Հայերեն   English   Русский  

Թևանիկ. Ֆիլմ պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում


  
դիտումներ: 4801

«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգում ներկայացված ֆիլմերից մեկը Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն է: Ինչպես ֆիլմի ռեժիսորն է ասում, այն ֆիլմ է պատերազմկի մասին, որը խաղաղություն է քարոզում:

«Թևանիկը» եռապատում է, ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են: Ֆիլմի առաջին`«Արամ, սոնետ» մասում ներկայացվում է Արամի ճակատագիրը, ում հայրը հայ է, մայրն ադրբեջանցի: Պատանին մեկ օրում, օդում կախված պատերազմի պատճառով, կորցնում է մորն ու կրտսեր եղբորը:

«Աստղիկ, էլեգիա» մասում արդեն ֆիլմ է ներթափանցում կանացի երանգը: Մեկ օրում գեղեցկուհի Աստղիկը կորցնում է իր իդեալը, սերը և հարազատներին:

Երրոդ հատվածը, որ կոչվում է «Թևանիկ, ասք», նվիրված է 14-ամյա Թևանիկին, մի որբ տղայի, որը ակամայից դառնում է պատերազմական գործողությունների մասնակից: Սակայն վճռական պահին, երբ «Սպանիր կամ սխանվիր» կարգախոսով պետք է առաջնորդվի, Թևանիկը տատանվում է`ինչպե՟ս կրակել թշնամուդ վրա, երբ նախ և առաջ տեսնում ես, որ նա մարդ է, ավելին, ջրվեժի տակ մերկ լողացող աղջիկ է: Եվ ահա այս վայրկյանական տատանումն է, որ վճռական է դառնում Թևանիկի կյանքում:

Թևանիկ

Ֆիլմի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ծնվել է Ստեփանակերտում: Պատերազմի ժամանակ ընդամենը 10 տարեկան երեխա է եղել:

«Հայրս ու եղբայրս եղել են առաջին գծում, մայրս, քույրս ու ես նկուղում, մանկությունս ընթացել է գորշ գույների մեջ, նկուղային, մայրս մոմի լույսի տակ ինձ համար գիրք էր կարդում, որ չապրեմ այն, ինչ իրականում կատարվում էր: Ուստի ես ինձ իրավունք վերապահում եմ պատմելու Ղարաբաղի մասին»,- ասում է Ավետիսյանը: Մինչ այս նա հանդիսատեսին էր ներկայացրել «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որը ևս Արցախյան ազատամարտի մասին է:

«Անկախ»-ը ներկայացնում է հարցազրույց կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի հետ:

-Ջիվան, ֆիլմն արցախյան պատերազմի մասին է, բայց ո՟րն է առանցքային ասելիքը, ուղերձը հանդիսատեսին:

-Ֆիլմի առանցքում մարդն է ընկած, շեշտը դրել ենք մարդու ճակատագրի վրա, մարդ, որն ապրում է կյանքի, մահվան, սիրո, բաժանման եզրագծում, մնացած իրադարձությունները և պատերազմը ծառայում են որպես ֆոն: Անկախ այն բանից, թե որքան հեռու ես առաջնագծից, միևնույնն է, կրում ես պատերազմի դաժան դրոշմը քո ճակատագրի վրա: Ֆիլմում արծարծված են նաև խնդիրներ, որոնք արդիական են նաև այսօր: Սա ֆիլմ է պատերազմի մասին, որը խաղաղություն է քարոզում: Հիմնական ուղերձը խաղաղությունն է: Նաև այն, որ չպետք է լքել քո հայրենի բնակավայրը, սահմանները:

-Իսկ որքանո՟վ է հասկանալի ֆիլմը դիտողի, հանդիսատեսի համար:

-Փորձել եմ ճշմարիտ պատմել պատմությունը, որպեսզի հանդիսատեսը հասկանա, թե ինչու ինձ պես հազարավոր մարդիկ ունեցել են գորշ մանկություն և մինչև հիմա կրում ենք պատերազմի հետևանքը: Մինչև հիմա, անկախ այն բանից, արթնանում եմ Փարիզում, թե Երևանում, ինչ սոցիալական դիրքում, միևնույն է, արթնանում եմ այն ամենով, ինչ զգացել և տեսել եմ: Մեծ հույս ունեմ, որ հանդիսատեսը կհասկանա, թե ինչ դժվար է եղել առաջին գծում, երբ դու գրեթե զինված չես, իսկ հակառակորդդ և զինված է , և մեծաքանակ, իսկ դու միայն մի բան գիտես, ինչպես ֆիլմի հերոսները, ելք չկա, նահանջի տեղ չկա: Ամեն պատմություն վերցված է իրական դեպքից, այդ ամենը ես տեսել եմ ու փորձել վերարտադրել:

Թևանիկ

-Պատերազմի ժամանակ ինքներդ էլ երեխա եք եղել: Ձեր ապրածն ու զգացածը որքանո՟վ եք արտայատել ֆիլմում:

-Հոգի եմ դրել, այդքանով արդեն իսկ արտահայտած է իմ ապրածը: Իմ հերոսները անկեղծ են, քանի որ հիմքում դրված է այն ամենը, ինչ ես ապրել եմ:

-Իսկ ինչո՟ւ եք որոշել պատանիներին դարձնել ֆիլմի հերոսներ, նրանց միջոցով ասելիք փոխանցել:

-Որովհետև պատերազմում ամենախոցելի խավը պատանիներն են, կանայք: Տղամարդիկ էլ, ովքեր խրամատում են, թիրախ են, բայց իրենք գիտակցում են իրենց ընտրությունը, իսկ երեխաները չեն գիտակցում: Ի վերջո այդ հարցը միշտ տալիս ես, թե ինչու են կռվում այդ մարդիկ: Հետո երբ մեծանում ես, նոր հասկանում ես, թե զրկանքներդ ինչի համար են: Ես էլ փոքր ժամանակ չէի հասկանում:

-Շարունակելո՟ւ եք արցախյան ազատամարտի թեմայով ֆիլմեր նկարահանել: Ի՟նչ պլաններ կան առաջիկայի համար:

-Ինձ համար առաջին հերթին կարևոր է ազնիվ կինո նկարելը, երկրորդը`ուզում եմ, որ այդ ազնիվ կինոն պատմի Ղարաբաղի մասին: Պլանավորում ենք հաջորդ տարի, եթե պակասող ֆինանսավորումը հայթայթենք, սկսել «Վերջին բնակիչ» ֆիլմի նկարահանումները: Ֆիլմի սցենարը գրվում է Ծովինար Խաչատրյանի «Վերջին բնակիչ» պատմվածքի հիման վրա: Այն պատմում է 88-89-ի Ղարաբաղյան իրադարձությունների մասին: Ֆիլմի կապը նախորդների հետ միայն թեման է`Ղարաբաղը, իսկ պատմությունները չեն կրկնվում:

Թևանիկ

-Իսկ Հայաստանից բացի որտե՟ղ եք պլանավորում ֆիլմը ցուցադրել:

-Բանակցում ենք մի քանի դիստրիբյուտորների հետ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից: Պատկերը հետևյալն է, 100-ից 99-ը մերժում են ֆիլմը թեմայի պատճառով: Պատճառաբանում են, որ եթե ֆիլմը վերցնեն դիստրիբյուցիայի, հաջորդ առավոտյան ադրբեջանցիներն իրենց գրասենյակի ապակիները կջարդեն:

Փորձում եմ քայլ առ քայլ ֆիլմը հասցնել գագաթնակետին: Գիտեմ, որ դա նույն բանն է, որ մակույկով դուրս գաս մեծ ալիքների դեմ: Բայց չի բացառվում, որ կարող ես հաղթել, պարզապես պետք է կամք և համբերություն: Արցախում էլ այդպես էր, ասում էին ադրբեջանցիները շատ են, զինված են, տարածքով մեծ են, մենք շանս չունենք, բայց մենք հաղթեցինք:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: