Հայերեն   English   Русский  

​Կատարյան դիվանագիտական ճգնաժամ. ինչպե՞ս կզարգանա իրավիճակը Մերձավոր Արևելքում


  
դիտումներ: 6453

Վերջին շաբաթվա ընթացքում Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 9 երկիր: Շաբաթվա սկզբին դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին հայտարարեցին Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Եգիպտոսը, Եմենը և Մալդիվյան Հանրապետությունը: Այնուհետև Նրանց միացան Մավրիտանիան , Լիբիայի արևելյան կառավարությունը, Մավրիկիան:

Կատարի քաղաքացիներին ժամանակ է տրվել այդ երկրները լքելու համար: Իսկ այդ երկրների օդային տարածքը փակ է Կատարի ինքնաթիռների համար:

Հորդանանն էլ իջեցրել է Կատարում դիվանագիտական ներկայացվածության մակարդակը, ինչպես նաև փակել է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության տեղական գրասենյակը:

Կատարի դեմ քայլեր ձեռնարկած երկրները նրան մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ: Սակայն կարծիք կա, որ այդ քայլի իրական պատճառը հարաբերությունների խզումից առաջ Կատարի գործակալության կայքում հայտնված լուրն էր, թե երկրի էմիրը հեռախոսային բանակցություններ է վարել Իրանի նախագահի հետ, ինչպես նաև բարձր է գնահատել Իրանի դերը տարածաշրջանում:

Չնայած Կատարի իշխանությունները հայտարարեցին, որ որևէ բանակցություն չի ընթացել, լուրը հաքերների աշխատանքի արդյունք է, իրավիճակը չմեղմացավ:

Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կատարի դեմ ձեռնարկվող քայլերը կապել է վերջերս Սաուդյան Արաբիա կատարած իր այցի հետ:

«Հաճելի է տեսնել, որ այցը Սաուդյան Արաբիա և հանդիպումը թագավորի և 50 երկրների ներկայացուցիչների հետ արդեն իսկ արդյունք է տալիս: Նրանք հայտարարեցին, որ կոշտ դիրքորոշում կունենան ծայրահեղականության ֆինանսավորման նկատմամբ, և բոլորը մատնանշում էին Կատարը: Հնարավոր է՝ սա կդառնա ահաբեկչության սարսափների վերջի սկիզբը»,- գրել է Թրամփը թվիթերի իր էջում:

Կատարի իշխանությունները երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը համարում են չհիմնավորված, միաժամանակ վստահեցրել են, որ դա չի ազդի իրենց քաղաքացիների բնականոն կյանքի վրա:

Կատարի արտգործնախարարը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանն ասել է, թե Կատարը պատրաստ է դիմանալ շրջափակմանը, իսկ երկրի բնակիչները դարձել են այլ երկրների կողմից «կոլեկտիվ պատժի» զոհ: Նա նշել է, որ Կատարի իշխանությունները պատասխան քայլեր ձեռնարկել չեն պատրաստվում, բայց դժգոհ են, որ տարածաշրջանում ազդեցության համար մրցակցողները փորձում են իրենց կամքը պարտադրել Կատարին կամ խառնվել նրա ներքին գործերին:

Նշենք, որ Կատարի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ վերջին տարիներին լարված են եղել: Պատճառն Իրանի հետ այս երկրի նորմալ հարաբերություններն են: 2014-ի մարտին այս երկրների հարաբերությունները նորից սրվել էին, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Միացյալ Արաբական Էմիրություններն այն ժամանակ հետ կանչեցին իրենց դեսպաններին, սակայն ծովային և ցամաքային շրջափակման մասին սպառնալիքները չիրագործեցին: 2014-ի նոյեմբերին դեսպանները նորից իրենց տեղում էին:

Այս անգամ ճնաժամը կարծես ավելի սրված է: Եվ ամբողջությամբ արտաքին աշխարհից պարենային կախվածություն ունեցող Կատարի համար սա մեծ փորձություն է:

Ճգնաժամի զարգացման երեք հնարավոր սցենարները

Արմեն Պետրոսյան

Արաբագետ Արմեն Պետրոսյանը, անդրադառնալով կատարյան ճգնաժամի շուրջ հնարավոր զարգացումներին, ասում է, որ երեք սցենար է հնարավոր:

Տարբերակներից մեկը ճգնաժամի հանգուցալուծումն է կարճաժամկետ հատվածում` տարբեր միջնորդական ձևաչափերի աջակցությամբ և Կատարի կողմից որոշակի զիջումների պարագայում: «Երկու միջնորդական ձևաչափեր են աշխատում այս պարագայում, մեկը Թուրքիա-Իրան-Իրաք ձևաչափն է: Բայց սա շատ հավանական տարբերակ չէ` հաշվի առնելով և՛ Իրանի, և՛ Իրաքի բավականին խնդրահարույց հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և նրա գործընկերների հետ: Մյուսը Օմանի և Քուվեյթի կողմից առաջարկված միջնորդական ձևաչափն է, որն ավելի կենսունակ է ու կարող է ավելի մեծ դերակատարություն ունենալ»,- ասում է նա:

Երկրորդ սցենարը, Պետրոսյանի կարծիքով, ներքին հեղաշրջման փորձն է Կատարում ներքաղաքական զարգացումների, քաղաքացիների դժգոհությունների կամ իշխող ընտանիքի ներսում խմորումների հետևանքով:

Երրորդ հնարավոր տարբերակը հարաբերությունների առավել սրումն է: «Այս պարագայում հնարավոր է` ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Կատարը հարաբերությունները մերձեցնի տարածաշրջանային այլ դերակատարների հետ, խոսքը մասնավորապես Իրանի և Թուրքիայի մասին է»,- ասում է նա:

Թե թվարկված սցենարներից որն է ավելի հավանական, Պետրոսյանը նշում է, որ այժմ դժվար է կանխագուշակել. «Համենայն դեպս, Կատարի իշխանությունները հնարավոր ամեն քայլ ձեռնարկում են իրավիճակը մեղմելու ուղղությամբ»:

Հարցին, թե արաբական երկրները Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ ինչ զիջումներ են ակնկալում Կատարից, Պետրոսյանը մատնանշում է այն լծակները, որոնցով այդ երկիրը կարողանում է միջամտել և ազդել հարևան երկրներում ընթացող գործընթացների վրա. «Մեկը համաարաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունն է, որով կարողանում էին լուսաբանել արաբական շատ երկրներում տեղի ունեցող գործընթացները: Մյուսը Կատարի աջակցությունն է մի շարք արմատական մուսուլմանական կառույցներին: Խոսքը Եգիպտոսում Մուսուլման եղբայրներին, պաղեստինյան Համասին, Սիրիայում մի շարք այլ խմբավորումներին աջակցելու մասին է: Դրանց միջոցով Կատարը կարողանում է ազդեցություն ունենալ տարբեր արաբական երկրներում ընթացող գործընթացների վրա»:

Հնարավորություններ հայ գործարարների համար

Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը նշում է, որ Կատարը Պարսից ծոցի այն երկրներից է, որոնք կարողացել էին մինչ այս հաջողությամբ համագործակցել Պարսից ծոցի արաբական երկրների հետ և միաժամանակ հանդես գալ Իրանի հետ նորմալ հարաբերություններով:

«Սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այս երկիրը ենթարկվել է շրջափակման մի շարք արաբական երկրների դաշինքի կողմից, որը ղեկավարում է Սաուդյան Արաբիան: Կատարի հարաբերություններն Իրանի հետ հենց այն մեխն էին, որի շուրջ էլ իրադարձությունները զարգացան»,- ասում է նա` որպես ճգնաժամում դեր խաղացող գործոն մատնանշելով նաև այն հանգամանքը, որ Կատարը Պարսից ծոցի այն երկրներից էր, որոնք, ըստ էության, չմիացան Սաուդյան Արաբիայի կողմից ղեկավարվելիք հակաիրանական դաշինքին:

Ոսկանյանը նշում է, որ ներկա իրավիճակում, հաշվի առնելով Կատարի և Իրանի նորմալ հարաբերությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս տեղի ունեցավ ՀՀ նախագահի այցը Կատար, որի արդյունքում մեր երկու պետությունները գրանցեցին քաղաքական հարաբերությունների միանգամայն նոր որակ, ապա մեզ համար բացվում են լրացուցիչ հնարավորություններ:

«Այժմ Կատարը որոշակի դժվարություններ է ունենում՝ կապված սննդամթերքի և ջրի ապահովման հետ: Կարծում եմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան հարաբերություններում ունենք արդեն իսկ գործարկված տնտեսական ուղիներ, ապա կարելի է Իրանի տարածքն օգտագործել և որոշակի մուտք ունենալ կատարյան շուկա, հատկապես՝ սննդամթերքի և ջրի արտահանման ոլորտում»: Ոսկանյանը, սակայն, նշում է, որ այս ամենը պետք է արվի հնարավորինս արագ, որովհետև ճգնաժամը դինամիկ է զարգանում, ինչպես նաև Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությամբ պայմանավորված`որոշակի զարգացումներ կլինեն նաև Իրանում:

«Հետևաբար, եթե մեր գործարարները դանդաղեն, ապա կարող են կորցնել այս հնարավորությունների պատուհանը»,- ասում է նա:

Ոսկանյանը նաև նշում է, որ ներկա իրավիճակում սխալ է ակնկալել, որ իրանա-կատարյան հարաբերությունները կարող են վատանալ` արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով:

Նա նշում է, որ Կատարի շահերից է բխում, որ Իրանի հետ ունենա նորմալ հարաբերություններ, որ Իրանը կայուն դերակատարություն ունենա մերձավորարևելյան տարածաշրջանում: Իսկ հարաբերությունների սրման պարագայում Կատարը կարող է դառնալ Իրանի առաջին թիրախը, քանի որ այս երկրում գործում է ամերիկյան ռազմաբազա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: