Հայերեն   English   Русский  

Պատգամավորների մանդատները բաշխվեցին


  
դիտումներ: 1310

Խորհրդարան անցած քաղաքական 4 ուժերից երեքի թվով 35 պատգամավորներ մանդատից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել, չեղարկվեց միայն 23-ի գրանցումը՝ 12 թեկնածուներ վերջին պահին հետ վերցրեցին իրենց դիմումները: Հրաժարականներ չեն եղել միայն «Ելք» դաշինքից:

Եթե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագայում հիմնականում մանդատից հրաժարվել են անձինք, որոնք պաշտոն են ստանալու գործադիրում կամ այլ ոլորտներում, ապա «Ծառուկյան» դաշինքի պարագայում պատկերան արտառոց էր:

Այսպես, ՀՀԿ-ի ցուցակից պատգամավորի մանդատից հրաժարվել են Վիգեն Սարգսյանը և Արմեն Ամիրյանը, որոնք հավանաբար կպահպանեն նախարարի աթոռը, Տարոն Մարգարյանը, որն առաջիկա ընտրություններում պայքարում է Երևանի քաղաքապետի աթոռի համար, Արտակ Զաքարյանը, որն արդեն աշխատանքի է անցել ՊՆ-ում, Սյունիքի մարզպես Վահե Հակոբյանը, ինչպես նաև Կարոն Բոթոյանը, որի մասին տևական ժամանակ է, խոսակցություններ են շրջանառվում, թե զբաղեցնելու է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը: Հաշվի առնելով, որ ներկայիս մարզպես Ռաֆիկ Գրիգորյանը մանդատից չի հրաժարվել, կարելի է ենթադրել, որ այդպես էլ լինելու է: Մանդատից հրաժարվողների թվում է նաև Արման Սահակյանը: Ըստ առկա խոսակցությունների՝ հայրը՝ Գալուստ Սահակյանը հրաժարվել է խորհրդարանում իր տեղը զիջել որդուն, ուստի վերջինս հավանաբար խորհրդարանից դուրս որևէ պաշտոն կստանա: Դեռևս հայտնի չէ, թե ինչ պաշտոններ կունենան ինքնաբացարկ ներկայացրած Առուշանյան Առուշը և Սանամյան Սամվելը:

ՀՅԴ-ից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ներկայումս էլ նախարարի պաշտոն զբաղեցնող Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը և Արծվիկ Մինասյանը: Ենթադրվում է, որ երեքն էլ կշարունակեն պաշտոնավարել գործադիրում:

Իսկ ահա «Ծառուկյան» դաշինքից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել 23 հոգու անունից, որոնց մի մասը հետագայում հայտարարեցին, որ իրենք որևէ դիմում չեն գրել և ԶԼՄ-ներից են տեղեկացել իրենց ինքնաբացարկի մասին: Արդյունքում, մինչ մանդատները բաշխելը 12 թեկնածուներ ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի դիմումը՝ խնդրելով իրենց ևս մանդատ հատկացնել: Դիմումից հրաժարված անձինք են՝ ԱրարատԶուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Հարություն Ղարագյոզյանը, Մանուկ Սուքիասյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մուշեղ Սաղաթելյանը:

ԿԸՀ-ն չեղարկեց Սամվել Ադամյանի, Վազգեն Պողոսյանի, Լյովա Խաչատրյանի, Արմեն Ավետիսյանի, Արթուր Մամոյանի, Արման Աբովյանի, Մարգարիտա Հովսեփյանի, Նարինե Առաքելյանի, Արայիկ Կեսոյանի, Սամվել Ալեքսանյանի և Կարեն Առաքելյանի գրանցումը:

Ուշագրավ է, որ ըստ ինքնաբացարկի դիմումներից հետո կազմված նախնական ցուցակի՝ խորհրդարանում դաշինքի 32 պատգամավորներից առնվազն 11-ը կանայք էին լինելու: Սակայն ի վերջո, խմբակցությունից մանդատ ստացավ 7 կին, որոնցից մեկը՝ ազգային փոքրամասնությունների ցուցակով:

ԿԸՀ-ն նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի գումարման օր հայտարարեց մայիսի 18-ը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Անկախ»-ի հետ զրույցում տեղի ունեցողը բնորոշեց որպես իշխող դասակարգի ներսում տեղի ունեցող վերադասավորումներ: «Սա հետընտրկանա գործընթաց է: Ընդամենն իրականացվում է իշխող դասակարգի վերադասավորում, որը ժողովրդի շահերի հետ ընդհանրապես առնչություն չունի»,- ասում է նա:Շիրինյանի խոսքով՝ հետընտրական այս զարգացումները նվազեցնում են ընտրությունների լեգիտիմությունը, որն առանց այդ էլ ցածր էր:

«Մարդիկ ընտրել են Ա-ին, բայց խորհրդարանում կտեսնեն Բ-ին: Այսպիսով իշխող նեղ շրջանակում մանևրումներ են տեղի ունենում: Ընտրությունների անվան տակ վերադասավորեցին իշխող դասակարգի կառուցվածքը, տարիքը և այլն՝ ելնելով իրենց խմբային շահերից»,- ասում է նա:

Քաղաքագետը նաև վստահ է՝ բոլոր ինքնաբացարկները կառավարման մեկ կենտրոնի որոշման հետևանք են:

Անդրադառնալով ինքնաբացարկների տրամաբանությանը՝ Շիրինյանը հարց է տալիս՝ իսկ կոալիցիան տրամաբանություն ունի՞, որ ինքնաբացարկներն էլ ունենան:

«Դաշնակցությունն ինչո՞ւ է կոալիցիա ստեղծում Հանրապետականի հետ: Մեկը պահպանողական, խոշոր բուրժուազիայի՝ ունևորների կուսակցություն է, որը չի էլ թաքցնում դա, մյուսը սոցիալիստական, աշխատավորական է: Հիմա ի՞նչ է, Դաշնակցությունը գնում է խոշոր ունևորների շահերը սպասարկելո՞ւ»,- ասում է Շիրինյանը:

Ամփոփելով՝ Շիրինյանը նշում է, թե հայաստանյան քաղաքական համակարգը նմանվել է Նիգերիայի պլուտոկրատիային (փողի իշխանություն)՝ փող ունեցողն ինչ ուզում, անում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: