Հայերեն   English   Русский  

​Կարմիր բծերի մասին. մաշկաբանի խորհուրդները


  
դիտումներ: 13764

Շատերը, մաշկի վրա հայտնաբերելով կարմիր բծեր, դրանց լուրջ ուշադրություն չեն դարձնում: Մինչդեռ, դրանք կարող են վկայել օրգանիզմում առկա հիվանդությունների մասին, երբեմն՝ անհետաձգելի բուժում պահանջող: Հետևաբար, նախ պետք է պարզել այդ բծերի առաջացման պատճառները:

Սուտակե կետերի առաջացման պատճառները (դրանց ամենատարածված անվանումն է) տարբեր են: Օրինակ՝ կարող են առաջանալ մազահեռացման հետևանքով ստացած միկրովնասվածքներց: Բանն այն է, որ մաշկի վրա մազահեռացնող սարքի հետևանքով հնարավոր է՝ վնասվեն մազանոթները: Այդ պատճառով արյունը դուրս է գալիս ենթամաշկային ճարպաշերտ ու միկրոհեմատոմա՝ արյունազեղում է առաջանում:

С և К վիտամինների անբավարարությունը նույնպես կարող է անոթների փխրունության պատճառ դառնալ ու հանգեցնել մարմնի վրա կարմիր կետերի գոյացման: Այդ կետերի քանակը կարող է ավելանալ ցանկացած վնասվածքից ու անգամ հագուստի հետ մաշկի շփումից:

Եթե մարմնի վրա նկատել եք կարմիր կետեր, ապա ճիշտ կլինի դիմել բժշկի, քանի որ դա կարող է նաև հեմանգիոմա լինել, այսինքն՝ անոթային բարորակ ուռուցք: Դրանք տարբեր տրամագծի են լինում՝ մի քանի մմ-ից մինչև մի քանի սմ:

Ամեն դեպքում, գոյություն ունեն կարմիր կետերի մի քանի տեսակներ: Մազանոթային հեմանգիոմաները լայնացած մազանոթներով են արտահայտվում, որոնք հաճախ տեղակայվում են դեմքին կամ իրանին:

Խոռոչավոր հեմանգիոման գոյացություն է, որը բաղկացած է, ինչպես անվանումն է հուշում, արյունով լցված խոռոչներից:

Եթե հեմանգիոման ուռուցիկ տեսք ունի, ապա դա անվանում են ճյուղավորված. սեղմելու ու արագ բաց թողնելու դեպքում այն իսկույն լցվում է արյունով:

Հեմանգիոմաները բուժվում են՝ կախված տեսակից: Եթե նկատել եք, որ մարմնի վրա փոքրիկ կետեր են առաջացել, որոնք մազանոթային ճյուղավորում ունեն, ապա հնարավոր է՝ դա վիրուսային հեպատիտի կամ լյարդի ցիրոզի մասին է հուշում: Այս դեպքում անհապաղ դիմեք բժշկի:

Կարմիր կետերի առաջացման պատճառները կարող են նաև ենթաստամոքսագեղձի հիվանդությունները լինել: Հաճախ դրանք գոյանում են թիկունքի հատվածում, կրծքին ու փորին, իսկ սեղմելու դեպքում չեն անհետանում:

Եթե ձեր հոդերը խնդրահարույց են ու ռևմատիկ հիվանդություն ունեք, ուրեմն ռիսկի խմբում եք: Բանն այն է, որ նշված հիվանդությունների դեպքում օրգանիզմում աուտոիմունային պրոցեսներ են սկսվում, այսինքն՝ ձեր օրգանիզմը ձեր իսկ բջիջներն ընկալում է օտարածին մարմին ու, փորձելով պաշտպանել ձեզ, հակամարմիններ է ձևավորում:

Ինչպե՞ս կարելի է ազատվել դրանցից

Բուժումը, ինչպես արդեն նշվեց, կախված է հեմանգիոմայի տվյալ տեսակի բնույթից: Օրինակ՝ եթե այդ կետերն առաջացել են մաշկի վրա անմիջական ազդեցությունից (ասենք՝ մազահեռացման սարքից), ապա պետք է փորձեք խուսափել հետագայում նման վնասվածք ստանալուց:

Եթե պատճառը վիտամինային անբավարարությունն է, ապա սկսեք այդ վիտամիններով հագեցած մթերքներ կիրառել: Ճիշտ տեղն է հիշեցնելու, որ С վիտամինվ հարուստ են մասուրը, ծաղկակաղամբը, կանաչ ոլոռը, նարինջը, նեխուրը. սխտորը, լոլիկը, կիվին ու խնձորը:

К վիտամինի անբավարարությունը լրացնելու համար պետք է, օրինակ, կանաչաթուփ կաղամբ, սպանախ, բրոքքոլի, լոբի, հավի ձու, վարունգ ու հորթի միս գործածել:

Ուրեմն, եթե մարմնի վրա կարմիր կետերն իսկապես հեմանգիոմաներ են, ապա հասարակ ուռուցքները բուժում են վիրահատական եղանակով՝ մաշկն ածխածնի երկօքսիդով այրելով:

Ճյուղավորված հեմանգիոմաները նույնպես բուժվում են, մաշկային անհրաժեշտ պրոցեդուրաների օգնությամբ, իսկ եթե պարզվի, որ դրանք ցիրոզի կամ էլ հեպատիտի հուշումներ են, ուրեմն պետք է լուրջ բուժում ստանալ՝ հետագա բարդություններ չունենալու նպատակով:

Եթե մարմնի վրա կարմիր կետերի առաջացման պատճառը ենթաստամոքսագեղձի հիվանդություններն են (օրինակ՝ պանկրեատիտ), ապա պետք է անհապաղ հետազոտություն կատարվի, որի պատասխանների հիման վրա խելամիտ սննդակարգ կընտրվի ու նաև բուժում կնշանակվի:

Ուրեմն կարմիր կետերից ազատվելու նպատակով նախևառաջ պետք է դրանց առաջացման պատճառը պարզել, ապա նոր բուժվել ճիշտ ընտրված մեթոդով: Իսկ տվյալ դեպքում ավելորդ է ժողովրդական միջոցների ու նաև ինքնաբուժման մասին խոսել, քանի որ ինքնուրույն ախտորոշում անհնար է կատարել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: