Հայերեն   English   Русский  

Հայաստանում կույրերը մերժված են հասարակության կողմից. հոգեբան


  
դիտումներ: 1146

Նոյեմբերիի 13-ը նշվում է որպես կույրերի օր:

Այսօր ամբողջ աշխարհում կա 45 մլն կույր մարդ, 125 ծայրահեղ ցածր տեսողություն ունեցող մարդ: Ամեն 5 վայրկյանը մեկ մեկ չափահաս մարդ կուրանում է, իսկ մեկ րոպեի ընթացքում` մեկ երեխա: Հայաստանում նման հաշվարկ չի արվել. հայտնի չէ կույր և ծայրահեղ վատ տեսողություն ունեցողների թիվը:

Հայաստանում կույրերի համար կա 2 դպրոց, որոնք երկուսն էլ գտնվում են Երևանում. «15 տարի է, ինչ գրքեր և թերթեր չեն տպագրվել հատուկ կույրերի համար: Ինչ կա` մնացել է Խորհրդային Միությունից:Այստեղ կա ընդամենը 2500 անուն գիրք», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բժիշկ-ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր աչքի հետ կապված շատ հիվանդություններ են բուժվում: Այդ բուժումները և վիրահատությունները թեև համեմատաբար մատչելի են, սակայն շատ դեպքերում, մանավանդ տարեց հիվանդները չեն կարողանում այդ գումարը վճարել:

Ըստ հոգեբան Աննա Բադալյանի` տեսողության կորուստը ամենածանր հոգեբանական տրավման է, քանի որ մարդը զրկվում է զգայարաններից մեկից. «Շատ են ասում, որ մարդը պետք է ունենա այնքան կամք, որ հաղթահարի նախ` հոգեբանական խոչընդոտները, որպեսզի դառնա հասարակության լիարժեք անդամը: Կարևորը հենց դա է. մարդ պետք է զարգացնի իր կամային հատկանիշները»:

Նա նույնպես ընդգծում է, որ Հայաստանում կույր մարդկանց խնդիրները անտեսվում են. «Նախկինում կային աշխատավայրեր, բազմաթիվ դպրոցներ, ճանապարհները հարմարեցված էին նման խնդիրներ ունեցող մարդկանց համար: Ներկայումս կարելի է ասել, որ այդ մարդիկ մերժված են հասարակության կողմից. կույր մարդը մնացել է մենակ` իր կամքի հետ», - նշեց հոգեբանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: