Հայերեն   English   Русский  

​Գլխավորը հայկական հարթակ մնալն էր. հայրենական հաջողակ սթարթափի ուղին դեռ նոր է սկսվել, բայց արդեն բովանդակալից է


  
դիտումներ: 2727

Համակարգչի կամ «խելացի» տեխնոլոգիաների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք մի որոշակի փուլում անպայման փորձում է ստեղծել սլայդ շոու, ներկայացուցչական հոլովակ, բիզնեսի ներկայացուցիչները՝ գովազդային կամ ինֆորմացիոն տեսահոլովակներ, ծրագրավորողները՝ սեփական արտադրանքը ներկայացնող կարճ տեսանյութեր և այլն:

Սա լուրջ խնդիր է հատկապես փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք բավարար միջոցներ չունեն, որպեսզի իրենց բիզնեսի, ընկերության մասին պատմող կարճ գովազդային հոլովակներ պատվիրեն կամ պատրաստեն, քանի որ դրանք թանկ հաճույք են: Եվ քչերը գիտեն, որ հայկական մի այդպիսի հարթակ կա, որը նման հնարավորություն տալիս է բոլորին՝ առանց բացառության: Խոսքը «Ռենդեր ֆորեսթ» (Render forest) հարթակի մասին է:

Սա առցանց վիդեոստեղծման, վիդեոխմբագրման հարթակ է, որն առաջարկում է վիդեոարտադրություն կորպորատիվ և անձնական օգտագործման համար: Այս հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծելու բազմապիսի տեսանյութեր՝ անիմացիաներ, բացատրական վիդեոներ, ընկերությունների ներկայացուցչական վիդեոներ, հաղորդումների բացման/փակման անիմացիաներ, կորպորատիվ լոգո անիմացիաներ, մոբայլ հավելվածների բացատրական/գովազդային վիդեոներ, կորպորատիվ սլայդ շոուներ, ընտանեկան և հարսանեկան սլայդ շոուներ, վեբ կայքի պրեզենտացիոն վիդեոներ, հատուկ միջոցառումների ներկայացուցչական վիդեոներ, անիմացիոն գովազդային հոլովակներ, կինետիկ տիպոգրաֆիա և այլն:

Իհարկ,ե կարելի է համացանցում այլ հարթակներ գտնել, որոնք նման ծառայություն են առաջարկում: Սակայն գրեթե բոլոր հարթակներում որպես հիմք է վերցվում Microsoft PowerPoint ծրագիրը կամ նման գրաֆիկական խմբագիր: Դրանք աշխատում են պարզ անիմացիաներով, գրավիչ չեն, իսկ որակի չափանիշները հեռու են հեռարձակման որակի չափանիշներից: Այսինքն՝ դրանցով հնարավոր է միայն ցածր թողունակության տեսաբովանդակություն ստեղծել, գործիքների բազմազանություն չկա: Իսկ «Ռենդեր ֆորեսթն» առաջարկում է առցանց գործիքներ, օգտատերերը կարող են պարզապես մուտք գործել renderforest.com կայքէջ ու բավականին հեշտ ու պարզ գործիքներով ստեղծել հեռարձակման որակի կարճ վիդեոներ:

«Գաղափարը ծագեց այսպես: 2011-12 թվականներին մենք ստեղծվել ենք որպես վիդեոարտադրության ստուդիա: Ստեղծվեցինք հիմնականում սթարթափների համար անիմացիոն և գովազդային հոլովակներ պատրաստելու համար, և այդ ժամանակ ՏՏ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեինք: Մոտ մեկ տարի այդ վիճակով աշխատելուց հետո զգացինք, որ շատ սթարթափներ կամ փոքր ընկերություններ պարզապես անհրաժեշտ գումար չունեն, որ իրենց համար գովազդային հոլովակներ կամ պրեզենտացիոն հոլովակներ ստեղծեն: Գովազդային հոլովակների արտադրությունը թանկ էր՝ 500, 1000 և ավելի ԱՄՆ դոլար արժեր, ու այդպես գաղափար առաջացավ ստեղծել մի հարթակ, որը կունենա պատրաստի կաղապարներ, և օգտատերերը կարող են առցանց իրենց վիդեոները խմբագրել, օգտագործել մեր կաղապարները, ստանալ իրենց անհրաժեշտ կարճ վիդեոնյութերը ու դրա համար 10 անգամ քիչ կվճարեն կամ նույնիսկ անվճար կարող են դա իրականացնել: Այդպես սկսեցինք 2013 թվականի վերջից նախագծել randerforest.com սթարթափը ու մեկուկես տարի նախապատրաստական աշխատանքներից հետո, 2015 թվականի հունվարին մտանք շուկա»,- «Անկախի» հետ զրույցում պատմեց ընկերության ղեկավար Նարեկ Սաֆարյանը:

Ռենդեր ֆորեսթ

Այս նախագծի հեղինակները սկզբնական շրջանում իրենց ստացած ամբողջ եկամուտը ներդնում էին ՏՏ ոլորտում, այս նախաձեռնության վրա: Առաջին ամիսները տարածման ամիսներ էին:

«Զարգացման տեմպը պատկերացնելու համար ասեմ, որ ամբողջ 2016 թվականի ընթացքում մեր կայքում 1 միլիոն վիդեո է ստեղծվել ու 1 միլիոն վիդեոդիտում է գրանցվել, իսկ վերջին 1 ամսվա ընթացքում դարձյալ 1 միլիոն վիդեո է ստեղծվել: Այսինքն՝ ամսական 15-20 տոկոս աճ ունենք: Այդ ընթացքում ներդրումային շատ առաջարկներ եղան, մինչև կես միլիոն, մեկ միլիոն դոլարի ներդրումային հնարավորություններ կային, բայց բոլորն էլ մերժեցինք, քանի որ հիմա գումարը մեզ համար այնքան էլ կարևոր չէ, մենք մեր վաճառքներով ինքնածախսածածկվում ու զարգանում ենք, մեզ համար կարևորն այն է, որ բրենդը մնա հայկական»,- ասաց Նարեկ Սաֆարյանը:

Իր գործունեությունը ընկերությունը սկսել է ընդամենը մեկ նոութբուքի ներդրումով, սկզբնական շրջանում թիմի 3 անդամներն աշխատում էին անվճար: Այսինքն՝ ահռելի ներդրումներ չեն կատարվել: Շուկա մտնելու առաջին ամսում՝ 2015-ի հունվարին, հարթակն ուներ 100 դոլարի վաճառք, փետրվարին՝ 400, մարտին՝ 1000, ապրիլին 1500, հետո 2000 դոլար, ու այդպես անընդհատ ավելացավ, զարգացավ: 2015 թ. հունիսին Համաշխարհային բանկն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը նորարարությունների զարգացման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ռենդեր ֆորեսթին» դրամաշնորհ տվեցին՝ 1 տարվա աշխատավարձ, որով էլ թիմը 3 հոգուց կտրուկ դարձավ 9 հոգի: Բայց դրամաշնորհի վերջանալուց հետո այդ թիմը ոչ միայն պահպանվեց, այլև մեծացավ, և հիմա ընկերությունն ունի երկու գրասենյակ՝ ընդհանուր 30 աշխատողներով:

«Չէի ասի, թե եթե այդ դրամաշնորհը չլիներ՝ կլուծարվեինք, ո՛չ: Նախաձեռնությունը դանդաղ աճում էր, բայց դրամաշնորհն օգնեց կտրուկ ու թռիչքաձև աճ ապահովել,- նշում է ընկերության ղեկավարը և հավելում, որ յուրաքանչյուր ինովացիոն սթարթափ շատ դժվար ընթացք ունի, քանի որ պետք է մշակես լուծումներ, որոնք չես կարող համեմատել այլ հաջողված փորձի հետ:- Ինովացիոն ծրագիր չես կարող ստեղծել այնպես, որ դա լինի իդեալական լուծում և միանգամից մեծ գումարներ բերի: ՏՏ ինդուստրիայում սովորաբար ծրագիրն ունենում է էվոլյուցիա: Անընդհատ փորձում ենք մեր վերլուծությունների հիման վրա պարզեցնել մեր պլատֆորմը, դարձնել ավելի հեշտ օգտագործվող, նոր հնարավորություններ, նոր առավելություններ ավելացնել: Եթե համեմատում ես մեր առաջին սերնդի խմբագրիչը ներկա խմբագրիչի հետ, սարեր-ձորերի տարբերություն ունեն: Եվ դա ընդհանրապես գումարի հետ կապ չունի. սկզբում 1 միլիոն դոլար էլ ներդնեինք՝ չէինք կարող միանգամից 4-րդ սերնդի խմբագրիչ ստեղծել, քանի որ պետք էր միլիոնավոր մարդկանց արձագանքների, առաջարկների ու դժգոհությունների հիման վրա վերլուծություն անել ու սխալները շտկել»,- ասում է Նարեկ Սաֆարյանը:

Ներկայումս օրական 6000 վիդեո է ստեղծվում այս հարթակի օգնությամբ: Փաստորեն, հայկական այ հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին 10 դոլարով ստանալ վիդեո, որը եթե պատվիրեին ինչ-որ ստուդիայում, ամենաքիչը 500-1000 դոլար կարժենար: Ու թեև ներկայումս Հայաստանում հարթակի ծառայությունների վաճառքի ծավալները 0-ական են, դրանցից օգտվում են օգտատերեր մոտ 140 երկրներից: Հիմնականը ԱՄՆ է, վաճառքի 50 տոկոսը ապահովում է այդ շուկան, հետո արդեն Արևմտյան Եվրոպայի երկրներն են, ասիական որոշ երկրներ:

Ռենդեր ֆորեսթ

Այս գաղափարն իրականություն չէր դառնա, վստահեցնում է Նարեկ Սաֆարյանը, եթե իրենց թիմը շատ աշխատասեր չլիներ: Նա հիշում է՝ եղել է ժամանակաշրջան, երբ իրենք ամսվա 30 օրերին էլ աշխատել են այս պլատֆորմի վրա: Նարեկ Սաֆարյանը ասում է, որ ցանկացած հաջող բիզնես նախաձեռնություն սկսվում է հաջող բիզնես գաղափարից: Պետք է նաև շուկան հետազոտել, պարզել՝ այդ գաղափարն արվո՞ւմ է այլոց կողմից, եթե այո, ապա պետք է ունենալ սեփական մրցակցային առավելությունները: Իսկ լավ ու մրցունակ գաղափարի դեպքում ներդրումներ միշտ էլ կարելի է գտնել, հատկապես՝ ՏՏ ոլորտում: Մեր զրուցակիցը վստահեցնում է՝ մեր դարում շատ-շատ ներդրողներ, վենչուրային հիմնադրամներ են ընկած հետաքրքիր և լավ գաղափարով սթարթափների հետևից: Բայց հաջողության առաջին գրավականը հաճախորդների կարծիքը լսելն է, միշտ աշխատել հանուն որակի և երբեք չբավարարվել արդյունքով:

«Լինել աշխատասեր, լսել հաճախորդների կարծիքները, նրանց բողոքներն ու առաջարկությունները միշտ հաշվի առնել սթարթափի զարգացման մեջ: Դա միակ գրավականն է, որ կարող է քեզ վերելք ապահովել դեպի հաջողություն տանող ճանապարհին: Իսկ բնավորության գծերից, իմ կարծիքով, գլխավոր ու միակ նախապայմանը աշխատասիրությունն է»,- նշում է Նարեկ Սաֆարյանը:

Նրա կարծիքով՝ բիզնեսմենը պետք է միշտ ներդնի նոր գաղափարներ, պետք է վախենա լճացումից, անընդհատ ներդնի նոր ստանդարտներ, որպեսզի իր սթարթափը դառնա ավելի ու ավելի լավը, պետք է անընդհատ պրպտել, հետևել զարգացումներին, ուսումնասիրել, հարգել, հաշվի առնել, կիրառել այլոց փորձը և օգտատերերի վարքագծին հետևել, պահանջված և օգտակար նորարարություններով անընդհատ, առանց կանգ առնելու զարգանալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: