Հայերեն   English   Русский  

Ֆրանսիացիները Մակրոնին խոստումներն իրագործելու հնարավորություն են տալիս


  
դիտումներ: 6291

Ֆրանսիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում Մակրոնի կուսակցությունը բացահայտ հաղթանակ է տարել: Ըստ կանխատեսումների` հունիսի 18-ին սպասվող ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի նորաստեղծ «Առաջ» կուսակցությունը կստանա խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 390-450-ը:

Անցած ընտրություններում գրանցվել է ռեկորդային ցածր մասնակցություն: Քվեարկողների 51.29 տոկոսը չի մասնակցել ընտրություններին: Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնն ասել է, որ մասնակցության տոկոսը վկայում է երկրի քաղաքական կյանքի նկատմամբ վստահության ճգնաժամի մասին:

Իսկ քվեարկած քաղաքացիների նախընտրությունների պատկերն այսպիսին է. «Առաջ» կուսակցությունը ստացել է ձայների 32.3 տոկոսը, աջակողմյան Հանրապետական կուսակցությունը` 21.5 տոկոսը, ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատ» կուսակցությունը` 13.2 տոկոսը, ծայրահեղ ձախակողմյան «Անպարտելի Ֆրանսիա» կուսակցությունը` 11 տոկոսը, Սոցիալիստական կուսակցությունն իր դաշնակիցների հետ` 9.5 տոկոսը:

Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ֆրանսիայի քաղաքացիները փոփոխություններ են ուզում և իշխանական համակարգում այլևս չեն ցանկանում տեսնել նախորդ իշխանության հետ առնչություն ունեցող գործիչներին: Ընդ որում, ըստ ԶԼՄ-ների հրապարակումների, շատ դեպքերում քաղաքացիներն ընտրել են Մակրոնի առաջադրած թեկնածուներին` առանց նրանց՝ որպես քաղաքական գործիչների ճանաչելու, պարզապես հաշվի առնելով Մակրոնի կողմից առաջադրված լինելու հանգամանքը: Մրցակիցներից մոտ երկու անգամ ավելի քվեներով է առաջին փուլը հաղթահարել անգամ տարածքային զարգացման նախարար Ռիշար Ֆերանը, որը նախորդ ամիս հայտնվել էր ֆինանսական սկանդալի կենտրոնում, նրա առնչությամբ դատախազությունում նախաքննություն է ընթանում:

Ուշագրավ է նաև, որ «Առաջ» կուսակցության թեկնածուներին ընտրել են կյանքի տարբեր ոլորտներից: Նրանց թվում կան թե՛ ուսանողներ, թե՛ թոշակառուներ, թե՛ մաթեմատիկոսներ, թե՛ ինժեներներ, անգամ մեկ ցլամարտիկ: Թեկնածուներից շատերը նորեկներ են քաղաքականությունում: Ընդ որում, Մակրոնի օգնականները թեկնածուներին ընտրել են էլեկտրոնային փոստին ուղարկված ինքնակենսագրականների հիման վրա: Արդեն իսկ հայտնի է, որ առնվազն 50 պատգամավոր 25-35 տարիքային խմբի ներկայացուցիչ է լինելու, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքական սերնդափոխության մասին:

Շատ մասնագետներ ընտրությունների արդյունքները բնորոշել են որպես «Մակրոնի ցունամի»` մտավախություն հայտնելով, որ կանխատեսումների իրականացման պարագայում խորհրդարանն այլևս բանավեճերի վայր չի լինի: 400 և ավելի քվեներ ստանալու պարագայում Մակրոնի կուսակցությունը կոալիցիա կազմելու անհրաժեշտություն չի ունենա և նախընտրական ծրագրի իրագործումն ու դրանից բխող օրենսդրական փոփոխությունները կիրականացնի առանց խոչընդոտների:

Ուշագրավ է, որ մեկ տարի առաջ հիմնված շարժումը, որն ընդամենը մեկ ամիս առաջ է վերածվել կուսակցության, փոխել է Ֆրանսիայի քաղաքական լանդշաֆտը` հետին պլան մղելով ավանդական երկու կուսակցություն` աջակողմյան հանրապետականներին և ձախակողմյան սոցիալիստներին, որոնք մինչ այս քաղաքական դաշտում ազդեցիկ խաղացողներ էին:

Խորհրդարանում Մակրոնի կուսակցության հիմնական ընդդիմախոսը կդառնա Հանրապետական կուսակցությունը, որը շուրջ 100 տեղ կունենա: Հանրապետական կուսակցությունում, ըստ ԶԼՄ-ների, ներկայումս քննարկում են, թե ինչ դիրքորոշում որդեգրեն Մակրոնի կուսակցության նկատմամբ, կառուցողական ընդդիմությո՞ւն լինեն, թե՞ անհաշտ առճակատում ցուցաբերեն: Հանրապետականի որոշ անդամներ չեն բացառում, որ այդ երկընտրանքը կարող է հանգեցնել կուսակցության պառակտման, մանավանդ որ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ արդեն իսկ պաշտոններ ունեն Մակրոնի կառավարությունում:

Իսկ ահա ներկայումս խորհրդարանում մեծամասնություն (300 մադատ) ունեցող սոցիալիստները կկորցնեն իրենց մանդատների 9/10-րդը` գրանցելով պատմականորեն ցածր արդյունք: Այս կուսակցության մի շարք հայտնի ներկայացուցիչներ, անգամ կուսակցության առաջին քարտուղար Ժան-Քրիստոֆ Կամբադելիսը երկրորդ փուլ չեն անցել, իսկ 2-րդ փուլ անցնելու համար հարկավոր էր ստանալ 12.5 տոկոսից ավելի քվե:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: