Հայերեն   English   Русский  

​Դժվարություններից խուսափել հնարավոր չէ, կամք ու վճռականություն է պետք դրանք հաղթահարելու համար


  
դիտումներ: 14495

2000-ականներին, երբ Հայաստանում շինարարական բում էր, ջրամատակարարում-ջրահեռացում և այլ համակարգերը նախագծվում ու անցկացվում էին խորհրդային ժամանակներից եկող ավանդական տեխնոլոգիաներով՝ մետաղական և թուջե խողովակներով: Այնինչ քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն անցել էին պոլիմերային և մետաղապլաստե խողովակների և դետալների:

Հենց այս ու մի շարք այլ հանգամանքներ, տեխնոլոգիական առավելություններ հաշվի առնելով՝ 2006 թ. մի խումբ մարդիկ հղացան մեր երկրում պոլիմերային և մետաղապլաստե խողովակներ, կցամասեր, այլ արտադրանք թողարկելու միտքը, որը խոստանում էր միանգամից մեծ տարածում գտնել մեր երկրի շինարարության ոլորտում: 2006 թ. էլ ստեղծվեց «Նյու Պլաստ» ընկերությունը: Եվ արդեն 2007 թ. Հայաստանում արտադրվում էին տեղական պոլիմերային և մետաղապլաստե խողովակներն ու այլ համակցող դետալները:

Ընկերության արտադրանքներից են տարբեր չափսերի պոլիմերային և մետաղապլաստե խողովակները, համակցող դետալները և հենքային ամրանների լայն ընտրանին, ինչպես նաև ջեռուցման համակարգի, ջրամատակարարման և հատակի տաքացման համար անհրաժեշտ բազմազան աքսեսուարները, որոնք նախատեսված են տարբեր աշխատանքների իրականացման համար: Ուշագրավ է, որ «Նյու Պլաստ» ընկերությունը յուրացրել է շինարարության համար նյութա- և էներգախնայող տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության համար ջրախնայող ոռոգման համակարգերի արտադրությունը, Հայաստան է ներմուծել բնակելի և արդյունաբերական շինությունների խնայողական և սկզբունքորեն նոր համակարգեր՝ հիմնվելով Հյուսիսային Եվրոպայի փորձի վրա: «Նյու Պլաստը» 2011թ. ստեղծեց ևս մեկ ընկերություն (GRP Systems), որն արտադրում է մեծ տրամագծի խողովակներ՝ երկրի կոմունալ և մայրուղային տնտեսության վերակառուցման համար:

Հայաստանում այդ տեսակի և այդ տեխնոլոգիաներին համապատասխան արտադրանք միայն «Նյու Պլաստն» էր արտադրում՝ այդ ժամանակ մեր երկրի միակ նման արտադրությունը, որն էլ աստիճանաբար տարածեց այդ արտադրանքը, խթանեց, որպեսզի Հայաստանում աստիճանաբար մետաղական և թուջե խողովակներից անցում կատարվի մետաղապլաստե և պոլիմերային խողովակների ու դետալների:

«Հասկացանք, որ մետաղական խողովակները և՛ ավելի թանկ են, և՛ կոռոզիայի են ենթարկվում, և՛ քայքայվում են: Ավելի արդյունավետ տեխնոլոգիաներ կան աշխարհում, ու մտածեցինք՝ իսկ ինչո՞ւ մեզ մոտ էլ չլինի նման արտադրություն… Սկսեցինք ուսումնասիրել շուկան, արդեն կամաց-կամաց ներմուծել հոսքագծերը, հարմարեցնել տեղական պահանջներին, տարածքի հարցերը լուծել, ներդրումներ ներգրավել»,- մեկնարկային փուլը հիշելով՝ պատմեց ընկերության գործադիր տնօրեն Արմեն Հարությունյանը:

Տարբեր ժամանակներում գործարանում եղել է մինչև 200 աշխատող: Գործարանն իր աշխատանքները սկսել է երկու հոսքագծով, հիմա արդեն 8 հոսքագիծ կա, այսինքն՝ այդքան ուղղությամբ տարբեր դետալներ են արտադրվում գործարանում՝ մի քանի տասնյակ տեսակի արտադրանք թողարկելով:

«Նյու Պլաստի» գործադիր տնօրենը «Անկախի» հետ զրույցում նշում է, որ սխալ կարծիք է, թե Հայաստանում ոչինչ անել հնարավոր չէ. «Իրականում, եթե մենք էլ մտածեինք, որ այստեղ ոչինչ անել հնարավոր չէ, որ մեր երկրում բիզնես անելու համար բացասական հանգամանքներն ավելի շատ են, քան դրականները: Եթե չմտածեինք, որ ամեն ինչ ու ցանկացած տեղ էլ հնարավոր է անել՝ չէինք հիմնի «Նյու Պլաստն» ու չէինք հասնի այս ամենին, ինչ հիմա ունենք»:

Նյու Պլաստ

Իսկ մեր հետաքրքրասիրությանն ի պատասխան, թե այն ամենին հասնելու համար, ինչին հասել է ընկերությունը, ի՞նչ է պետք անել, ժպտալով ասում է. «Պետք է անել այն, ինչ մենք ենք անում: Որպեսի ձեռնարկումդ հաջողվի կամ գոնե չձախողվի, պետք է հետևողականություն, աշխատասիրություն, պարբերաբար ավելացնել տեսականին, թարմացնել, միշտ նորամուծություններ անել, մանրակրկիտ ուսումնասիրել շուկան և հետևել շուկայի բոլոր միտումներին»:

Ընկերության տնօրենի կարծիքով՝ չկա հաջողության պատրաստի բանաձև կամ բաղադրատոմս, ամեն մեկն իր մեթոդը, իր մտածողությունը, իր գաղափարներն է ներդնում իր բիզնեսում, իր գործի մեջ սեփական մոտեցումները, սեփական տակտիկան մտածում, սեփական քայլերն անում: «Այն, ինչ ես եմ կարողանում անել, ուրիշը չի կարող անել, այն, ինչ ուրիշն է կարողանում անել, ես չեմ կարող անել. նրա հաջողության հիմքում բոլորովին ուրիշ գծեր են ընկած, մեր հաջողության հիմքում՝ բոլորովին այլ»: Նա գլխի դրական շարժումով համաձայնում է մեր այն դիտարկմանը, թե առհասարակ ինքնատիպությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է ցանկացած բիզնեսում հաջողության հասնելու համար. միշտ պետք է լինել յուրահատուկ ու առանձնացող, հատկապես առկա աշխարհում ու առկա իրողությունների պայմաններում, երբ մատուցվող ապրանքներն ու ծառայություններն ուղղակի անհամար են, մրցակցությունն էլ՝ ահռելի:

Մեր զրուցակիցը մեկ անգամ ևս նշում է՝ Հայաստանում արժե բիզնես սկսել: «Հեշտ չի ամենևին,- ասում է նա,- շատ-շատ դժվարություններ ենք ստիպված եղել հաղթահարել, քանի որ մեր երկրի շուկան բարդ շուկա է, փոքր է, մրցակցությունը շատ մեծ է, պայքարը՝ ուժեղ, պետք է ճիշտ կողնորոշվել, ճիշտ որոշումներ կայացնել ու ճիշտ քայլեր անել:

Իսկ դժվարությունները հաղթահարելուն, արգելքները շրջանցելուն օգնել է երևի այն, որ հենց որոշել ենք, որ պետք է հաղթահարենք՝ էլ չենք նահանջել: Պետք է վճռական լինել: Դժվարություններից խուսափել հնարավոր չէ. կամք ու վճռականություն է պետք դրանք հաղթահարելու համար»:

«Նյու Պլաստն» էլ հետևողականորեն, կամքի ուժով ու վճռական փորձում է շարունակել իր դժվար, բայց պատվաբեր ճանապարհն ու հզորացնել երկրի տնտեսությունը, բարձրացնել երկրի քաղաքացիների հարմարավետությունն իր արտադրած որակյալ ու ժամանակակից արտադրանքով, իր մոտեցումներով, իր բիզնես անելու աննահանջ ցանկությամբ:

«Ուրիշ էլ ո՞վ պետք է կառուցի և հզորացնի մեր երկիրը, եթե ոչ մենք՝ մեզնից յուրաքանչյուրն իր գործով, իր քայլերով»,- հրաժեշտից առաջ հավելում է Արմեն Հարությունյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: