրներ, ՀՀ-ը որպես կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, ինչպես նաև այն, որ ՀՀ-ը հանդես գա որպես խելամիտ/սմարթ տարածք:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կարող է հանդես գալ որպես օպոնենտ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների զարգացման համար, իր տեխնիկական բնույթի խորհուրդներով, փակ տեղեկությունների տրամադրման շնորհիվ և իր պոլիգոններում ուսումնական պարապմունքների շրջանակում, փորձարկելու ստեղծված նախագծված և արտադրական նմուշները: Մասնավոր ընկերությունները հաճախ զուրկ են փորձարկման այդ հնարավորություններից: Դա թույլ կտա հայկական ընկերություններին ՏՏ, հեռահաղորդակցման, ճարտարագիտության, օպտիկայի և սարքաշինության ու էլեկտրոնիկայի ոլորտներից, իրենց նախագծային, կոնստրուկտորական և փորձնական քանակների արտադրության գործընթացներն էականորեն բարելավել, կրճատել նախագիծ-փորձնական նմուշ-վերջնական արտադրանք շղթայում ծախսվող ժամանակը, ինչպես նաև բարձրացնել այլ երկրների հետ պատվերների կատարման հավանականությունը, մեծացնել արտահանման ծավալները՝ բավարարելով սպառողների պահանջները: Մի քանի խոսք այլ երկրների՝ 2016թ. սոցիալ-տնտեսական ցուցանիշների մասին:

Երկրի անվանումը

ՀՆԱ մլրդ ԱՄՆ դոլար Գործազրկություն % Աղքատություն
%
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ԱՄՆ դոլար տնտեսական աճ

ԱՄՆ

18500 4.9 13.5 57300 1.6

Չինաստան

11400 4.02 4.1 21606 6.7

Գերմանիա

3500 4.6 4.2 41895 1.9

ՌԴ

1267 5.4 12.8 7742 -0.41

Դանիա

302.5 4.6 9.5 53243 1

Թուրքիա

735.7 11.8 11.2 8562 -2.7

Իրան

412.3 11.29 9.8 4798 4.5

Ղազախստան

128.1 5 4.9 6471 1

Ադրբեջան*

53 5.3 5 3701 1.1

Վրաստան

13.9 12 15 3790 2.2

Հայաստան

10.5 18 29.8 3602 0.5
  • * - Առկա է անկախ փորձագիտական հաշվարկ, որ տնտեսական անկումն Ադրբեջանում կազմում է իրականում -4.4%՝ներկայացվող 1.1% -ի փոխարեն:

Այսպիսով, ամփոփելովկարելի է եզրակացնել, որ ՀՀ տնտեսական զարգացման իրական մոդելը գալիք տարիների համար պետք է գլխավորապես ուղղված լինի այնպիսի ծրագրերի իրականացմանը և ռազմավարական կարևոր ոլորտների զարգացմանը, որոնք ներկայումս արդեն սկսված կոռուպցիայի դեմ պայքարի և ստվերային տնտեսության կրճատման գործընթացներին զուգահեռ խիստ նկատելի ցուցանիշներով հնարավորինս կարճ ժամանակահատվածում կնվազեցնեն աղքատության և գործազրկության մակարդակը ՀՀ-ում:

Մյուս կողմից, տեղական արտադրությունները ներքին և առավելապես արտաքին շուկայում օժտված չեն անհրաժեշտ մրցունակությամբ: Գործարարների մտածելակերպում հաճախ գերիշխող են կարճաժամկետ ծրագրերը և առևտրականի հոգեբանությունը՝ պայմանավորված գործարար միջավայրում առկա անհավասար մրցակցությամբ, կոռուպցիայով և բարձր ստվերայնությամբ: Երկարաժամկետ հատվածում չգոյատևելու վտանգի հոգեբանության պատճառով նրանք հեռահար և արտահանման զարգացման ռազմավարական ծրագրեր չեն մշակում և դրանք հազվադեպ են կիրառում: Միայն տարիների ընթացքում բիզնեսին պատճառված վնասների գիտակցման և ճանաչման դեպքում կարելի է հույս ունենալ, որ 2017թ. ապրիլի ԱԺ ընտրություններից հետո ձևավորվող կառավարությունն ի վիճակի կլինի համարձակ քայլերով կատարել անհրաժեշտ բարեփոխումներ:

Գագիկ Մակարյան

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ)

գործընկեր փորձագետ

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: