Աղքատության պատկերը Հայաստանում՝ ըստ մարզերի և տարիների (ինֆոգրաֆիկա)
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2015 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%։ Սա նշանակում է, որ երկրի տաս բնակչից մոտ երեքն ամսական 41 698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2014թ.-ի համեմատ աղքատության մակարդակը նվազել է միայն 0.2 տոկոսային կետով:
Բացի բուն այս ցուցանիշից, կան նաև շատ աղքատների և ծայրահեղ աղքատների վերաբերյալ ցուցանիշներ։
Աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 41698 դրամ),
շատ աղքատ են գնահատվել նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության ստորին ընդհանուր գծից (2015-ի համար՝ ամսական 34234 դրամ),
իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից (2015-ի համար՝ ամսական 24109 դրամ):
Աղքատների տեսակարար կշիռը ամբողջ բնակչության 19.4%-ն է։
Շատ աղքատների տեսակարար կշիռն ամբողջ բնակչության մեջ կազմել է 8.4%:
Ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.0%` 2008թ.-ին արձանագրված 1.6%-ի դիմաց:
Աղքատությունը՝ ըստ մարզերի
Աղքատության պատկերը խիստ տարբերվում է ըստ մարզերի։
Ամենաաղքատը Շիրակի մարզն է. այստեղ աղքատ է բնակչության 45.3%-ը։
Ամենից բարվոք վիճակում գտնվում են Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերը, որտեղ աղքատության մակարդակը, համապատասխանաբար, 16.9% և 16.1% է։
Այս դինամիկ քարտեզում յուրաքանչյուր մարզի համար ներկայացված են ինչպես աղքատության, այնպես էլ ծայրահեղ աղքատության մակարդակները և 1 շնչի հաշվով ամսական սպառողական ծախսերը։
Ինչպես է փոխվել աղքատության պատկերը
Համեմատության համար մենք վերցրել ենք 2010 և 2015 թվականները։
Հանրապետության մակարդակով՝ աղքատության մակարդակը այս ընթացքում նվազել է 6 տոկոսային կետով՝ 2010 թվականի 35.8%-ից հասնելով 29.8%-ի։
Ծայրահեղ աղքատության մակարդակը 3%-ից նվազել է մինչև 2%։
2010-2015թթ. աղքատության մակարդակը նվազել է բոլոր մարզերում՝ բացառությամբ Տավուշի մարզի (ստորև բերված գծապատկերում ներկայացված են աղքատության մակարդակները 2010 և 2015 թվականներին)։
Որպեսզի դինամիկան ավելի պարզ երևա, հաջորդ գծապատկերում ներկայացրել ենք աղքատության մակարդակի փոփոխությունը՝ ըստ մարզերի։ Այսինքն, ներկայացված է, թե որ մարզում աղքատության մակարդակը քանի տոկոսային կետով է աճել կամ նվազել։
Ինչպես նշեցինք, այս ընթացքում աղքատությունը 9.2 տոկոսային կետով աճել է միայն Տավուշի մարզում՝ 26.1%-ից հասնելով 35.3%-ի։
Մնացած մարզերում և մայրաքաղաքում աղքատության մակարդակը նվազել է։ Աղքատության մակարդակի ամենազգալի նվազումը գրանցվել է Արարատի (15.1 տոկոսային կետով) և Վայոց Ձորի (20.2 տոկոսային կետով) մարզերում։
© B4B.am
Տվյալների մշակումը՝ B4B PRO համակարգի