Հայերեն   English   Русский  

Արփի Ղազարյանը՝ «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթող


  
դիտումներ: 1994

Ամփոփվել են «Ավրորա» գեղարվեստական մրցույթի արդյունքները:

Մայիսի 1-ին հայտնի դարձան «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները:

Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, որը Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է: Երկրորդ մրցանակն ստացավ 13-ամյա Սոֆյա Յակովլեւան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանականեր է շնորհել մրցույթի երկու մասնակիցների՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն,) եւ Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երեւան,):

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով և բացառիկ հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երևանում:

«Մրցույթին երեխաների մասնակցության թիվը շատ տպավորիչ էր: Մրցույթի միջոցով նրանք հնարավորություն ունեցան արժևորել իրենց աշխատանքը, իմացան, որ կարևոր գործ են անում, ոգևորվեցին, - ասաց «Ավրորա» գեղարվեստական մրցույթի ժյուրիի անդամ Տիգրան Մատուլյանը, - մենք գնահատել ենք աշխատանքի՝ թեմային համապատասխանությունը և երեխայի ազնվությունը, ինչպես նաև աշխատանքի որակը: Բոլորն էլ լավ աշխատանքներ են ներկայացրել, բայց մենք ստիպված էինք ընտրել լավագույնները: Բոլոր երեխաներն էլ հաղթել են՝ մասնակցելով այս մրցույթին»:

Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում, որտեղ նաև կազմակերպվել է ցուցահանդես՝ մրցույթին ներկայացված 63 լավագույն աշխատանքներով: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչեւ մայիսի վերջ, երբ կամփոփվեն «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները:

«Ավրորա» գեղարվեստական մրցույթին, որը հայտարարվել էր 2017թ. հունվարին, մասնակցել են 7-14 տարեկան երեխաներ: Մրցույթին ներկայացվել են հազարից ավելի աշխատանքներ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վենեսուելայից եւՖրանսիայից:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանիմարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: