Հայերեն   English   Русский  

​Իրանցի զբոսաշրջիկներից ոչ միայն դժգոհել է պետք, այլև՝ գնահատել


  
դիտումներ: 4059

Այս օրերին Երևանում կարելի է մեծաթիվ իրանցիների հանդիպել, ինչը հայաստանցիների շրջանում հակասական տրամադրություններ է առաջացնում՝ զայրույթ, դժգոհություն, գոհունակություն, նույնիսկ՝ զվարճություն:

Բայց փաստն այն է, որ Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերջին 15 տարիների ընթացքում դինամիկ աճում է: Համեմատության համար նշենք, որ եթե 2000-ականների սկզբին Հայաստան էր այցելում տարեկան միջինը 7-8 հազար իրանցի, ապա 2016-ին արդեն՝ 188 հազարից ավելի ` արձանագրելով նախորդ տարվա համեմատ ցուցանիշի 31 տոկոսանոց աճ: Կամ, ինչպես մարտի 20-ին ասում էր Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, 2016 թ. Հայաստանում զբոսաշրջության 5.7 տոկոս աճ է գրանցվել, որի մեծ մասը պայմանավորված է Իրանից Հայաստան այցելող զբոսաշրջիկների 31 տոկոս աճով:

Իրանցիներին Հայաստան բերող գլխավոր առիթը Նովրուզ-Բայրամ տոնն է (իրենց ամանորը): Այն սկսվում է մարտի 21-ից և տևում 13 օր: Հենց այդ երկու շաբաթվա ընթացքում էլ Հայաստան եկող իրանցիների ամենամեծ հոսքն է նկատվում: Այդ պատկերը հաստատվում է նաև պաշտոնական վիճակագրությամբ: Այսպես, 2016 թ. հունվար-մարտին Հայաստան է այցելել 38415 իրանցի, որը նախորդ տարվա համեմատ աճել է 45,62 տոկոսով: Իսկ միայն անցյալ տարվա մարտին Հայաստան այցելած իրանցիների թիվը կազմել է 28 714, ինչը 53,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսին Հայաստան այցելած իրանցիների թվից: Սա բավականին աշխուժացնում է զբոսաշրջության, հետևաբար նաև ծառայությունների, առևտրի, հուշանվերների արտադրության ու վաճառքի, տրանսպորտի և այլ ոլորտները: Օրինակ` Հայաստանում արդեն զբոսաշրջային սեզոնը երկարաձգվել է և սկսվում է ոչ թե նախկինի պես ապրիլից, այլ մարտից: Եվ սա հիմնականում Իրանից Հայաստան այցելությունների շնորհիվ է: Զարմինե Զեյթունցյանը նաև նշում էր, թե ինչ քայլեր են արվել, արվում և արվելու, որպեսզի Իրանից Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ գան, ավելի շատ մնան ու ավելի շատ փող ծախսեն մեր երկրում:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի դիտարկմամբ` իրանցի զբոսաշրջիկների աճին նպաստող երկու գործոն կա` 2016 թվականին Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի վերացումը և Իրանում հաստատված տնտեսական կայունությունը: Բացի այդ, Իրանն այն երկրների թվում է, որտեղ զբոսաշրջության ոլորտը կառավարելի է և ուղղորդվող, այսինքն` զբոսաշրջիկների հոսքը պայմանավորված է նաև տարածաշրջանային քաղաքական իրավիճակով և պետական մակարդակով արվող հայտարարություններով:

Հանուն անկեղծության նշենք նաև, որ Հայաստանում իրանցի զբոսաշրջիկների հանդեպ վատ վերաբերմունք էլ կա, ինչը նկատում ու զգում են նաև իրենք՝ իրանցիները: Մեր հարևանները շատ են բողոքում, որ անարգված են զգում այստեղ, վատ վերաբերմունք կա: Սա ունի իր թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվն այն է, որ իրանական «ավանդապահությունից» հետո Հայաստանում իրանցիները միանգամից չափ ու սահմանն անցնում են, երբեմն չարաշահում ալկոհոլը, երբեմն անախորժ վարքագիծ դրսևորում: Բայց սուբյեկտիվ գործոնն էլ այն է, որ բոլորին նույն արշինով ենք չափում. քիչ չեն դեպքերը, երբ խանութներում, տարբեր ծառայություններ մատուցելիս, հանգստի և զվարճանքի վայրերում, նրանց շատ ենք խաբում, փորձում «կլպել»` գրպանները դատարկելով: Սա, ըստ տուրիզմի ոլորտի պատասխանատուների, նաև տեղեկատվության պակասի հետևանք է: Հայաստանն այս տեսանկյունից համապատասխան աշխատանքներ տանելու խնդիր ունի, որպեսզի իրանցի զբոսաշրջիկներն առավել հարմարավետ զգան իրենց Հայաստանում:

Մի թյուր կարծիք էլ կա, թե իրանցի զբոսաշրջիկները Հայաստան են գալիս միայն հարբելու, գիշերային ակումբներում ժամանակ անցկացնելու համար: Այս առումով Զարմինե Զեյթունցյանը նշեց. «Այստեղ գալիս են իրենց հագուստները նետելու, շոփինգ անելու և զվարճանալու համար: Բացի դրանից, իրանցիներն արվեստասեր են, այցելում են պատմական և մշակութային վայրեր»,- ասաց Զեյթունցյանը:

Իսկ «Ռեստ-տուր» ընկերության հիմնադիր Արամ Բլեյանը ասում է. «Իրանցի զբոսաշրջիկներին շատ է գրավում Հայաստանը հիմնականում ազատությամբ, որպես ազատ երկիր, նաև մատչելիությամբ` համեմատած այլ երկրների, վիզային ռեժիմով, որն արդեն դուրս է եկել, տեսարժան վայրերով: Այստեղ գալիս են գնումներ կատարելու: Գալիս են ոչ միայն հանգստի համար, այլև՝ դեսպանատների, քանի որ այնտեղ, ինչպես գիտենք, խոչընդոտներ կան, որոշ դեսպանատներ չկան, օրինակ՝ ԱՄՆ-ի, Կանադայի, նրանք գալիս են այդ դեսպանատներ դիմելու համար և մի քանի օր էլ մնում են»:

Ըստ տուրօպերատորների դիտարկումների` իրանցիները Հայաստանում մնում են մոտ 3-4 օր: Ընդ որում, Հայաստան են գալիս տարբեր խավերի ներկայացուցիչներ, որոնք կարող են իջևանել ինչպես ամենաթանկ հյուրանոցներում, այնպես էլ մոթելներում ու հոսթելներում, վարձով տրվող բնակարաններում: «Հայ-իրանական բարեկամության միություն» ՀԿ-ի նախագահ Վոլոդյա Առուշանյանը, օրինակ, օրերս նշում էր, որ Հայաստան եկող հիմնական զանգվածը Ատրպատականից է, որը գերադասում է մնալ հոսթելներում և բնակարաններում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ապրանքներ կամ ծառայություններ են սպառում իրանցի զբոսաշրջիկները մեր երկրում, ապա դա նույնպես խիստ խայտաբղետ է, կան ինչպես թանկարժեք բրենդային խանութներից գնումներ կատարողներ, ամենաշքեղ ու թանկարժեք ծառայություններից օգտվողներ, այնպես էլ շուկաներից գնումներ անող ու «խնայող» իրանցիներ: Համենայն դեպս, իրանցի զբոսաշրջիկների հետ շփվողները նշում են, որ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկները թե՛ խնայող են, թե՛ ծախսող, ժլատ չեն, բայց փողի գինը գիտեն, ռուսների նման շռայլ չեն, բայց իրենց հանգստի, սննդի համար ըստ պահանջի ծախսում են:

Ըստ վիճակագրական տվյալների` իրանցի մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 700-800 դոլար գումար է ծախսում: Փաստորեն, միայն անցյալ տարի 188 հազար իրանցի զբոսաշրջիկները Հայաստանում 130-150 միլիոն դոլար գումար են ծախսել: Սա, ինչ խոսք, վատ ցուցանիշ չէ, բայց պետք է զարգացնել: Մանավանդ որ, ըստ տուրօպերատորի, նախկինում իրանցիների տուրիստական հոսքը` տարեկան 1-2 մլն զբոսաշրջիկ, ուղղվում էր Թուրքիա, բայց Իրան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիայում կատարվող ահաբեկչություններն իրանցի զբոսաշրջիկներին անհանգստացնում են, և նրանք Թուրքիան փոխարինել են Հայաստանով, Վրաստանով և Ադրբեջանով: Այսինքն` չպետք է մոռանալ, որ հարևաններն էլ քնած չեն ու իրանցի զբոսաշրջիկներին գրավելու համար բազմաթիվ քայլեր են ձեռնարկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: