Հայերեն   English   Русский  

Իրանի նախագահական ընտրություններում մեզ համար ուսանելի շատ բաներ կան. Վարդան Ոսկանյան


  
դիտումներ: 1010

Իրանում մայիսի 19-ին տեղի կունենան նախագահական ընտրություններ:

«Թե թեկնածուներից որ մեկի հաղթանակն ավելի շահավետ է Հայաստանի համար, դժվար է ասել: Բանն այն է, որ Իրանի նախագահն ունի այն լիազորությունները, ինչ Հայաստանում վարչապետը: Երկրի՝ թե´ արտաքին, թե´ ներքին ուղեգիծը վարում է նախագահից բարձր կանգնած հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին, որը չի փոփոխվում: Այս պարագայում սպասել կտրուկ շրջադարձների Հայաստանի հետ հարաբերություններում որևէ թեկնածուի հաղթանակի հետ կապված պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ, արևելագետ Վարդան Ոսկանյանը:

Հայկական համայնքն Իրանում հանդես չի գալիս որևէ թեկնածուի օգտին.« Ըստ էության՝ իրանահայերը ազատ են արտահայտել իրենց դիրքորոշումը քվեարկությամբ: Մենք Իրանում չունենք դասական լոբբիզմ, ինչպիսին, օրինակ, Իրանում է: Սակայն պետք է նշել, որ հայ համայնքի մեծ մասը հարում է բարեփոխականների թևին: Սա չի նշանակում, որ մենք չունենք պահպանողականների կողմնակիցներ»:

Պարոն Ոսկանյանը գտնում է, որ որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ ինչպես Հայաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ համայնքի նկատմամբ քաղաքականությունում. «Իրանում հայ լինելը առավելություն է, իրանահայերին վերաբերվում են հատուկ ուշադրությամբ, հատուկ գորովանքով: Նախագահական ընտրությունները այդ վերաբերմունքի վրա չեն ազդի: Բնականաբար հայ համայնքը վաստակել է այդ վերաբերմունքը: Այդ մասին շատ չի խոսվում, սակայն Իրանի գրեթե բոլոր հաղթանակները՝ սկսած Աքեմենյան դարաշրջանից մինչև իրանաիրաքյան պատերազմը եղել են հայերի մասնակցությամբ: Կարելի է ասել՝ Իրանի ցանկացած հաղթանակ նաև Հայաստանի հաղթանակն է: Այս դիրքորոշումը պետք է մենք արտահայտենք նաև իրանցիների հանդեպ»:

Իրանագետի խոսքով՝ ընտրությունների ընթացքում բավականին սուր պայքար է ընթանալու երկու թևեր՝ պահպանողականների և բարեփոխականների միջև: Արդեն կայացել է թեկնածուների միջև երկու հեռուստաբանավեճ, որին մասնակցել են բոլոր թեկնածուները և խիստ քննադատություններ են հնչել: Այդ բանավեճերի ժամանակ թեկնածուներն անդրադարձել են Իրանի ներքաղաքական, տնտեսական խնդիրներին և Իրան-Արևմուտք հարաբերություններին. «Մեզ համար ուսանելի շատ բաներ կան, մանավանդ քաղաքական բանավեճի մակարդակը: Այն ընթանում է չափազանց խիստ շեշտադրումներով, բայց պարկեշտության սահմաններում՝ քաղաքական էթիկետի նորմերի լիակատար պահպանությամբ: Մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար Իրանի քաղաքական գործընթացներին հետևելը կարող է ուսանելի լինել»:

Ըստ իրանագետի՝ Իրանը բոլոր առումներով անկանխատեսելի պետություն է. Իրանցի ընտրողը իր որոշումը կայացնում է երևի թե ընտրատեղամաս մտնելուց առաջ: Այսօր եթե դուք հարցնեք որևէ իրանցու, թե ում է ընտրելու, չի նշանակում, որ մինչև վերջ նա հավատարիմ է մնալու այդ թեկնածուին: Մի քանի օրերի ընթացքում նա կարող է փոփոխել իր որոշումները: Դա նրանց մենթալիտետի ,աշխարհայացքի տարր է: Այնպես որ դժվար է ասել, թե թեկնածուներից ով ավելի մեծ հնարավորություններ ունի: Ամեն ինչ պարզ կդառնա ընտրության օրը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: