Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ը քննադատել է Թուրքիայում զանգվածային ձերբակալություններն ու աշխատանքից հեռացումները


  
դիտումներ: 526

Միավորված ազգերի կազմակերպության գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը մտահոգված է Թուրքիայում գրանցված զանգվածային ձերբակալությունների և աշխատանքից հեռացումների փաստի առնչությամբ: Ըստ նրա՝ քիչ հավանական է, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ կասկածվողներին հետապնդելը օրինական է:

Օրերս հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանությունները աշխատանքից հեռացրել են ևս 4 հազար պետական ծառայողների և զինվորականների: Նրանց մեղադրում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ավելի վաղ՝ Գյուլենի կողմնակիցների դեմ վերջին գործողության շրջանակներում, Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 1000 մարդու: Դա եղել է վերջին ամիսներին անցկացված խոշորագույն ոստիկանական գործողությանը:

Ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են ավելի քան 40 հազար մարդկանց, ևս 120 հազարը աշխատանքից հեռացվել է: Նրանց թվում եղել են զինծառայողներ, ուսուցիչներ, ոստիկաններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: