Հայերեն   English   Русский  

​ ՊԲ-ն ներկայացրել է իրականացված հատուկ գործողության մանրամասները (ՏԵՍԱՆՅՈւԹ)


  
դիտումներ: 2046

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որում ցույց է տալիս նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի մարմինների տարհանման գործողության մանրամասներ։

Տեսանյութում ցույց է տրվում ուղղաթիռի զոհված օդաչուներից մեկի մարմինը, ինչն ապացուցում է, որ մարմինները դուրս բերելու գործողության վերաբերյալ ադրբեջանական կողմի հերքումներն ուղղակի սուտ են։

Անձնակազմի տարհանման ուղին

Մեկնաբանելով հայկական կողմի հատուկ գործողությունը՝ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տեսանյութում նշում է, որ մինչ օրս հայկական կողմը փորձում էր տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Կարմիր խաչի ու ԵԱՀԿ-ի միջնորդությամբ զննել ուղղաթիռի անկման վայրն ու պարզել ուղղաթիռի օդաչուների ճակատագիրը։ Սակայն ադրբեջանական կողմը ամեն կերպ խոչընդոտում էր դրան՝ կրակի տակ պահելով տեղանքն ու անգամ թույլ չտալով ԵԱՀԿ պատվիրակությանը դիտարկում անցկացնել այդ վայրում։

Դրանից ելնելով՝ պաշտպանության բանակը դիմել է հատուկ գործողության, ու ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումները դուրս են բերել խոցված ուղղաթիռի օդաչուներից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ սարքավորումներ, որոնք անհրաժեշտ են հետագայում խոցման պահի մանամասները պարզելու համար։

Ավելացնենք, որ ՊԲ մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ուժերը նոյեմբերի 22-ին ուղղաթիռի խոցման վայրից տարհանել են հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Ըստ հաղորդագրության՝ հատուկ նշանակության գործողության ընթացքում «շարքից հանվել է հակառակորդի երկու զինծառայող»։Պաշտպանության բանակը գործողության ընթացքում կորուստներ չի կրել:

Ադրբեջանական աղբյուրները, մասնավորապես պաշտպանության նախարարությունը փորձում են հերքել գործողության մասին հայկական կողմի տարածած տեղեկությունները՝ կտրականապես նշելով, որ նման բան չի եղել։

Հիշեցնենք, որ 2014-ի նոյեմբերի 12-ին Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժության շրջանակներում ուսումնավարժական թռիչք իրականացնելիս ադրբեջանական կողմը խոցել էր հայկական օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Անձնակազմի 3 անդամների ճակատագիրը մինչ օրս անհայտ էր, իսկ ադրբեջանական կողմը միջազգային կառույցների՝ օդաչուների մարմինները դուրս բերելու միջնորդությանը տալիս էր լկտի պատասխան՝ նշելով, որ դա կարվի այն ժամանակ, երբ Ադրբեջանը հարկ համարի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: