Հայերեն   English   Русский  

Սահմանադրական փոփոխությունները մտահոգում են քաղաքագետներին ու քաղաքական ուժերին


  
դիտումներ: 1136

Ինչպես գիտենք, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հանրությանն ու հանրապետության նախագահին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 4-ին, ըստ որի` այդ հանձնաժողովը պետք է մշակեր ու ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Թեև այդ նախագիծը, ինչպես նշեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս նախնական տարբերակն է ու անպայման պետք է դրվի լայն քննարկման` ողնաշարն արդեն տեսանելի է:

Հայաստանում քաղաքական ու կառավարման համակարգի խնդիրների հնարավոր լուծումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով, առաջարկվում են հետևյալ մոտեցումները:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ուղղակի ներգրավված չլինի քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական լինի, անաչառ և կատարի առաջին հերթին հաշտարարի ու միջնորդի դեր` ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:

Հաջորդիվ առաջարկվում է, որ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Ազգային ժողովը, որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները վատագույն տարբերակն են, քանի որ երկիրը կա՛մ պետք է նախագահական լինի` ԱՄՆ-ի տարբերակով, կա՛մ խորհրդարանական: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի պարագայում ճիշտ չի համարում: «Որովհետև Հայաստանում տևականորեն կուսակցություններ չեն կայանում: Իսկ երբ չկան կուսակցություններ, կուսակցությունների քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու: Ինձ թվում է` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: Բայց այդպես կլինի՞, թե ո՞չ: Ոչ: Վաղը կարող է ասել, օրինակ` հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ: Դա դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշեց նա:

Հայաստանում, ասաց Շիրինյանը, ընդհանուր ճգնաժամ է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործընթացները` վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների փաթեթ և այլն, կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

«Ծավալվող պրոցեսները փակուղին խորացնում են, արմատական լուծում չի առաջարկվում: Եթե Հայաստանում, դասական իմաստով, լիներ պոտենցիալով քաղաքական ղեկավարություն կամ շատ հայրենանվեր զինվորականություն, իշխանությունը դիկտատուրայով կսահմանափակեր, ճգնաժամը կհաղթահարեր ու հետո կմտածեր ժողովրդավարության և այլնի մասին»,- նշում է քաղաքագետն ու հավելում, որ ճիշտ կլիներ, եթե նախագահը դուրս գար ՀՀԿ-ից (3-4 տարի է մնում պաշտոնավարմանը), իշխանությունը, առանց ՀՀԿ-ի կողմը նայելու, կենտրոնացներ իր ձեռքերում, կոնսենսուսով գնար առաջ:

Այդ հնարավորությունը, սակայն, Շիրինյանի կարծիքով` չկա. «Հանրապետականն ինքը չի փոխվում, ինչպե՞ս կարող է երկիր փոխել, իսկ ով հենվում է ՀՀԿ-ի ռեսուրսի վրա, ի՞նչ է անելու»:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն իրենց նախագծում նշում են, թե առաջարկվող համակարգով միասնական գործադիր իշխանություն կլինի` վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը, խորհրդարանի և հանրապետության նախագահի միջև առճակատում չի լինի, քանի որ հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ արբիտր կլինի, պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում` չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:

Նշվում է նաև, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա խորհրդարանի` որպես օրենսդիր և վերահսկող մարմնի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը: Խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը, վերջապես, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և նվազ չափով անձնավորված:

Քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը, հայտարարեց, որ կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու ներկայացված նախագծին և կոչ արեց քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Մոտ երկու տարի առաջ խորհրդարանական կառավարման ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առթիվ հանրային քննարկումներ հրավիրած և օրենսդրական նախաձեռնություն հեղինակած «Ժառանգությունը» ևս կարծում է, որ այս պահին չպետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին և քննարկման դնել դրանք:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անձամբ խորհրդարանական համակարգի կողմնակից է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից: «Առաջարկվածն իրենից կոմունիստական մոդել է ներկայացնում: Նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց հիմա ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում: Փաստացի խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում թե՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, թե՛ վարչապետը, որ տեխնիկական բնույթ պետք է ունենա, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ »,- նշեց Բոզոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոփոխությունների փաթեթը հանրությանն ու նախագահին ներկայացնելու ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական:

Բոզոյանն այս կապակցությամբ շեշտում է, որ սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանություններն ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո արդեն կքննարկվի, թե որ համակարգն է ավելի ճիշտ Հայաստանի համար` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական, ու ամենավերջում նոր` սահմանադրական հանրաքվեն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իր մոտեցումը հայտնի է. «Եվ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս` ես այդպես եմ կարծում»:

Բայց նախագահը նշեց նաև, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և անում է առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, քննարկումների փուլը սկսելուց առաջ էլ պաշտոնապես հայտարարեց, որ անձամբ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ Հայաստանում մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս հայտարարության առիթով քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է սեփական մոտեցումը սեփական ճակատագրի վերաբերյալ, բայց մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա. Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: