Հայերեն   English   Русский  

Կարելի է միայն ափսոսալ


  
դիտումներ: 1020

Նեապոլում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Իտալիայի հավաքականի հետ անցկացրած խաղից հետո, որն ավարտվել է 2:2 հաշվով, Հայաստանի ընտրանու և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ցավ է հայտնել, որ մեր թիմն այդ խաղում չի կարողացել հաղթել: Բան այն է, որ մերոնք երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն այդպես էլ չկարողացան առավելության հասնել հեղինակավոր մրցակցի նկատմամբ:

Ի դեպ, ափսոս էր, որ մի շարք լավ խաղացողներով համալրված մեր թիմն ընտրական մրցաշարում վատ արդյունք ցույց տվեց, չարդարացրեց մարզասերների սպասելիքները, ընդ որում, միակն էր, որը պարտվեց ակնհայտ հետնապահ Մալթայի ընտրանուն, այն էլ` սեփական խաղադաշտում:

Իտալիայում անցկացված B խմբի վերջին տուրի խաղում հանդիպման 5-րդ և 70-րդ րոպեներին գեղեցիկ գոլերի հեղինակներ դարձան Յուրա Մովսիսյանը և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Իսկ տանտերերից 25 և 76-րդ րոպեներին աչքի ընկան Ֆլորենցին և Բալոտելլին: Ընդ որում, մերոնք գնդակներ բաց թողեցին մեր պաշտպանների կոպիտ սխալների հետևանքով:

Հանդիպումը դիտարժան էր, երկու թիմերը բաց ֆուտբոլ էին խաղում, կարևորը, որ մերոնք չէին զիջում Եվրոպայի փոխչեմպիոն իտալացիների թիմին, որը մրցաշարում վստահորեն իր համար ապահովել էր առաջին տեղը: Փաստը խոսուն է և վկայում է այն մասին, որ մերոնք կարող էին խմբից դուրս գալ և պայքարը շարունակելու իրավունք ստանալ:

Հայաստանի հավաքականում մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ կան, որոնք, գրավելով դարպասը,կարող են ցանկացած մրցակցի տրամադրությունը փչացնել: Այլ հարց է, թե հաջողության հասնելու համար ինչպես է օգտագործվում այդ ներուժը:

Ի դեպ, Վարդան Մինասյանի գլխավորած թիմն այս մրցաշարում 4 անընդմեջ պարտություն էր կրել` կրկնելով նախկինի չարաբաստիկ ռեկորդը: Եվ եթե մեր երկրի հավաքականի նախկին գլխավոր մարզիչներ Բեռնար Կազոնին, Հենկ Վինսմանը, Յան Պոուլսենն այդպիսի ձախողումներից հետո ազատել էին զբաղեցրած պաշտոնը, ապա Մինասյանի ներկայացրած հրաժարականը մերժել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և ՀՖՖ-ի գործկոմը:

Մինչդեռ երկու կարծիք լինել չի կարող, որ Հայաստանի հավաքականին ավելի բարձրակարգ մարզիչ է պետք, նաև այնպիսի մեկը, որն ինքնուրույն կարող է որոշել, թե ով կարող է հրավիրվել հավաքական: Գաղտնիք չէ, որ ունենք տարբեր երկրներում խաղացող հայ ֆուտբոլիստներ, որոնք ավելի բարձր կարգ ունեն, քան Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կրողներից ոմանք: Բայց ավելի արժանավորները տարբեր պատճառներով սև ցուցակ են ընկել, իսկ Մինասյանը չի հանդգնում նրանց հրավիրել թիմ: Ստացվում է, որ հավաքականը ոչ թ համազգային է, այլ` սեփականաշնորհված:

Ինչևէ, միայն աշխարհի առաջնության ավարտից հետո կխոսվի հավաքականի մասին, այսինքն` երբ օրակարգային կդառնա Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի մասնակցության հարցը: Իսկ առայժմ հայկական ֆուտբոլում տևական պարապուրդ է սպասվում, քանի որ մեր երկրի ակումբային ֆուտբոլն այնքան ցածր մակարդակ ունի, որ գրեթե հետաքրքրություն չի ներկայացնում:

Այսպիսով, ընտրական մրցաշարերի արդյունքով որոշվել են Բրազիլիայում 2014-ին կայանալիք աշխարհի առաջնության եզափակիչ փուլի 32 մասնակիցներից 21-ը: Ուղեգրեր ունեն հետևյալ երկրների հավաքականները` Բրազիլիա (կազմակերպիչ), Ճապոնիա, Ավստրալիա, Իրան, Կորեա, Հոլանդիա, Իտալիա, Կոստա Ռիկա, ԱՄՆ, Արգենտինա, Բելգիա, Շվեյցարիա, Գերմանիա, Կոլումբիա, Ռուսաստան, Բոսնիա- Հերցեգովինա, Անգլիա, Իսպանիա, Չիլի, Էկվադոր, Հոնդուրաս: Եվրոպայից ևս 4 մասնակից կորոշվի անցումային խաղերից հետո:

Վիճակահանությունը կկատարվի հոկտեմբերի 21-ին: Խաղերն անցկացվելու են նոյեմբերի 15-ին և 19-ին: Դրանց կմասնակցեն Պորտուգալիայի, Հունաստանի, Խորվաթիայի, Ուկրաինայի, նաև Ֆրանսիայի, Շվեդիայի, Ռումինիայի, Իսլանդիայի հավաքականները:

Բացի այդ, ևս 5 մասնակից կլինի Աֆրիկայից: Ուրուգվայի հավաքականը, որը Հարավային Ամերիկայի մրցաշարում 5-րդն է ճանաչվել, անցումային խաղ կանցկացնի Հորդանանի ներկայացուցիչների հետ: Մեքսիկայի հավաքականն էլ կմրցի Նոր Զելանդիայի թիմի հետ:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: