Հայերեն   English   Русский  

Ծաղկաձորում կանցկացվի Հայկական կոնյակի առաջին փառատոնը


  
դիտումներ: 1650

Մայիսի 7-ին Ծաղկաձորում կանցկացվի Հայկական կոնյակի առաջին փառատոնը` Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով

“Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ”-ի ջանքերով մայիսի 7-ին Ծաղկաձորում կանցկացվի Հայկական կոնյակի առաջին փառատոնը` Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ փառատոնն անցկացվելու է վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո։

Տիգրան Կարապետյանի խոսքով` նման փառատոն անցկացնելու նպատակն է` ցուցադրել հայկական այնպիսի արտադրանք, որն արդեն իսկ ճանաչելի է արտերկրում, ինչպես նաև ապահովել հատկապես ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան և Ծաղկաձոր։

Միջոցառման շրջանակներում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ուղիղ կապի մեջ մտնել հայկական կոնյակ արտադրողի և տեղի բնակչության հետ, ուստի ակնկալում ենք ինչպես կոնյակագործությամբ զբաղվող, այնպես էլ հուշանվերներ և պահածոներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությունը։ Նախատեսել ենք նաև շատ խիտ համերգային ծրագիր իրականացնել, կլինեն բավականին շատ անակնկալներ”,- ասաց Տիգրան Կարապետյանը՝ նշելով, որ ընդհանուր առմամբ, ակնկալվում է 25 հազար այցելու ունենալ մայիսի 7-ին։

Անդրադառնալով փառատոնի անցկացման վայրի և տաղավարների նախապատրաստմանը՝ Տիգրան Կարապետյանը նշեց, որ փառատոնի անցկացման վայրի ընտրության հարցում իր աջակցությունն է ունեցել Ծաղկաձորի քաղաքապետը, իսկ տաղավարները հատուկ պատվիրվել են կոնյակի փառատոն անցկացնելու համար անհրաժետ չոփորոշիչներին համապատասխան։

Տիգրան Կարապետյանն ընդգծեց, որ նախատեսում են կոնյակի փառատոնը դարձնել ամենամյա, քանի որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման խնդիրը պետական մակարդակով է իրականացվում։

“Հայաստանի զարգացման հիմնադրամի” զբոսաշրջության գծով տնօրեն Արա Խզմալյանի գնահատմամբ՝ մայիսի 7-ին նախատեսված կոնյակի փառատոնն էականորեն նպաստելու է վարչապետի ներկայացրած տնտեսության զարգացման հայեցակարգի կետերի զարգացմանը։

Սա նաև Զբոսաշրջության պետական կոմիտեի հայեցակարգին է նպաստելու, որովհետև այն արդյունքը, որն ակնկալում են փառատոնի ներկայացուցիչները, շատ նպատակահարմար, շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար”,- ասաց Արա Խզմալյանը՝ հավելելով, որ կոնյակը Հայաստանի համն ու հոտն է թե ուղիղ, թե փոխաբերական իմաստներով։

Արա Խզմալյանի խոսքով` փառատոնի կազմակերպիչները կարճ ժամանակահատվածում լուրջ աշխատանք են տարել փառատոնն այլ երկրներում ճանաչելի դարձնելու համար։

Կոնյակի փառատոնը յուրահատուկ հարթակ է ստեղծելու հայկական արտադրանքը ներկայացնելու ու գովազդելու համար։ Կոնյակի առաջին փառատոնը պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու համար կազմակերպիչներին իրենց աջակցությունն են ցուցաբերել տարբեր կազմակերպություններ, նաև ներդրվել են անձնական միջոցներ”,- ասաց նա։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: