Հայերեն   English   Русский  

Սկզբում մի քիչ տանջվում ես, բայց հետո տանջանքդ հատուցվում է հաջողությամբ


  
դիտումներ: 3418

«Բիզնեսում պետք է բանիմաց լինես ու քո գործից քաջատեղյակ, երկրորդ` կամք ունենաս և երրորդ` ազնիվ աշխատես: Այսինքն` չասես, թող որակը մի քիչ ցածր լինի, բայց շատ աշխատեմ: Ո՛չ, պետք է տանջվել որակի վրա, հետո որակի վրա թափած ջանքերը կվերադառնան, որակիդ շնորհիվ գնորդներն իրենք կզիջեն 10-20 կամ 100 դրամը, կասեն՝ ոչինչ, տանք, բայց որակյալը վերցնենք»,- «Անկախի» հետ զրույցում նշում է բժշկական պլաստիրների արտադրությամբ զբաղվող «Այ պլաստ» ընկերության հիմնադիր-տնօրեն Հարութ Գասպարը:

Բիզնեսմենն էլ, նրա կարծիքով, որպեսզի հաջողության հասնի, կամք ունենալուց բացի, պետք է արագ կողմնորոշվի, ձեռներեց լինի ու խոսքից, մտքից արագ գործի անցնի, օգտվի հնարավորությունից: Մտքիդ ինչ-որ լավ գաղափար եկա՞վ, պետք է միանգամից գործի անցնես ու կյանքի կոչես այն, որովհետև եթե ուշանաս, ուրիշը նույն բանը կանի: Այսինքն՝ պետք է պահն օգտագործես ու ոչ թե րոպեական շահ ստանաս ու հեռանաս ասպարեզից, այլ պահն օգտագործես, սկսես գործել ու մնաս այդ ոլորտում, սկսես զարգանալ:

Մինչև 2013 թվականը Հարութ Գասպարը Սիրիայից ներմուծում էր բժշկական սպեղանիների` «պլաստիրների» տարբեր տեսակներ: Բայց հետո, երբ Սիրիայում իրավիճակը ապակայունացավ ու այնտեղի գործարանը, որ համագործակցում էր Գասպարի հետ, փակվեց, մտածեց ու հասկացավ, որ արտադրությունը ներմուծելուց ձեռնտու է: Այդպես 2013 թվականին որոշեց հիմնել սեփական արտադրությունը:

Պատմում է, որ արտադրությունը սկսվեց շատ քիչ ծավալներով, երկու տարի էլ շուկա մտնելու խնդիրներ եղան, միայն 2015 թվականից իրական վաճառք սկսվեց: Շատ մեծ ներդրումների կարիք չեղավ, բայց այնպես էլ չէր, որ փոքր ներդրումներ էին պետք: Նրա նախաձեռնությունն էլ համընկավ այն շրջանի հետ, երբ սիրիահայերի համար հատուկ ֆինանսական պայմաններ, գործիքներ ստեղծեցին` մատչելի վարկեր, 5 միլիոն դրամ` 4 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ու Հարութ Գասպարը, այդ միջոցներից օգտվելով, խնայողությունները գործի մեջ դնելով, մի մասն էլ այլ աղբյուրներից գտնելով գործը սկսեց:

Սկզբում երկու հոգով՝ Հարութ Գասպարն ու եղբայրն էին աշխատում` արտադրելով ընդամենը մի տեսակ ապրանք: Հիմա ընկերությունն արդեն 15-16 տեսակի արտադրանք է թողարկում: Ու եթե ամենաառաջին արտադրանքի` լեյկոպլաստների արտադրության ու սպառման ծավալներն աճում էին, Հարութ Գասպարի խոսքով, «փոքր երեխայի պես», ապա արդեն «սանտավիկներն» ու մնացած տեսակները բավականին արագ շուկա մտան ու աճեցին, քանի որ արդեն մարքեթինգային, շուկա մուտք գործելու խնդիրները լուծված էին:

«Մենք որակով առաջատարներից ենք, ֆրանսիական որակ ենք տալիս, բայց չինական ու թուրքական գներից մի քիչ ավելի թանկ, այսինքն` որակն անհամեմատ ավելի գրավիչ է մեր կողմից առաջարկվող գների պայմաններում, և ես արդեն որակի հարցում ապացուցելու բան չունեի, արդեն ապացուցել էի: Մի խոսքով, երրորդ-չորրորդ տեսակների արտադրանքն արդեն գոհացուցիչ ծավալներով սկսեցին արտադրվել»,- նշեց Հարութ Գասպարը:

Արդեն իրենից ու եղբորից բացի, այլ աշխատողներ էլ կան, ձեռնարկությունը բավականին աճել է: Ներկայումս արտադրանքը վաճառվում է միայն Հայաստանում, բայց արդեն բանակցություններ են վարվում ռուսական շուկաներ դուրս գալու ուղղությամբ:

Հարութն ասում է, որ հաջողակ լինելու համար յուրաքանչյուր մարդ ունի իր «գաղտնիքը». կան հատկանիշներ, բնավորության գծեր, որ կա՛մ ունենում ես և կիրառում, կա՛մ դաստիարակում ես քո մեջ: Կարևոր է, որ գործարարը լինի աշխատասեր, դա ամենաառաջին պայմանն է, քանի որ առանց աշխատասիրության հաջողություն չկա: «Ինձ համար թիվ մեկ հատկանիշը կամքն է. այսինքն` եթե ինչ-որ թիրախ դրեցիր քո առջև, ուրեմն պետք է հասնես այդ թիրախիդ: Ինչպե՞ս պետք է հասնես. պետք է աշխատես ու հասնես, բայց մարդկային ձևով, ոչ թե խաբելով, այլ մարդկայնորեն»,- նշեց Հարութ Գասպարը` հավելելով, որ խաբելով ձեռք բերած հաջողությունը ժամանակավոր է, եթե մեկ անգամ մի մարդու խաբեցիր՝ նա այլևս քեզ չի վստահի ու ոչ միայն ինքը չի օգտվի քո մատուցած ապրանքներից կամ ծառայություններից, այլև շատ այլ մարդկանց էլ խորհուրդ կտա քեզնից հեռու մնալ: Իսկ եթե անկեղծորեն ասես, թե ինչն ինչոց է, ապա մարդը կսկսի վստահել քեզ, ու այդ վստահությունը պետք է պահպանես: Այս դեպքում, վստահեցնում է մեր զրուցակիցը, կհասնես հաջողության: Այս առումով նա բերում է իր իսկ օրինակը. ինքը ոչ թե լավ որակը պահպանում է, այլ փորձում է ամեն անգամ լավացնել, իսկ արտադրանքի արժեքն այդ ընթացքում նվազեցնել: Արդյունքում իր հաճախորդներն իրենից չեն դժգոհում ու դառնում են հավատարիմ:

Այ պլաստ

Հայաստանում հնարավոր է հաջողության հասնել, նշում է նա, դրա համար պարտադիր չէ ազդեցիկ ծանոթ-բարեկամ կամ պապերից ստացած մեծ ժառանգություն ունենալ: «Ես ո՛չ ծանոթ եմ ունեցել, ո՛չ հովանավոր, ո՛չ էլ մեծ ռեսուրսներ: Ամենաառաջինը` որակյալ արտադրանք եմ տվել, ընդ որում, առաջին տեղում ոչ թե գինն է ինձ համար, այլ որակը, որակ ու նոր գին: Որակից հետո` մատուցելու ձևը: Այսպես եմ գործել և գոհ եմ իմ բիզնեսից»,- նշում է «Այ պլաստ» ընկերության տնօրենը:

Այս ընկերության թիրախը ոչ թե տարածաշրջանում առաջատարներից մեկը լինելն է, այլ հենց ամենից առաջատարը: Նպատակը, նշում է նա, պետք է դնել ու չնահանջել. այդ նպատակը շատ է օգնում հասնելու հաջողության:

Սակայն դեպի հաջողություն տանող ճանապարհն ամենևին հեշտ չի լինում: Հարութ Գասպարի համար ևս հեշտ չի եղել, հատկապես՝ առաջին 1-1.5 տարին, երբ արտադրում էր որակյալ արտադրանք, սակայն շուկա գտնելու հարցում լուրջ դժվարություններ ուներ: Բայց համբերության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել առաջին դժվարությունները: Առհասարակ, նշում է նա, առանց համբերատարության հաջողություն չի կերտվում, պետք է համբերատար սպասել, չհիասթափվել, չնահանջել նպատակից: «Արագ հաջողությունն այնքան հաստատուն չի լինում, որքան դանդաղ հաջողությունը»,- հավաստիացնում է Հարութ Գասպարը: Դանդաղ, մտածված, ամեն քայլդ հստակ հաշվարկված ու կշռադատված պետք է անես ամեն ինչ, որ նահանջի տեղ չմնա ու ոչ ոք չկարողանա ստիպել քեզ նահանջել:

«Սկզբից մինչև վերջ պետք է ամեն ինչ ճիշտ անես: Իհարկե, սկզբում մի քիչ տանջվում ես, բայց հետո այդ տանջանքդ փոխհատուցվում է հաջողությամբ»,- եզրափակեց հաջողակ ու հետաքրքիր բիզնեսի հիմնադիր-տնօրենը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: