Հայերեն   English   Русский  

Յոահիմ Լյով. «Շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը»


  
դիտումներ: 1058

Այս օրերին Գերմանիան ցնծում է: Ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը Բրազիլիայից վերադարձել է հայրենիք: Գերմանացի խաղացողներին դիմավորում են ինչպես ազգային հերոսների: Ուր որ նրանք են գնում` մի քանի հարյուր հազար ֆուտբոլասեր է հավաքվում:

Հիշեցնենք, որ Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում կայացած եզրափակչում Գերմանիայի հավաքականը լրացուցիչ խաղաժամանակում, Մարիո Գյոտցեի խփած գոլի շնորհիվ, հաղթել է արգենտինացիներին և 24 տարվա ընդմիջումից հետո դարձյալ հռչակվել աշխարհի ուժեղագույն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ուշադրության կենտրոնում էր պահում առաջնությունը: Նա ներկա էր ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը, և երկրորդ անգամ Բրազիլիա է ժամանել, որպեսզի հետևի եզրափակչի ընթացքին: Գերմանիայի ղեկավարը վարձահատույց եղավ, ազգային թիմի ֆուտբոլիստները նրան հուսախաբ չարեցին:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան, որպես պարգև, Գերմանիայի հավաքականին կհանձնի 35 մլն դոլար:

Առաջնությունն ուշագրավ էր գերմանացիների համար նաև այն առումով, որ այդ երկրի հավաքականի փորձառու խաղացող Միրոսլավ Կլոզեն, կիսաեզրափակչի` Բրազիլիայի հավաքականի հետ խաղում գոլի հեղինակ դառնալով, աշխարհի առաջնություններում իր 16-րդ գնդակը խփեց: Այսպիսով, իտալական «Լացիոյի» հարձակվողը դարձավ աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ մեկ գնդակով առաջ անցնելով բրազիլացի Ռոնալդոյից:

Ի դեպ, երկար ժամանակ է, ինչ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը վստահվել է Յոահիմ Լյովին, սակայն նրա թիմը չէր կարողանում լուրջ հաջողությունների հասնել: Եվ ահա, մարզչի օգնությամբ Գերմանիայի հավաքականը բարձունքին է:

Ընդ որում, Լյովը հայտնել է, որ իր թիմը կշարունակի ձգտել հաղթանակների:

«Աշխարհի չեմպիոնի տիտղոսը վստահություն է ներշնչում մեզ: Հիանալի հեռանկարներ ունենք և փայլուն ապագա: Այժմ մեր նպատակն է դառնալ Եվրոպայի 2016-ի առաջնության չեմպիոն: Կարծում եմ` շուտով կսկսվի գերմանական ֆուտբոլի դարաշրջանը: Հաստատ գիտեմ, որ մենք կանգ չենք առնի և կշարունակենք նոր նվաճումների ձգտել»,- ասել է նա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: