Հայերեն   English   Русский  

​ԷՖԹԱՆԱԶԻԱ. ՕՐԻՆԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


  
դիտումներ: 6072

Անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն ցավերից ազատելու համար կյանքից օրինական զրկելը կոչվում է «էֆթանազիա»: Այս տերմինը բժշկական է, որ հունարենից թարգմանաբար նշանակում է՝ «լավ մահ»: Առաջին անգամ XVI դարում «էֆթանազիա» տերմինն օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը էֆթանազիան մեծ տարածում ուներ հատկապես եվրոպական երկրներում, սակայն նացիստների որոշ գործողություններ վարկաբեկեցին այն:

Մարդկության պատմությանը հայտնի է համաշխարհային հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի կյանքի որոշումը: 1939 թ. սեպտեմբերի 23-ին Լոնդոնի իր բնակարանում Ֆրեյդն իր ազատ կամքն արտահայտեց բժիշկներին և էֆթանազիայի ենթարկվեց՝ քաղցկեղի ցավերից չտառապելու համար:

ԷՖԹԱՆԱԶԻԱՆ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Շարունակել տառապե՞լ, թե՞ հանգիստ մահանալ. այս խնդրի առջև կանգնած են աշխարհի տարբեր երկրների հիվանդանոցներում տեղավորված այն անբուժելի հիվանդները, որոնց ապրելը, բժիշկների գնահատմամբ, առավելագույնը շաբաթների հարց է:

Էֆթանազիան կիրառվում է մի քանի դեպքերում: Այդ դեպքերից ամենաանխոցելին թերևս հիվանդի ինքնուրույն կամքի արտահայտումն է, իսկ երբ հիվանդը չի կարողանում ազատ արտահայտել իր կամքը՝ այդ որոշումը վերապահված է հիվանդի հարազատներին և բժշկական հանձնաժողովին:

Երկրորդ դեպքում բժիշկներն ու հիվանդի հարազատները կանգնում են բարոյականության և իրականության երկընտրանքի ճանապարհին. հիվանդ հարազատին տառապանքներից ազատելն արդյոք բարությո՞ւն է:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով Էֆթանազիայի կիրառումը մեր երկրում արգելվում է: Հիշյալ հոդվածը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում արգելվում է Էվթանազիան` պացիենտի խնդրանքով նրա մահվան արագացումը որևէ գործողությամբ և միջոցներով: Այն անձինք, ովքեր պացիենտին գիտակցաբար դրդում են Էվթանազիայի կամ իրականացնում են այն, կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Իրավաբան Արման Կիրակոսյանն ուսանել է Եվրոպայում և լավ գիտի եվրոպական երկրների գործող օրենսդրությունը, սակայն վստահեցնում է, որ մեր երկրում էֆթանազիայի արգելքը բժշկական սխալից պաշտպանվելու միտում ունի:

«Եվրոպական որոշ երկրներում, այո՛, Էֆթանազիան կիրառվում է: Այդ որոշումը կայացնելն այնքան էլ հեշտ գործընթաց չէ: Ամեն դեպքում բժիշկներն ամեն ինչ անում են հիվանդի կյանքը փրկելու համար,- ասում է նա:- Որքանով է մեր պետությունը կարողանալու ապահովել, որ կամայականություններ չլինեն: Սա դժվար վերահսկվող գոտի է, և պետությունները միշտ չէ, որ ողջունում են բժշկական այս միջամտությունը»:

Այն հարցին, թե արդյոք կյանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդությունից ազատվելը մարդու իրավունքը չէ՞, ասում է. «Հարցին միանշանակ պատասխանելը դժվար է: Հիվանդն իրավունք ունի ցավերից ազատվելու. դրա համար պետությունները նշանակում են առանձին դեղամիջոցներ, երբեմն ծանր տառապանքները թեթևացնելու համար, բժշկի ցուցումով, անգամ նշանակում են թմրամիջոցներ, բայց մարդուն կյանքից զրկելը իրավաբանորեն կարող է դիտարկվել որպես առանձնապես ծանր հանցագործություն»:

Քրիստոնեությունը նույնպես մերժում է էֆթանազիայի կողմնակիցների տեսությունը: Հոգևոր հայրերն այս հարցի հոգևոր կողմին են անդրադառնում՝ նշելով. «Բժիշկը կամ առհասարակ որևէ մեկն ավելի գթասիրտ չէ, քան նա, ով մարդկային էակին արարել է: Աստված մարդուն կյանք է տվել և նա էլ կանխորոշված ժամկետում այն նրանից վերցնում է»:

«ԵՍ ՈՐՈՇԵՑԻ ՀՈՐՍ ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ»

1990-ականների սկզբներից Հակոբ Սարգսյանը (անունը փոխված է իր իսկ խնդրանքով-հեղ.) ընտանիքի հետ մեկնել է նախ ԱՄՆ, ապա որոշ ժամանակ անց՝ Եվրոպա: Սարգսյանների ընտանիքում կյանքը ժամացույցի սլաքով էր ընթանում, սակայն 2005 թ. այն կանգ առավ: Երբ Հակոբ Սարգսյանի հայրը բժշկական հաստատությունում հերթական անգամ ստուգում անցավ, բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին քաղցկեղ:

- Ես բժիշկ չեմ, սակայն այս ընթացքում բավական գիտելիքներ ստացա: Բժշկական գրքեր էի կարդում, ինտերնետից նյութեր հավաքում հորս հիվանդության մասին: Եվ պարզեցի մի բան. քաղցկեղն ամենաարագ տարածվող հիվանդությունն է, չնայած այսօր արդեն հնարավոր է որոշ եղանակներով երկարացնել մարդու կյանքը կամ բուժել նրան,- ասում է Հակոբ Սարգսյանը:- Օր - օրի զգում էի, որ հորս վիճակը շատ ծանր է: Դա հոգեբանորեն ազդում էր ոչ միայն ինձ վրա, այլև ընտանիքիս անդամների:

Ամիսներ շարունակ Հակոբ Սարգսյանի հայրը հիվանդանոցում էր. սկզբնական շրջանում բժիշկները հույս էին տվել, որ հայրը կապաքինվի և կվերադառնա կյանք:

- Եվրոպայում մարդու հոգեվիճակը մի քիչ այլ է: Այստեղ դու բժշկի նկատմամբ վստահություն ունես ու տեսնում ես, որ անշահախնդիր աշխատում է՝ կատարելով իր մասնագիտական առաքելությունը,- նշում է Հ. Սարգսյանը:- Եվ մի օր բժիշկն ինձ ասաց, որ հորս վիճակը ծայրահեղ ծանր է, և արգելեց տեսակցությունները: Բժիշկն ասաց, որ հորս ապրելու շանսեր չկան: Այս տեսակետին նա հանգեց, երբ սպառվել էին արդեն հորս բժշկական օգնություն տրամադրելու բոլոր հնարավորությունները: Այլևս որևէ դեղամիջոց չէր մեղմում նրա ցավերը:

Հակոբ Սարգսյանը շարունակում է խորհրդակցել տարբեր բժիշկների հետ, հոր հիվանդության ախտորոշումների տեղեկանքներն ուղարկում է տարբեր երկրների առաջատար մասնագետներին, սակայն բոլորն էլ միաբերան կրկնում են, որ պայքարելու որևէ հնարավորություն չկա: Տեղի խոշոր կլինիկաներից մեկի բժիշկը Հ. Սարգսյանին առաջարկում է դիմել էֆթանազիայի և ազատել հորը աննկարագրելի տառապանքներից:

- Երկար մտածմունքներից հետո ես թույլատրեցի, որ հորս էֆթանազիայի ենթարկեն... Չգիտեմ՝ ճիշտ որոշում էր, թե ոչ, բայց մի բան գիտեմ՝ անգիտակից մարդը տառապում էր աննկարագրելի ցավերից,- եզրափակեց Հակոբ Սարգսյանը:

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Խոցելի խմբերով և փախստականների հարցերով զբաղվող հոգեվերլուծաբան Լիլիթ Կարապետյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ թեպետ մարդիկ շատ տարբեր են և անհնար է վերլուծել բոլորի խնդիրները, սակայն էֆթանազիան կարող է միավորել բոլորին. մարդը շատ դժվարությամբ կարող է գնալ այդ քայլին:

- Յուրաքանչյուր մարդ սիրում է ապրել, ուզում է ապրել, օգտվել կյանքի բարիքներից և վախենում է մահանալուց: Մարդը, որ անբուժելի հիվանդ է և տառապում է ցավերից, որքան էլ ուզում է ազատվել ցավերից էֆթանազիայի միջոցով, միևնույն է, նա չի գիտակցում, որ կյանքն իր համար ավարտվելու է,- ասում է հոգեվերլուծաբանը,- առավել բարդ և իսկապես հոգեբանական լուրջ խնդիրների առաջ կարող է կանգնել հիվանդի հարազատը, որ երաշխավորում է էֆթանազիայի կիրառումը:

Մասնագիտական փորձով Լիլիթ Կարապետյանը հաճախ է «առերեսվել» այս խնդրի հետ, որոշ դեպքերում հաջող աշխատանքներ կատարել է, պատահել են նաև ահասարսուռ դեպքեր:

- Էֆթանազիան երաշխավորող հարազատը հաճախ ինքն է հոգեբանական լուրջ ապրումներ ունենում: Շատ դեպքերում խնդիրը կարող է բարդանալ և թեքվել դեպի հոգեբուժություն: Պատահել են հաճախորդներ, որոնք այդ որոշումը կայացնելուց հետո հոգեկան հիվանդ են դարձել, եղել են ինքնասպանության փորձեր կատարած մարդիկ,- նշում է Լ. Կարապետյանը,- այսպես ասած, հաջողված դեպքեր լինում են, բայց դրանք շատ չեն: Մարդուն, ամեն դեպքում, մի հարց է տանջում. արդյոք սպանե՞ց, թե՞ փրկեց իր հարազատին... Եվ հենց այս հարցի պատասխանը ստանալու համար շատերը հոգեբանական լուրջ խնդիրների առաջ են կանգնում, կայացրած «անարդար» որոշումը հանգեցնում է երբեմն ինքնասպանության փորձերի:

ԷՖԹԱՆԱԶԻԱՅԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ

Էֆթանազիայի համոզված կողմնակից էր Ամերիկայում հայազգի բժիշկ Ջեք Գևորգյանը, որն առավել հայտնի էր «բժիշկ մահը» անունով: Ջեքը պայքարում էր Էֆթանազիայի օրինականացման համար: 1990-1998 թթ. նա 130 հիվանդի օգնել է հեռանալ կյանքից: Էֆթանազիա կիրառելու համար 1999 թ. Ջեք Գևորգյանը դատապարտվեց 10-25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007 թ.):

Մինչ այս բանտարկությունը բժիշկ Գևորգյանը մի քանի անգամ կանգնել է ԱՄՆ-ի արդարադատության առջև: Ամերիկայի իրավապահները նրան կասկածում էին կյանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող անձանց ինքնասպանություններին օժանդակելու մեջ, սակայն նրան առաջադրված մեղադրանքները չէին հիմնավորվում անբավարար ապացույցների պատճառով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: