«Չէի պատկերացնի, որ ինձ նվիրված նամականիշ կլինի». Արթուր Ալեքսանյան
«Ինձ համար մեծ պատիվ է, որ իմ նկարով նամականիշ է մարվում: Փոքր ժամանակ, երբ տեսնում էի մեր օլիմպիական չեմպիոնների նամականիշերը, չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի նաեւ իմը: Շնորհակալ եմ «Հայփոստ»-ին: Սա ինձ ուժ կտա հետագայում եւս բարձր պահել Հայաստանի պատիվը: Նամականիշը շատ գեղեցիկ էր»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:
Խոսելով առաջին անգամ Օլիմպավանում ընթացող ուսումնամարզական հավաքի մասին, Ալեքսանյանն ասաց, որ Օլիմպավանը կառուցված է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան եւ ամեն բան իդեալական է:
Նշենք, որ Այսօր Օլիմպավանում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ` նվիրված «Ապորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային:
Նամականիշը մարեցին Արթուր Ալեքսանյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Խաչատրյանը եւ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը:
Գեղաթերթիկի վրա պատկերված են Ռիո-2016-ում Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերից հատվածներ, ինչպես նաեւ ըմբիշի ոսկե մեդալը` տեղադրված օլիմպիական օղակների մեջ: