Հայերեն   English   Русский  

​Որոշ ապրանքներ կազատվեն ավելացված արժեքի հարկից


  
դիտումներ: 2425

Նախորդ ամիս հայտնի դարձավ, որ կառավարությունը պատրաստվում է հարկային և մաքսային ոլորտում իրականացնել նոր բարեփոխումներ, որոնք կբխեն գործարարության շահերից և գրավիչ կդարձնեն երկրի ներդրումային միջավայրը: Կառավարությունն այս բարեփոխումներով ակնկալում է և՛ գործարարության համար նպաստավոր նոր օրենսդրություն կիրարկել, և՛ ավելացնել հարկահավաքությունն ու պետեկամուտները: Ինչպե՞ս, ի՞նչ է արվելու: Այս հարցերով «Անկախը» զրուցել է ՀՀ արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանի հետ:

- Շուրջ 3 նախագիծ է ներկայացվել կառավարության քննարկմանն ու հաստատմանը:

Սահմանվել են ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական hաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար hարկ վճարողների չափանիշները, ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ փոխհատուցվող գումարների մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգը և ժամկետները:

Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումը, իսկ 2017 թ. ընթացքում վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի կողմից ուսումնասիրության կամ ստուգում կատարելու, ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում ներկայումս սահմանված 90 օրվա փոխարեն:

- Որքանո՞վ է նվազելու արտահանող ընկերությունների հարկային բեռը:

- Մինչև 20 մլն ԱԱՀ-ի գործարքներ իրականացնող արտահանման գործառույթների դեպքում գործարարը ներկայացնում է հայտ առանց հարկային մարմինների կողմից ստուգման և ընդամենը մի քանի օրվա ընթացքում ակնկալում վերադարձ: Սա բավական մեծ հնարավորություն է ճկուն աշխատելու համար, հատկապես միջին ձեռնարկությունների, վերամշակող ընկերությունների համար ֆինանսական ռեսուրսների արժեքը չի թանկանում, ինչը շատ կարևոր է:

Համապատասխան որոշման ընդունման նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է, հետևաբար՝ արտահանման խթանման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Ենթադրվում է աստիճանաբար պարզեցնել արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը և կրճատել ժամկետները: Ընդունված որոշմամբ առաջարկվում է սահմանված չափանիշներին բավարարող հարկ վճարողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնել էականորեն պարզեցված ընթացակարգով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում:

Նշենք, որ ԱԱՀ-ի և «Հարկերի մասին» ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերը հավանության են արժանացել ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում: Միջոցներ են ձեռնարկվում գործարարությանը առարկայական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև երկրի տնտեսական վարկանիշային ցուցանիշների բարելավման ուղղությամբ:

- Ինչքանո՞վ էին սպասված այս օրենսդրական փոփոխությունները և ի՞նչ կարելի է ակնկալել:

- Օրենսդրական փոփոխությունները շատ սպասված էին և գործարար միջավայրի համար՝ հեղափոխական, քանի որ դրանց կիրարկումը հետագայում նպաստելու է ներդրումների և երկրի վարկանիշի բարձրացմանը: Ակնկալվող փոփոխություններով հարկատուները հնարավորություն են ստանալու հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասը այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցելու կամ վերադարձնելու համար: Եթե գործարարն ունի եկամտահարկով գերավճարներ և շահութահարկով կանխավճարներ, ապա նա կարող է դիմել և հետ ստանալ դրանք: Պետությունը ռիսկի է դիմում՝ այս ռեսուրսները գործարարներին վերադարձնելով:

Ներկայումս գործող օրենսդրությամբ շահութահարկը կարող է հաշվանցվել միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջացնող ԱԱՀ-ի գումարների հաշվին, և այդ գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն, եթե, իհարկե, վճարողը չի իրականացնում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ:

Դեռևս գործող այս սահմանափակումը բացասական ազդեցություն էր թողնում ոչ միայն տնտեսվարողների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության, այլև ՀՀ գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցանիշների վրա՝ խոչընդոտելով այդ վարկանիշային ցուցակներում Հայաստանի դիրքի բարելավումը: Ուստի այս իրավական կարգավորումն էապես կխթանի արտահանումը, ինչը ողջունելի է գործարարների համար:

- Կառավարության նիստում հավանության արժանացած մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ հաստատվելու է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Խոսքը ո՞ր ապրանքատեսակների մասին է:

- Նախագծով սահմանվում է, որ ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից ամեն տեսակի մեքենաների, սարքավորումների և հումքային ապրանքների ներմուծումն ազատվում է այդ հարկից:

Տարիներ առաջ կառավարության հատուկ ծրագրով այս ապրանքատեսակների մասով ԱԱՀ-ն հետաձգվեց 3 տարով: Սակայն այսօր թե՛ բիզնես հանրությունը, թե՛ կառավարությունը քաջ գիտակցում են, որ առանց լուրջ ներդրումների և տեղական արտադրության տեխնոլոգիական վերազինման, հոսքագծերի ծավալների մեծացման աճ չի ապահովվի: Ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, և գործարարների ներդրումային ծրագիրը 20 տոկոսով չի թանկանում: Թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողին անհրաժեշտ է շահագրգռել: Այս օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2018 թ. հունվարի 1-ից:

Օրինագծերի նպատակը ՀՀ ներդրումային միջավայրի բարելավումն ու տնտեսվարող սուբյեկտների ներդրումային ակտիվության բարձրացումն է: Միաժամանակ նախագծերով առաջարկվում է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի և գործարար ծրագրերի շրջանակներում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, սահմանել մեկ տարի, ինչը ներդրողներին հնարավորություն կընձեռի էականորեն կրճատել իրենց կողմից կատարված ներդրումների հետգնման ժամկետը՝ դրանով իսկ բարձրացնելով մեր երկրի ներդրումային գրավչությունը:

- ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ այս նոր նախագծերի կիրառման արդյունքում հարկահավաքությունը կավելանա՝ միաժամանակ նպաստելով տնտեսության աճին: Նոր իրավական կարգավորումների արդյունավետությունը ինչպե՞ս եք գնահատում:

- Այս արմատական փոփոխությունները կնպաստեն հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը, ստվերայնության նվազմանը, արդար մրցակցության ապահովմանը: Այո, ակնկալվում է հարկահավաքությունն ավելացնել և մեծացնել ներդրումների թիվը: Այս օրենսդրական փոփոխություները համարում եմ իրատեսական և արդյունավետ: Իսկ եթե մենք շարունակենք գործարարներին հարկել 2018-ից էլ, ապա ներքին ներդրողների 8 տոկոսի և արտաքին ներդրողների 10 տոկոսի շահութաբաժինները կրկնակի հարկի տակ կդրվեն՝ ստեղծելով բացասական արդյունք: Առհասարակ պետությունը շահութահարկի գծով եկամուտներ շատ քիչ է հավաքում, իսկ այս փոփոխությունները կբխեն և՛ տնտեսության, և՛ գործարար միջավայրի շահերից:

Հարցազրույցը՝ Լ. Նազարյանի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: