Հայերեն   English   Русский  

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանին


  
դիտումներ: 1921

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը:

ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ:

Արա Բաբլոյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է հատկապես հիմա, երբ աշխարհը ցնցվում է ահաբեկչություններից, եւ այսօր էլ տեղի են ունենում ցեղասպանություններ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ երկրներն այդ ամենին համարժեք գնահատական պիտի տան»:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության զարգացման ուղղությամբ առաջընթացը տեսանելի է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում եւ ընդգծել բարեկամ երկրների արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը Արա Բաբլոյանին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Էրիկաս Պետրիկասը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ շնորհակալություն հայտնել ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովին՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:

Դեսպանն անդրադարձել է Լիտվա-Հայաստան փոխշահավետ համագործակցությանը տնտեսության, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում:

Արեւելյան գործընկերության շրջանակում գնահատելով Հայաստանը որպես օրինակելի երկիր՝ Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր հնարավորություններ եւ շփման եզրեր կստեղծի բարեկամ երկրների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: