Հայերեն   English   Русский  

Արցախի նախագահ է ընտրվել Բակո Սահակյանը


  
դիտումներ: 8601

Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում այսօր՝ հուլիսի 19-ին, Բակո Սահակյանն ընտրել է հանրապետության նախագահի պաշտոնում:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել է 32 պատգամավոր, որոնցից Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 28 պատգամավոր: Մյուս թեկնածուն՝ «Շարժում 88» խմբակցության ղեկավար, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանի օգտին քվեարկել է 4 պատգամավոր:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները խորհրդարանում հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ռոմելա Դադայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ «Շարժում–88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը։

ԼՂՀ ԱԺ երեք խմբակցություններ՝ «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ «Դաշնակցություն» խմբակցությունները հայտարարել էին, որ սատարում են գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020 թթ. երկրի համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: Այդ ընթացքում երկրի օրենսդրությունն ու կառավարման կարգը պետք է համապատասխանեցվեն նախագահական կառավարման մոդելին:

2020 թ-ին` Արցախում անցումային շրջանի ավարտից հետո, համաժողովրդական քվեարկությամբ կընտրվի ինչպես նախագահ, այնպես էլ` նոր խորհրդարան: Ընտրությունների նման նախադեպ Արցախում եղել է 1995 թ-ին:

Ըստ այդմ, ընտրված թեկնածուն իր պաշտոնը ստանձնում է գործող նախագահի լիազորությունների ավարտման օրը: Պաշտոնի ստանձնման օրվանից սկսած՝ 20 օրվա ընթացքում, նորընտիր նախագահը պետք է ձեւավորի կառավարություն եւ հայտարարի կառավարության կազմը՝ ի տարբերության նախորդ հետընտրական զարգացումների, երբ խորհրդարանը մասնակցում էր կառավարության ձեւավորմանը: Կառավարության կազմավորումից հետո 20- օրյա ժամկետում նորընտիր նախագահը հրապարակում է կառավարության գործնեության ծրագիրը:

Կենսագրություն

Բակո Սահակյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում:

1977թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1978-80թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1981թ. ընդունվել է աշխատանքի Ստեփանակերտի թիվ 9 արտադրական մեքենայացված կոմբինատում` որպես փականագործ-մեխանիկ: Աշխատել է Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատում` որպես քարջարդ բանվոր:

1983-1987թթ. աշխատել է հնությունների վերականգնման գիտական վարչության Ստեփանակերտի մասնաճյուղում` որպես վարպետ-ռեստավրատոր:

1987-1990թթ. աշխատել է մատակարարման մարզային վարչությունում` որպես մատակարար:

1988 թվականից Արցախյան շարժման առաջամարտիկներից է:

1990 թ. ընդգրկվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերում:

1992-1993թթ. - ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի պետի տեղակալ:

1993-1995թթ. - ԼՂՀ ՊԲ թիկունքի շտաբի պետ:

1995-1996թթ. - ԼՂՀ ՊԲ հրամանատարի` արտաքին կապերի գծով տեղակալ:

1996-1997թթ. - ԼՂՀ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ:

1997-1999թթ. - Հայաստանի Հանրապետության ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի օգնական:

1999-2001թթ. - ԼՂՀ ներքին գործերի նախարար:

2001 -2007թթ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետվարչության պետ, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

2007թ. սեպտեմբերի 7-ից - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ:

Պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և Ռուսաստանի Դաշնության «Պետրոս Մեծ» 1-ին աստիճանի շքանշաններով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի, ՀՀ «Վազգեն Սարգսյան» եւ այլ մեդալներով:

Հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության, պաշտպանության եւ օրինապահպանության հարցերով ակադեմիայի իսկական անդամ:

Ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: