Հայերեն   English   Русский  

​Թերեզա Մեյը մնաց, բայց կորցրեց ամուր հենարանը «brexit»-ի բանակցություններում


  
դիտումներ: 3110

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն արտահերթ խորհրդարանական ընտրություններ հայտարարեց` իր իսկ խոսքով «brexit»-ի բանակցությունները վարելու վստահության քվե ստանալու համար: Սակայն ընտրությունների արդյունքներն ավելի խճճեցին իրավիճակը` բանակցություններ վարողներին երերուն հենարան տալով: Պահպանողականները կորցրեցին մեծամասնությունը խորհրդարանում, և Թերեզա Մեյը ստիպված եղավ կոալիցիոն կառավարություն ձևավորել:

Ընտրություններում քվեների 42 տոկոսը ստացել էր Պահպանողական կուսակցությունը, 40 տոկոսը` Լեյբորիստականը: Ընդ որում, լեյբորիստների օգտին առավելապես քվեարկել են երիտասարդները և այն ընտրական տեղամասերը, որոնք հանրաքվեի ժամանակ դեմ են արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:

Ո՛չ պահպանողական Թերեզա Մեյը, ո՛չ լեյբորիստ Ջերեմի Կորբինան չեն պատրաստվում չեղարկել 2016-ի հունիսի 23-ին կայացած հանրաքվեի որոշումը: Սակայն երկու առաջատար կուսակցություններն ունեն տարբեր մոտեցումներ բանակցությունների վերաբերյալ: Պահպանողականները կոշտ դիրքորոշում ունեն` պնդելով, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո միգրացիոն հոսքը ԵՄ երկրներից պետք է սահմանափակվի: Մինչդեռ լեյբորիստները կողմ են, որ ԵՄ-ի հետ հարաբերությունները նույնությամբ պահպանվեն այդ կառույցից դուրս գալուց հետո:

«Ներկայումս Բրիտանիան ավելի քան երբևէ կարիք ունի կայուն և ամուր իշխանությունների, որպեսզի կարողանա հասնել մեր երկրի ու ժողովրդի համար լավագույն արդյունքներով «brexit»-ի համաձայնագրի»,- ասել է Մեյն ընտրություններից առաջ, իր ուղերձում:

Ընտրություններից հետո քաղաքագետներն ասում են, որ ընտրողները վարչապետին զրկել են կոշտ դիրքերից հանդես գալու մանդատից, որի կողմնակիցն են նրա կուսակիցները և նա: Եվ անգամ կայուն կառավարություն ձևավորելու պարագայում բանակցություններում Մեյի դիրքերը թույլ են լինելու, քանի որ պաշտոնական Բրյուսելն աչքի առաջ ունենալու է ընտրությունների արդյունքները:

«Եթե այս ընտրությունները «brexit»-ի մասին էին, ապա կարելի է ենթադրել, որ Բրիտանիան մերժել է տիկին Մեյի կոշտ «brexit»-ը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է բրիտանական քաղաքական դաշտի հնաբնակներից Պեդդի Էշդաունը, որը նախկինում եղել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդը:

Ուշագրավ է, որ ընտրություններին մասնակցելու բարձր ցուցանիշ է գրանցվել` 69 տոկոս: Սա մասնակցության ամենաբարձր ցուցանիշն է 1997-ից ի վեր:

Մեկ այլ ուշագրավ հանգամանք է կանանց ռեկորդային ներկայացվածությունը Համայնքների պալատում, 200 կին պատգամավոր կլինի խորհրդարանում: Այս անգամ մեծ է եղել նաև կին թեկնածուների թիվը` 30 տոկոս՝ նախորդ 26 տոկոսի փոխարեն:

Մեկնարկում են «brexit»-ի բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո Թերեզա Մեյը հայտարարել է, որ «brexit»-ի վերաբերյալ բանակցությունների ժամանակացույցը չի փոխվի և առաջիկա շաբաթվա ընթացքում դրանք կմեկնարկեն:

Մեյը դեռ մարտի 28-ին էր ԵՄ ղեկավարությանը պաշտոնական նամակով տեղեկացրել ԵՄ-ից դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին, ինչի հիման վրա էլ գործողությունների ժամանակացույց էր կազմվել: Նախատեսվում է, որ գործընթացը կտևի երկու տարի:

Քանի որ ԵՄ և Մեծ Բրիտանիայի իշխանությունները տարաձայնություններ ունեն «brexit»-ի համաձայնագրի շուրջ, Մեյը նաև հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը կարող է ԵՄ-ից դուրս գալ առանց որևէ համաձայնագրի: Նա նշել է, որ համաձայնագրի բացակայությունն ավելի նախընտրելի է, քան վատ պայմաններով համաձայնագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: