Հայերեն   English   Русский  

​Արամ Ավագյան. «Յուրաքանչյուր հիասթափություն նոր մոտիվացիա է»


  
դիտումներ: 6945

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, Հայաստանի բազմակի չեմպիոն Արամ Ավագյանը, որպես բռնցքամարտի ազգային հավաքականի անդամ, բազմիցս է մեր երկիրը պատվով ներկայացրել միջազգային տարբեր մրցաշարերում: Ռիոյի օլիմպիական խաղերից հետո հայ մարզիկը որոշեց կարիերան շարունակել նաև պրոֆեսիոնալ ռինգում:

Մայիսի 27-ին Վորոնեժում անցկացված պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում Արամ Ավագյանն իր երրորդ մենամարտն ունեցավ՝ պարտության մատնելով ուզբեկ Շարաֆիդին Ժուրախոնովին:

«Անկախի» հետ զրուցում հայ բռնցքամարտիկը պատմում է սիրողականից պրոֆեսիոնալ ռինգ անցելու պատճառների, առաջիկա ծրագրերի, միաժամանակ հավաքականում ելույթները շարունակելու և օլիմպիական խաղերում հաղթող ճանաչվելու ցանկության մասին:

- Պրոֆեսիոնալ ռինգում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցիք: Շնորհավորում ենք Ձեզ: Ի՞նչ տպավորություններ ունեք:

- Հաղթանակը շատ կարևոր է պրոֆեսիոնալ ռինգում, քանի որ պարտությունն ազդում է վարկանիշի վրա: Պարտության դեպքում հարկավոր է կրկին անցնել նույն ճանապարհը և հետո միայն պայքարել չեմպիոնական գոտու համար: Այժմ ես վարկանշային մենամարտեր եմ անցկացնում: Ուստի յուրաքանչյուր մենամարտին նախապատրաստվում եմ ամենայն պատասխանատվությամբ՝ առավելագույն ուժեր ներդնելով: Մինչ մենամարտը օրական 2-3 պարապմունք եմ անցկացրել՝ բռնցքամարտելով և ֆիզիկական պատրաստվածության վրա աշխատելով:

Իհարկե, հաճելի է, երբ հաղթում ես և մենամարտի վերջում, ի նշան հաղթանակի, ռինգի մրցավարը բարձրացնում է ձեռքդ: Հենց այդ պահից սկսում եմ մտածել հաջորդ մենամարտի մասին: Յուրաքանչյուր մենամարտով փակվում է պատմության էջը և բացվում է նորը՝ հաջորդ հաղթանակը կերտելու ու գրանցելու համար:

Արդեն վերսկսել եմ մարզումներս, պատրաստվում եմ հաջորդ մենամարտին, որը կկայանա 2 ամսից:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու մասին որոշումը կայացրիք Ռիոյի օլիմպիական խաղերից հետո: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Սիրողական բռնցքամարտում բավական երկար ճանապարհ եմ անցել: 25 տարեկանը լավ տարիք է պրոֆեսիոնալ բռնցքամարտ տեղափոխվելու համար: Մարզիկներն այս որոշումը հիմնականում կայացնում են օլիմպիական խաղերից հետո: Միայն մասնակցության համար չէի մեկնել Ռիո, վստահ էի, որ հաջող հանդես գալու և մեդալ նվաճելու բոլոր հնարավորություններն ունեմ: Դեռ փոքրուց ցանկություն եմ ունեցել և նպատակ հանդես գալու պրոֆեսիոնալ ռինգում: Կարծում եմ, որ այդ ժամանակը եկավ օլիմպիական խաղերից հետո: Երբ պրոֆեսիոնալ ռինգում իրականացնեմ նպատակս, կուզենամ մասնակցել և հաղթել Տոկիոյի օլիմպիական խաղերում:

- Սպորտում հաջողության հասնել կարելի է հմուտ և փորձառու մարզիչների շնորհիվ: Ո՞ւմ գլխավորությամբ եք այժմ մարզվում:

- Մարզվում եմ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ղեկավարությամբ: Նա գործի մեծ վարպետ է, սաներին տալիս է տեխնիկատակտիկական գիտելիքների իր մեծ բազան՝ նրանց դնելով ճիշտ ուղու վրա:

Ֆիզիկական պատրաստվածությանս և սննդակարգիս հետևում է Հայաստանի լավագույն մարզիչներից Հովհաննես Ավագյանը: Նա քաջատեղյակ է իր գործին, շատ լավ գիտի, թե ինչ ուղղությամբ է հարկավոր աշխատել:

Պատիվ ունեմ աշխատելու ոլորտի լավագույն մասնագետների հետ: Նրանց շնորհիվ մաքսիմալ պատրաստված եմ մոտենում մենամարտերին: Ամենակարևորն այն է, որ համատեղ աշխատանքի արդյունքը տեսանելի է:

- Սիրողական բռնցքամարտում հանդես գալու մեծ փորձ ունեք: Երեք մենամարտ անցկացրել եք պրոֆեսիոնալ ռինգում: Ձեր գործելաոճում կա՞ն տարբերություններ:

- Պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցնելիք տարածությունն է երկար: Մարզիչս՝ Դավիթ Թորոսյանը, միշտ նշում է, որ հարկավոր է մենամարտն ավարտել այնպես, ինչպես սկսել ես՝ տեմպի տատանում չպետք է լինի: Պարապմունքի ընթացքում 12,14, 16, անգամ մինչև 22 ռաունդ մենամարտում ենք:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը պետք է ճիշտ ժամանակին ճիշտ հարված հասցնի և եթե պետք է՝ այդ մեկ հարվածով ավարտի մենամարտը: Սիրողական բռնցքամարտում մարզիկն ունի ընդամենը 3 ռաունդ: Այդ ընթացքում հարկավոր է հասցնել օգտագործել ողջ արսենալը, կրակել բոլոր փամփուշտներով՝ հաղթանակի նժարը թեքելով դեպի քեզ: Սիրողական բռնցքամարտում պետք է շատ արագ բացահայտել մրցակցի խաղաքարտերը՝ մենամարտը ճիշտ անցկացնելու համար: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում հնարավոր է ռաունդներից մեկը տանուլ տալ, բայց հետո մենամարտն ավարտել հաղթանակով: Այստեղ ճիշտ կողմնորոշվելու ժամանակ կա: Այդ ամենի մեջ մտնում է տեխնիկատակտիկական պատրաստվածությունը: Եթե սիրողական բռնցքամարտում խաղային ոճով եմ մենամարտում, ավելի շարժուն եմ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում էներգիան փորձում եմ խնայել, շարժումները սահմանափակել: Յուրաքանչյուր խնայած շարժում կիրառում եմ ծանր հարված հասցնելու համար:

Բացի այդ, պրոֆեսիոնալ բռնցքամարտում կետրոնանում ենք մեկ հակառակորդի վրա. նայում ենք հակառակորդի մենամարտերը, պարապմունքների ընթացքում մարզչի հետ մշակում ենք տեխնիկական և տակտիկական պլան՝ մենամարտում այդ ամենը կիրառելու համար:

- Սիրողական բռնցքամարտում շատ հաճախ մարզիկը ստիպված է լինում պայքարել ոչ միայն մրցակցի, այլև մրցավարների դեմ: Այս խնդրին հնարավո՞ր է բախվել պրոֆեսիոնալ ռինգում:

- Անարդարություններ, ի տարբերություն սիրողականի, պրոֆեսիոնալ բռնցքամարտում գրեթե չկան կամ շատ հազվադեպ են: Իսկ սիրողական բռնցքամարտում կողմնապահությունը միշտ առկա է: Որոշ մարզիկներ, որոնք ուժեղ են մրցակցից և պետք է կանգնեն պատվո հարթակին, ինչ-ինչ պատճառներով դուրս են մնում պայքարից՝ հայտնվելով դիտորդի կարգավիճակում: Ռիոյի օլիմպիական խաղերում այդ ամենը շատ բացահայտ էր, ինչը նաև իմ հիասթափության պատճառն էր:

Սակայն յուրաքանչյուր հիասթափություն ինձ համար նոր մոտիվացիա է: Նմանատիպ դեպքերից հետո ես կանգ չեմ առնում, այլ մեծ եռանդով շարունակում եմ աշխատել: Խնդիրն էլ մշտապես փնտրում եմ իմ մեջ:

- Պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող մարզիկներն առավել հայտնի են ու ճանաչված երկրպագուների շրջանում: Այս առումով ուշադրությունը կարո՞ղ է խանգարել մարզիկին:

- Ավելի հաճելի է մենամարտել պրոֆեսիոնալ բռնցքամարտում. կազմակերպչական առումով բարձր մակարդակով է անցնում ամեն ինչ: Երկրպագուներն ինձ կնքել են «հայկական մեքենա» մականվամբ (армянская машина): Ինչ խոսք, շատ հաճելի է, նրանց աջակցությունը էապես ոգևորում է: Պրոֆեսիոնալ ռինգում համագործակցում եմ Punchboxing promotion-ի հետ, իմ պրոմոտորներն են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ու Արամ Դավթյանը: Վստահ եմ, որ նրանց գլխավորությամբ շուտով հնարավոր կլինի Հայաստանում մենամարտեր կազմակերպել և հանդես գալ հայ երկրպագուների աջակցությամբ:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: