Հայերեն   English   Русский  

​Ուրարտուն հայկական թագավորություն է․ գիտական հիմնավորումներ՝ միավորված մեկ ֆիլմում


  
դիտումներ: 26922

Ինը տարի տևած նկարահանումների արդյունքում հանրությանն է ներկայացվել պատմաբան Արտակ Մովսիսյանի և ռեժիսոր Արտակ Ավդալյանի

«Արարատ-Ուրարտու թագավորությունը» պատմա-վավերագրական ֆիլմը։ Այն ցուցադրվել է հեռուստատեսությամբ, այժմ հասանելի է նաև համացանցում։ Ակնկալվում է, որ առաջիկայում ֆիլմը հասանելի կլինի նաև մի քանի օտար լեզուներով։

Ֆիլմը կոչված է լույս սփռելու հայոց պատմության՝ մինչ օրս ինչ-ինչ պատճառներով վիճելի համարվող էջի վրա՝ փաստերի և գիտության լեզվով մերժելով XX դարի 30-ականներից հետո տարածված տեսակետը, թե Ուրարտուն հայկական պետություն չէր։

Ընդհանուր 120 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է Արարատ-Ուրարտուի ստեղծման պատմությունը, տարբեր անունների հիշատակման սկզբնաղբյուրները, ուրարտական արքաների նվաճողական քաղաքականությունը և արդյունքները՝ այդ ամենը հիմնավորելով հնագիտական փաստերով և տեղացի ու օտարերկրացի գիտնականների մեկնաբանություններով։

Ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Արևմտյան Հայաստանում, Իրանի շուրջ 30 հնավայրերում, ինչպես նաև Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Ուրմիա քաղաքի հնագիտական թանգարանում, «Բեհեսթուն» հնավայր-արգելոցում, հայաստանյան մի շարք թանգարաններում։

«Հայաստանի հազարամյակների պատմության մեջ առանձնահատուկ դեր է խաղացել Վանի թագավորությունը՝ Արարատ-Ուրարտուն՝ դառնալով հայոց պատմության առաջին համահայկական թագավորությունը»,- ասում է ֆիլմի հեղինակ Արտակ Մովսիսյանը՝ հավելելով, որ ֆիլմում ձգտել են պատասխանել այն հարցերին, թե ինչ էթնիկ բնութագիր ուներ Վանի թագավորությունը և արդյոք Հայկական լեռնաշխարհի հնագույն այդ քաղաքակրթության հիմնադիրները հայեր էին։

Նյութը հանրամատչելի ու հավաստի կերպով ներկայացնելու համար ֆիլմի հեղինակը հարցազրույցներ է ունեցել ութ հայազգի և ութ օտարերկրացի գիտնականների հետ, որոնք ներկայացնում են Արարատ-Ուրարտու թագավորության տեղն ու դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ։

Ֆիլմում իրենց տեսակետն են հայտնում Լոնդոնի թանգարանի սեպագրության բաժնի ղեկավար Իրվինգ Ֆինքելը, Իտալիայից Միրյո Սալվինին, Գերմանիայից Գերնոթ Վիլհելմը, ԱՄՆ-ի Բերկլիի համալսարանից Դևիդ Ստրոնախը, որը երկար տարիներ պեղել է Էրեբունին, ֆրանսիացի գիտնական Ֆրանսուա Ֆիշեն, որ նույնպես մասնակցել է Էրեբունու պեղումներին։

Ֆիլմի առաջին մասում հեղինակը ներկայացնում է Հայաստանի մասին հիշատակումները հնագույն գրավոր աղբյուրներում, անդրադառնում սեպագրերում ա-ու հնչյունափոխությանը, ինչի հետևանքով առկա են երկրի անվանման Արարատ, Ուրարատ և Ուրարտու ձևերը։ Շեշտվում է, որ հնագույն գրավոր արձանագրություններում Ուրարտու անվանումն ավելի երկար ժամանակահատվածում է կիրառվել, քան Վանի թագավորության պատմությունն է։

Ֆիլմի երկրորդ մասում ներկայացվում է Վանի թագավորության զարգացումն ու հզորության գագաթնակետին հասնելը։ Ֆիլմում հեղինակը վերլուծում է Արարատյան թագավորության արքաների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը և վկայակոչում ասածի գրավոր սկզբնաղբյուրները։ Ապա անդրադարձ է կատարվում Վանի թագավորության անկմանը, պատմական նյութերի սակավությանը և փորձ է արվում ընդհանրացնել պատկերն առկա նյութերի հիման վրա։ Հեղինակը, մեջբերելով ժողովրդական բանահյուսությունը, հիշեցնում է, որ ուրարտական արքաների բոլոր նշանակալի գործերը ժողովրդական ստեղծագործություններում վերագրվել են Շամիրամին, հետևաբար բացառված չէ, որ Շամիրամի վախճանն էլ հենց ուրարտական վերջին արքայի վախճանի ընդհանրացումն է՝ տեղի ունեցած հեղաշրջման դրսևորումը։

Ֆիլմի երրորդ մասում ներկայացվում է Արարատ-Ուրարտու թագավորության պետական կառուցվածքը, տարբեր ծիսակարգերը, արքայի թագադրման արարողությունը։ Ուշագրավ է, որ հայոց արքաների համար պարտադիր պայման են եղել թագադրվելուց հետո այգի հիմնելը՝ ի նշան հոգածության իր երկրի հանդեպ, արշավելն ամենամոլի թշնամու դեմ և տաճար կառուցելը։ Ներկայացվում են նաև բանակի կառուցվածքը, զինատեսակները, ինչպես նաև հնագույն հայկական դիցարանը։

Արտակ Մովսիսյան

Ֆիլմի չորրորդ՝ նախավերջին մասում մանրակրկիտ անդրադարձ է կատարվում Արարատ-Ուրարտու թագավորության գրային համակարգին։ Մովսիսյանը նաև հիմնավորում է, որ Վանի թագավորության մեհենագրության լեզուն եղել է հնագույն հայերենը։

Անդրադարձ է կատարվում երկրում գործած գրային համակարգերին, դրանց տեղական առանձնահատկություններին։

«Պետությունը կարելի է կոչել միայն այն էթնոսի անունով, որի քաղաքական շահերն էր այն ներկայացնում։ Իսկ Արարատ-Ուրարտու թագավորությունը միանշանակորեն ներկայացրել է հայ էթնոսի շահերը, որի միասնական իշխանությունն ապահովվեց ողջ թագավորության տարածքում ոչ միայն այդ պետության ժամանակաշրջանում, այլև դրան հաջորդած հազարամյակներում»,- ասում է հեղինակը՝ անդրադառնալով Արարատյան թագավորության բնակիչների էթնիկ պատկանելությանը։

Ֆիլմի վերջին մասում ներկայացվում է արհեստագործությունն ու արվեստը Վանի թագավորությունում։ Ներկայացվում ու մեկնաբանվում են պեղված գործիքները, զարդերը, որմնանկարները։ Հատկապես ուշագրավ է մետաղագործությունը․ պեղված զարդերը զարմացնում են իրենց հղկվածությամբ։ Ուրարտուում զարգացած է եղել նաև երկաթի մշակույթը, չնայած նույն ժամանակահատվածում, ինչպես հեղինակն է նշում, աշխարհի մեծ մասում երկաթը դեռևս անհայտ մետաղ էր։

«Բացառիկ է եղել Ուրարտուի մետաղամշակությունը»,- փաստում է նաև հնագետ Հակոբ Սիմոնյանը։

Անդրադարձ է կատարվում նաև տնտեսությանը։ Նշվում է, որ զարգացած է եղել այգեգործությունը, որի համար ոռոգման համակարգեր են կառուցվել։ Զարգացած է եղել նաև գինեգործությունը, որի ապացույցը նաև Արենիում գտնված հնագույն կարասն է։

Հինգ մասերից բաղկացած ֆիլմը համապարփակ ներկայացնում է Արարատ-Ուրարտու թագավորությունը՝ կյանքի տարբեր կողմերով։ Եվ տարբեր աղբյուրներից բերված այդքան վկայություններից հետո դժվար է դրանք անտեսել ու մտածել, որ Ուրարտուն հայկական պետություն չի եղել։

Անդրադառնալով այն խնդրին, որ դեռևս կան մարդիկ, որոնք ընդունում են Ուրարտուի ոչ հայկական լինելու վարկածը, Մովսիսյանն ասում է, որ ֆիլմը հիմնավորումներով տալիս է այդ հարցի պատասխանը։ Եթե այդքանից հետո էլ կլինեն մարդիկ, որոնք կպաշտպանեն այդ վարկածը, ապա դա իրենց ընտրությունն է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: