Հայերեն   English   Русский  

«Ես ոչինչ չգիտեմ կյանքի մասին, սակայն մահու չափ ցանկանում եմ ապրել»․ Ջոնի Դեփ


  
դիտումներ: 2215

Այսօր շոու-բիզնեսի ամենավառ կերպարներից մեկի՝ Ջոնի Դեփի ծննդյան օրն է։

Ջեք ճնճղուկ, Էդվարդ մկրատե ձեռքեր, Սունի Թոդդ...

Էլ ինչքա՞ն բնավորություններ են թաքնված մի մարդու մեջ: Ջոնի Դեփը մեր ժամանակների ամենավառ և արտառոց դերասաններից է: Նրա մասնակցությամբ ֆիլմերը չեն մոռացվում և եթե անգամ պաշտամունքային չեն դառնում ապա անպայման ռեկորդներ են սահմանում: Թվում է, թե նրա խաղն ի վիճակի է անգամ ամենաձանձրալի ֆիլմը դարձնել հիշվող և տարբերվող:

Ջոնի Դեփի հերոսները մռալ ու մոլորված հոգիներ են, ինքնամփոփ միայնակներ, ազատության մարտիկներ, խելագարներ, որոնք չեն վախենում բարձրաձայնել ճշմարտությունը:

Եվ որքան էլ Ջոնին հերքի, սակայն իր խաղացած դերերը բնորոշ են նաև իրեն ՝ ուժեղ բնավորությամբ ու վառ անհատականությամբ ապստամբի:

Իր արտասովոր արտաքինի համար Ջոնին պարտական է իր մոր հնդկական արմատներին: Մայրը ՝մատուցողուհի էր, հայրը ՝ շինարար: Աղքատ ընտանինքն անընդհատ ինչ-որ տեղ էր գնում՝ մի կերպ ծայրը ծայրին հասցնելով: Մշտական տեղափոխություններն ու ընտրության բացակայությունը շատ ազդեցին տպավորվող տղայի վրա:

«Մենք մոտ 30 անգամ տեղափոխվել ենք, այդ պատճառով է երևի, որ մինչև հիմա ես մտքում ճանապարհորդում եմ, անընդհատ զգում եմ, որ ուրիշ տեղ եմ, թվում է, թե ես ամբողջությամբ չեմ այստեղ և հիմա»,-խոստովանել է Ջոնի Դեփը։

Տարօրինակ երեխայից Ջոննի Դեփը մեծացավ բարդ դեռահասի: Առաջին ծխախոտը 12 տարեկանում, ոգելից խմիչք, թմրանյութեր, վանդալիզմ, գողություններ... Եվ իհարկե ռոքն-ռոլլ:

«Անցումային տարիքս աղոտ եմ հիշում. փակվում էի սենյակումս և կիթառ նվագում»,- պատմում է դերասանը:

Ջոնին 15 տարեկան էր, երբ ծնողներն ամուսնալուծվում են: 16 տարեկանում նրան վռնդում են դպրոցից:

Ջոննին The Kids անունով մի խումբ է հավաքում: Երաժշտությունը միակ բանն էր, որով նա ցանկանում էր, նշանակում է` կարողանում էր զբաղվել: Ջոննի Դեպը երբեք չի արել այն, ինչ իրեն դուր չէր գալիս:

«Երաժշտությունն իմ առաջին սերն է եղել։ Այն զգացմունքներն արտահայտելու ամենաարագ միջոցն է: Այն քոնն է, անկեղծ: Կինոյում բոլոր զգացմունքերը իրական են թվում, բայց դրանք արհեստական են: Կինոյում դու խաբում ես»:

Ի դեպ, The Kids խումբը բավականին հայտնի էր: Փառքի հասնելու համար, նրանք տեղափոխվում են Լոս Անջելես՝ հույս ունենալով պայմանագիր կնքել ձայնագրման ստուդիաների հետ: Հետագայում, կորցնելով պայծառ ապագայի հույսերը, խումբը լուծարվում է, և Ջոնին զբաղվում է դերասանական գործով:

Դերասանական արվեստի հանդեպ հետաքրքրությունը Դեփի մոտ առաջանում է մոտ հարսանիքից հետո: 22 տարեկան հասակում նա ամուսնանում է The Kids խմբի դիմահարդարի հետ, որը ծանոթացնում է նրան Նիքլըս Քեյջի հետ։

Վերջինս համոզում է Դեփին հանդիպել իր գործակալի հետ: Սկսվում են քաստինգներ, ինչի արդյունքում Դեփը ստանում է իր առաջին դերը:

Կինոյում Ջոննի Դեփի հաջողության պատճառը տաղանդն էր. ոչ կապեր, ոչ ծանոթություններ, ոչ իմիջմեյքերներ, ոճաբաններ: Նա չէր վազում փառքի և հոնորարների հետևից, ընտրում էր հոգեհարազատ դերեր:Դերասանը մի անգամ ասել է. «Փառասիրությունն ինձ համար հայհոյանք է: Ես նախընտրում եմ սովը: Սոված լինելը զիլ է:

Երազանքներ ու հույսեր ունենալը զիլ է: Սակայն հավակնություննե՞ր: Դա նշանակում է, որ ցանկանում ես հայտնի դառնալ: Ինչի՞ համար»:

Ահա այսպիսի խելառ ու դրական կերպար, շնորհավոր ծնունդդ տաղանդ։

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: