Հայերեն   English   Русский  

Թուրքիան կրակել է Սիրիայում քրդական զինյալների դիրքերի ուղղությամբ


  
դիտումներ: 689

Թուրքիայի զինված ուժերը պատասխան կրակ են բացել Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների դիրքերի ուղղությամբ: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթի կայքը:

Ըստ թուրքական թերթի՝ հունիսի 27-ի երեկոյան քրդերը խոշոր տրամաչափի գնդացիներով կրակել են սահմանին թուրքական զինվորների ուղղությամբ: Դրան ի պատասխան՝ թուրքական հրետանին ավելի քան 20 ռումբ է բաց թողել Աֆրին քաղաքի շրջանում գտնվող YPG-ի դիրքերի ուղղությամբ: Թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են կրկին կրակ բացել:

Մայիսի սկզբին Միացյալ Նահանգների վարչակազմը հաստատել էր Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»-ին զենք մատակարարելը: Վերջիններս մտնում են «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի զինված կոալիցիայի կազմում, որն էլ պայքար է մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման դեմ:

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթթիսը խոստացել է «ամեն ամիս Անկարային տեղեկացնել բոլոր մատակարարումների մասին»: Նա թուրքական կողմին վստահեցրել է նաև, որ քրդերին տրամադրված զենքերը «Իսլամական պետության» պարտությունից հետո վերադարձվելու են Միացյալ Նահանգներ: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի որոշումը «լուրջ սխալ» է անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: