Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն վերադառնում է սիրիական հակամարտություն. Արմեն Պետրոսյան


  
դիտումներ: 643

«ԱՄՆ-ն վերադառնում է սիրիական հակամարտություն»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ի վաղ առավոտյան, ի պատասխան Սիրիայի Իդլիբ նահանգի Խան Շայխուն քաղաքում իրականացված քիմիական հարվածի, ամերիկյան օդուժը, առաջին անգամ սիրիական հիմնախնդրի շրջանակներում, թիրախավորված զանգվածային օդային հարված է հասցրել սիրիական բանակի դիրքերին:

Արաբագետը միաժամանակ նկատեց, որ հետաքննություն չէր եղել և դեռևս հայտնի չէր, թե ով է օգտագործել քիմիական զենքը: Այդպիսով ԱՄՆ-ի գործողությունն արդարացված չէր:

«Սիրիայում արդեն 4 ամիս հարաբերական զինադադար էր հաստատվել Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հովանավորությամբ: Գործընթացից դուրս էին մնացել այնպիսի դերակատարներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Առաջինի դեպքում պասիվությունը օբյեկտիվ էր, որովհետև այնտեղ վարչակազմի փոփոխություն տեղի ունեցավ: Նման պայմաններում իրավիճակը փոխելը Սիրիայի՝ և´ ներսում, և´ դրսում ձեռնտու էր վերոնշյալ պետություններին: Մինչ այդ Թրամփը աչքի էր ընկնում միայն հայտարություններով: Եթե պայմանականորեն ձևակերպենք իրավիճակը, կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները վերադառնում են սիրիական հակամարտություն»,- ասաց արաբագետը:

Նրա կարծիքով՝ սա նախազգուշական հարված էր և կազմակերպված էր բավականին գրագետ կերպով, քանի որ նախազգուշացվել էր ռուսական կողմը և ԱՄՆ-ի դաշնակիցները: Բացի այդ, հարվածն այնպես է իրականացվել, որ հնարավորինս քիչ լինեն մարդկային զոհերը: Խոսվում է մինչև 1 տասնյակ զոհերի մասին և շուրջ 2 տասնյակ վիրավորների մասին: Ըստ Թրամփի՝ սա պատասխան էր սիրիական կառավարությանը և դրա արտաքին հովանավորներին քիմիական զենքի գործածման համար:

«Թրամփի վարչակազմը որոշակի բարդույթ ունի նախկին իշխանությունների հետ: Նրանք իրենց գործողությունները մշակելիս միշտ համեմատում են Բարաք Օբամայի վարչակարգի հետ և փորձում են ցույց տալ, որ իրենց գործողություններն ավելի ճիշտ են, քանի Օբամայի արածները: ՄԱԿ-ի բանաձևի հիման վրա քիմիական զենքը հանձնվեց դրա գործածումը կանխարգելող միջազգային կառույցին: ԱՄՆ-ի ներկայիս կառավարությունը հայտարարում է, որ այս ժամանակին Օբամայի կատարած սխալ քայլերի հետևանք է: Այս կերպ Թրամփը նաև ցանկանում էր տարբերվել իր գործողություններով: Ես համոզված եմ ավելի խորը հետևանքներ այս գործողությունները չեն ունենա: Ռուսական կողմը կփորձի սա տեղափոխել դիվանագիտական կողմ և առավել չի սրի իրավիճակը»,- ասաց պարոն Պետրոսյանը:

Նա, այնուհանդերձ, չբացառեց, որ սա հետագա սադրանքների պատճառ կարող է դառնալ. այն խաղացողները, ում ձեռնտու են սրացումները հետագայում բազմաթիվ քայլեր կանեն իրավիճակն ավելի լարելու համար:

Պատասխանելով այն հարցին, թե սա ինչ հետևանքներ կունենա տարածաշրջանի վրա, Արմեն Պետրոսյանը նշեց. «Եղած բոլոր գործընթացները՝ հրադադարի ռեժիմը, Աստանայի, Ժնևի գործընթացները կխափանվեն առժամանակ: Կլինեն նաև սադրանքներ ընդդիմության և նրանց արտաքին հովանավորների կողմից, հատկապես Ծոցի երկրների կողմից, չի բացառվում նաև Թուրքիայի կողմից: Այս իրավիճակը անկանխատեսելի հետևանքներ կարող է ունենալ» :

Երկրորդ աշխարհամարտից հետո Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն ամենամեծ հումանաիտար աղետն են.« Ինքնադրսևորվող դերակատարներից յուրաքանչյուրն իր խաղն է խաղում և իր դիրքերն է փորձում ամրապնդել առանց հաշվի առնելու շարքային սիրիացու ամենապարզ, մարդկային իրավունքները: Սիրիան վերածվել է մի մեծ ռամզադաշտի, խաղադաշտի, որտեղ յուրաքանչյուր պետություն փորձում է ինքնահաստատվել: Հենց սա է պատճառը, որ այս հակամարտությունը կարող է անընդհատ ձգվել: Անգամ հարաբերական հրադադարն այս պայմաններում մեծ հաջողություն էր»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: