Հասան Ռուհանիի վերընտրվելուց հետո Հայաստանի ակնկալիքները վերաբերում են մի քանի ոլորտների. իրանագետ
«Չկա անձերի փոփոխություն, սակայն Իրանի քաղաքական օրակարագը որոշակի փոփոխվելու է, որովհետև, թեև Ռուհանիին հսկայան թվով մարդիկ են ձայն տվել, ակնհայտ է իրանցի ընտրողների ակնկալիքները աճել են կապված երկրի ներքում ազատականացման գործընթացի ապահեվելու առումով և երկրորդ՝ տնտեսական առաջընթաց գրանցելու առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ակնկալիքներին, ապա դրանք վերաբերում են մի քանի ոլորտների. «Տարբեր մակարդակների վրա են այդ հաջողությունները։ Էներգետիկ ոլորտը հայ-իրանական հարաբերությունների շոգեքարշն է, կառուցվում է երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, ապա մի շարք ոլորտներ կան, որոնք կաղում են, օրինակ՝ հաղորդակցության ուղիների՝ ճանապարհների խնդիրը։ Անձամբ Ռուհանին է հայտարարել, որ Իրանը Հայաստանը դիտարկում է՝ որպես կարևորագույն հանգուցային երկիր՝ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագրում, և մենք հնարավորինս արագ պետք է իրականացնենք առնվազն այդ հաղորդակցության ուղիների առաջին բաղադրիչը՝ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին»։
Իրանագետը նշեց, որ հաշվի առնելով այն , որ չինացիներն ավելի են ակտիվացնում «Մետաքսի ճանապարհի» ծրագրի շուրջ իրենց ջանքերը մենք չպետք է օրակարգից դուրս թողնենք հայ-իրանական երկաթուղու խնդիրը։
«Այստեղ մենք ունենք մի հետաքրքիր զարգացում ևս. Ռաշտ-Աստարա երկաթուղային գիծը, որը կապելու էր իրանական երկաթուղին ադրբեջանականի հետ, առայժմ չի կառուցվում, և դրա կառուցման համար խոստացված գումարը Ադրբեջանը չի տրամադրվել(կես միլիարդ դոլար)։ Ադրբեջանը ոչ միայն չի տրամադրել այդ գումարը, այլև ադրբեջանական այն բանկը, որը խոստացել էր այդ գումարը տրամադրել, սնանկացել է այսինքն՝ մեզ համար թշնամական երկրի հետ իրականացվելիք ծրագիրն այս պահին առկախվել է: Սա, անշուշտ, ուրախալի փաստ է, բայց չի նշանակում, որ մենք մեր օրակարգը չպետք է իրականացնենք։ Մեզ համար բացվել են լրացուցիչ հնարավորություններ, որպեսզի մենք արագորեն ձեռնամուխ լինենք այդ օրակարգի իրականացմանը»։
Մյուս կարևոր ծագիրը եռակողմ-քառակողմ ձևաչափերով գործակցության ձևավորումն է, որում պետք է ընդգրկվեն Ռուսաստանը և Վրաստանը: Այս պահին շատ արդիական է ներգրավել նաև Թուրքմենստանին: «Գիտեք՝ մեր երկիրը և Իրանը բանակցում են Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ գազային համաձայնագրի շուրջ: Մենք Վրաստանի հետ կրկին բանակցում ենք նման մի եռակողմ գազային համաձայնագրի շուրջ, և այստեղ որոշակի առաջընթաց գրանցվել է։ Այս ձևաչափերը թույլ են տալիս Հայաստանի դերակատարությունը մեծացնել մեր ողջ տարածաշրջանում: Հայաստանը տնտեսական առումով տարածաշրջանում քիչ ազդեցություն ունեցող երկիր է, ինչը չի կարելի ասել ռազմաքաղաքական դերի մասին»։
Այս ամենը հաշվի առնելով վերընտրված նախագահ Հասան Ռուհանին մեզ համար չափազանց ընկալելի, կանխատեսելի և արդեն իսկ Հայաստանի հետ գործակցության որոշակի փորձ և հաջողություններ գրանցած նախագահ է. «Մենք ստանում ենք լրացուցիչ հնարավորություններ առանց հապաղման իրականացնելու հայ-իրանական ողջ օրակարգը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը: