Հայերեն   English   Русский  

Իմ հաջողության գրավականն են համերաշխ ընտանիքը, լավ շրջապատն ու սիրած աշխատանքը. Սեդա Չիֆլիկյան


  
դիտումներ: 25729

Ո՞վ է հաջողակ կինը: Այս հարցի պատասխանը տարբեր է` կախված ժամանակաշրջանից: Հիմք ընդունելով մերօրյա ընկալումները` «Անկախն» այսուհետ պարբերաբար իր ընթերցողներին կներկայացնի կյանքի տարբեր ոլորտներում հաջողություն ունեցած կանանց, որոնք իրենց օրինակով կապացուցեն, որ անհնարին ոչինչ չկա, երբ կա ձգտում և հաստատակամություն:

«Կյանքում իմ նշանաբանն է՝ այնպես արա, որ լավ լինի դիմացինին: Այդ լավը բումերանգի պես դեպի քեզ է գալիս»,- ասում է երկու երեխաների մայր, յոթ թոռների տատ, հաջողակ բիզնեսմեն Սեդա Չիֆլիկյանը

Տիկին Սեդայի առօրյան խիստ զբաղված է. օրվա ընթացքում ղեկավարում է «Արենի» տուրիստական գործակալությունը, երեկոները՝ հատկացնում ընկերներին, հարազատներին, ընտանիքին, իսկ հանգստյան օրերը՝ թոռներին: Նրա համար խորթ են «չեմ կարող», «չեմ հասցնում» արտահայտությունները: «Ավելի լավ է ֆիզիկապես շատ հոգնեմ, բայց թե՛ ընտանիքիս, թե՛ ընկերներիս, թե՛ աշխատանքիս բավարար ժամանակ և ուշադրություն հատկացնեմ»,- ասում է նա:

«Ինձ համար հաջողակ կին լինելու գրավականներն են՝ համերաշխ ընտանիքը, լավ շրջապատը և սիրած աշխատանքը: Երրորդն անհրաժեշտ է առաջին երկուսը վայելելու համար: Սակայն նաև ընտանիքն ու շրջապատն են նպաստում արդյունավետ աշխատանք ունենալուն: Բոլորը փոխկապակցված են»,- ասում է նա:

Նա ոգևորությամբ պատմում է, թե ինչպես են ամեն ուրբաթ երեկո իր թոռներից չորսը զանգում իրեն՝ հայտնելով, թե գալիս են իր մոտ գիշերելու: «Երկու թոռներս դեռ շատ փոքր են, ավագս էլ արդեն պարապում է բուհ ընդունվելու համար, ուստի գիշերները մեզ մոտ չի մնում»,- ասում է նա՝ հավելելով, որ ամուսնու հետ հաշվել են՝ առնվազն առաջիկա տասը տարիներին իրենց թոռներից չորսը հանգստյան օրերին իրենց տանն են գիշերելու:

Ասում է, որ շատ է սիրում Հայաստանը, երևանյան իր կենցաղն ու շրջապատը և երբևէ չի մտածել ուրիշ տեղ ապրելու, հատկապես արտերկրում հաստատվելու մասին: «Մեր երկրի ու դիմացինի հանդեպ սերն ու հոգատարությունը երեխաներիս եմ փոխանցել, այժմ էլ՝ թոռներիս: Ուզում եմ, որ նրանք մեծանան որպես լավ մարդ, լավ հայ ու ապրեն ծաղկող Հայաստանում»,- ասում է նա՝ միաժամանակ հավելելով, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ այս կյանքն ավելի լավ և գեղեցիկ դարձնելու գործում:

«Մարդ պետք է լավատես լինի, երբեք չտրտնջա ու միշտ աշխատի ինքն իր վրա, ձգտի ավելի լավը դառնալ»,- ասում է նա:

Այս կարգախոսով էլ նա 90-ականների կեսերին հիմնել է «Արենի» տուրիստական գործակալությունը՝ կարողանալով այն կայացնել ու հաջողության հասցնել:

Տիկին Սեդան մասնագիտությամբ ինժեներ-կիբեռնետիկ է, խորհրդային տարիներին աշխատել է Միկրոէլեկտրոնիկայի գործարանում: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ պետական աշխատատեղերը մեկը մյուսի հետևից փակվում էին ու ամեն ոք ստիպված էր ինքնուրույն իրեն աշխատանք ապահովել ու ապրուստ հոգալ, տիկին Սեդայի մտքում ծագում է բիզնես ստեղծելու գաղափարը: Ընկերուհու հետ մի քանի տարի լամայի բուրդ են ներկրում, դրանից թել ստանում ու հանձնում խանութներին: Առաջին հաջողությունից ոգևորված՝ նախաձեռնում են նոր բիզնես՝ հիմնում են տուրիստական գործակալություն:

Տիկին Սեդան պատմում է, որ այն ժամանակ Հայաստանում ընդամենը 3-4 գործակալություն կար, իրենք էլ ոլորտի մասին շատ պատկերացում չունեին, պարզապես ոլորտն իրեն հետաքրքրում էր:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարողացան հարմարվել շուկայի պահանջներին ու հաջողության հասնել, տիկին Սեդան պատասխանում է, որ կարևորը պրպտող ու ստեղծող էություն ունենալն է և աշխատասեր լինելը: Ասում է, որ կարճ ժամանակում ուսումնասիրել են շուկայի պահանջարկը և դրանից հետո ձեռքը զարկերակից բաց չեն թողնում: «Այն տարիներին մարդիկ ուզում էին նոր բան տեսնել, լինել հայտնի տեսարժան վայրերում: Որոշ ժամանակ անց առաջարկն ընդլայնելու խնդիր առաջացավ, հարկ էր տուրիստական առաջարկներում նոր, մեր հասարակությանը մինչ այդ անծանոթ երկրներ ընդգրկել: Այժմ արդեն շեշտը հանգստյան գոտիների վրա է, հատկապես՝ ծովափնյա երկրների»,- ասում է նա:

Սեդա Չիֆլիկյան

Իրենց հաջողության գրավականը ոչ միայն աշխատասիրությունը և հաճախորդների հետ ճիշտ աշխատանքն է համարում, այլև լավ ու մեծ շրջապատ ունենալը: Վստահ է՝ որևէ գովազդ չի կարող այնպես աշխատել, ինչպես քեզ ծանոթ մարդու կարծիքը և գնահատականը որևէ ծառայության վերաբերյալ:

Խոսելով գործի առանձնահատկությունների մասին՝ տիկին Սեդան ասում է, որ տուրիզմի ոլորտը կանանց շատ է համապատասխանում. նրանք կարող են համբերատար ու մատչելի կերպով հաճախորդին ներկայացնել առաջարկը, գրավիչ կողմերը, նաև ճկուն միտք ունեն ու կարող են արագ և ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Անդրադառնալով խորհրդային տարիներից հետո ձևավորված իրավիճակին՝ տիկին Սեդան ասում է, որ նոր կենսաձևը ստեղծարար մոտեցում է պահանջում, ինչին էլ լավագույնս հարմարվել են կանայք: «Այն ժամանակ նորը ստեղծելու կարիք չկար, աշխատանքը պետությունն ապահովում էր: Հիմա ինքդ պետք է կարողանաս ինչ-որ բան ստեղծել: Այս նոր՝ ինքնուրույն միջավայրը կանանց ինքնադրսևորվելու հնարավորություն է տվել: Փոքր ձեռնարկատեր ավելի շատ կանանց գիտեմ, քան տղամարդկանց»,- ասում է նա:

Նրա կարծիքով՝ կնոջ համար կարիերա ստեղծելու միակ դժվարությունը մեր օրերում ժամանակի սղությունն է. պետք է կարողանաս այնպես անել, որ բավարար ժամանակ հատկացնես թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին, թե՛ աշխատանքին, ինչը դժվար է ու բոլորին չէ, որ հաջողվում է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: